Արմեն Մարտիրոսյան. Դրանք իմիտացիոն քայլեր են

«Ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարութունները միայն մի նպատակ ունեն՝ այս լարված իրավիճակը հնարավորինս շուտ անցկացնել, այդ թվում՝ Կառավարության հրաժարականն ու վարչապետին պաշտոնանկ անելը: Ես համոզում ունեմ, որ երբ հասարակությունը տեսնի, որ քաղաքական ուժերը չեն շարունակում պայքարը, այսքանով ավարտվում է, վիճակը մի փոքր կայունանալուց հետո իշխանությունն ավելի մեծ ծավալով գրոհ է կազմակերպելու և´ հասարկության, և´ ընդդիմության վրա, ու 2017թ. ընդառաջ այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ պայքարող զանգված այլևս երկրում չմնա, իրենք իրենց ցանկացած ընտրությունը 2017թ. իրականցնեն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և որևէ բարեփոխում, որևէ քայլ երկրի զարգացման ուղղությամբ չարվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը, որ այլևս չի առաջադրվելու ՀՀ նախագահ կամ վարչապետ:

Ըստ Ա.Մարտիրոսյանի՝ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ թեկուզ ազգային շահի, պետական շահի գնով, թեկուզ անձանց կամ քաղաքական ուժերի հաշվին, հնարավորինս երկարաձգեն իշխանությունը և ամենակարևորը՝ իրենք այս լարված իրավիճակից հնարավորինս դուրս գան:

«Այդ իմիտացիոն քայլերը, չեմ կարծում, որ որևէ բան կտան երկրին»,- շեշտեց Ա.Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ պառլամենտական կառավարման համակարգի մասին խոսակցություն կա, բայց դրան դեռ չենք անցել, ոչ էլ հանրաքվե է եղել. «Եթե 3.5 տարի բանակցում ենք Ասոցացման պայմանագրի շուրջ, հետո 2 ժամվա ընթացքում պարզվում է՝ մեր մանկության երազանքը եղել ՄՄ մտնելը, ի՞նչ մի բարդ բան է, որ հանրաքվեի միջոցով պարզվի, որ հասարակությունը նախընտրում է գործող համակարգը և ոչ թե պառլամենտականը: Այդտեղ որևէ խնդիր չկա, ինչ նպատակահարամար գտնի, այն էլ կանի իշխանությունը: Եվ բոլորովին կարևոր չէ, թե ինչ կառավարման համակարգ է. ընտրությունները միշտ էլ կարելի է կեղծել, առավել ևս՝ երբ դրա համար պարարտ հող է ստեղծվում: Եթե իշխանության ներկա ֆորմատը շարունակի պաշտոնավարել, մինչև 2017-18 թթ.՝ պարարտ հող կստեղծեն, և ընտրություններն իրենց ցանկացած հունով կտանեն: Նույնիսկ քվեագողության կարիքն էլ չի լինի, և միայն ադմինիստրատիվ ռեսուրսը բավական կլինի ցանկալի արդյունքը գրանցելու համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս