Սերժ Սարգսյանն առաջարկում է կիսել իշխանությունը. առհավետ

Հայաստանի ճահճացած ու իներցիոն քաղաքական դաշտում վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ավելի բուռն ու արագ գործընթացներ տեղի ունեցան, քան անցած մի քանի տարիներին՝ միասին վերցրած: Վարչապետի հրաժարականն ու նոր վարչապետի նշանակման սպասումը խամրեցին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հրապարակած հայեցակարգի ու այն ընդունելուց հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների ֆոնին, որոնք մի քանի շերտեր ու երանգներ են պարունակում:
Նախ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար:

Այս հայտարարությունը միանգամայն այլ նշանակություն կունենար, եթե հնչած լիներ երեկ, անգամ՝ այսօր առավոտյան: Սակայն Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հրապարակումից հետո այդ հայտարարությունը միանգամայն այլ իմաստ է ստանում, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, նոր կառավարման համակարգում նախագահին վերապահվելու է խորհրդանշական դեր:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ուղիղ հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում ու չի ցանկանում դառնալ ներկայացուցչական նախագահ: Բայց շատ ավելի ուշագրավ է վարչապետ դառնալու մասին Ս. Սարգսյանի ձևակերպումը. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Այսինքն՝ նա, ինչպես նախագահի պաշտոնի պարագայում, վարչապետի պաշտոնի առնչությամբ հստակ, չոր, աներկբա չի ասում՝ չեմ դառնա վարչապետ: «Չեմ հավակնի»,- ասում է Ս. Սարգսյանը:

Իսկ եթե խնդրեն, իսկ եթե քաղաքական մեծամասնությունն ու այլ ուժեր, ասենք, հայտարարեն, որ «երկրի փրկության միակ ճանապարհը Ձեր վարչապետությո՞ւնն է»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այսօր վարչապետի պաշտոնին «չհավակնելու» մասին հայտարարությամբ ավելի շատ հաստատում, քան բացառում է այդ հնարավորությունը: «Եթե»-ն քաղաքականության մեջ նախկին դիրքորոշումը փոխելու ու հիմնավորումներ գտնելու գործիք է ոչ միայն Հայաստանում:

Չափազանց հետաքրքիր է նաև այս հայտարարությունների հետ շաղկապված Ս. Սարգսյանի մեկ այլ արտահայտություն: «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Թե ում է ուղղված այս հայտարարությունը, դժվար չէ կռահել: Առաջին հերթին՝ ՀՀ նախագահի պաշտոնը ամբողջ երկու ժամկետ զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին: Ս. Սարգսյանի այս հայտարարության և Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում՝ նախագահի վերաբերյալ դրույթների միջև առաջին հայացքից հակասություն կա:

Այն իմաստով, որ այդ հայեցակարգում նախագահի պաշտոնը կարծես մշակված լինի անձամբ Քոչարյանի համար: Սակայն պետք չէ բացառել, որ սա ոչ թե հակասականություն է, այլ իրականում հակասականություն ստեղծելու փորձ՝ հետագայում այդ հակասականությունը քաղաքական դիվիդենտի վերածելու համար:

Ավելի պարզ ասած, Ս. Սարգսյանն այսպիսով գուցե հիմք է ստեղծում Քոչարյանի հետ պայմանավորվածությունների համար՝ հետևյալ բովանդակությամբ. չնայած ես ասել եմ, որ մեկ անձը երկու անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը, բայց եթե դու շատ ես ուզում, պատրաստ եմ իմ այդ համոզմունքին դեմ գնալ՝ պայմանով, որ դա պետք է վերաբերի նաև ինձ. Դու՝ նախագահ, ես՝ վարչապետ:

Մյուս կողմից, իհարկե, հաշվի առնելով հայաստանյան նախադեպերը՝ որևէ բան բացառելու վերաբերյալ հայտարարությունները չպետք է հիմք ընդունել ապագայի հաշվարկներում, քանի որ կյանքը ցույց է տվել ճիշտ հակառակը: Մասնավորապես, 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, սակայն դրանից ընդամենը մի քանի օր անց գործերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսինքն՝ բացառումի բացառումը հին հայկական ավանդույթ է:

Բայց վերադառնանք Ս. Սարգսյանի ելույթին: Ընդունեք, որ ամեն ինչ ապագայում կընթանա այնպես, ինչպես հայտարարել է Ս. Սարգսյանը, այսինքն՝ նա չի դառնա ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ս. Սարգսյանը կփոխանցի իշխանությունը, իրական իշխանությունը՝ որևէ այլ քաղաքական ուժի կամ գործչի: Ո՛չ:

«Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայնդեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու»:

Այսինքն՝ անկախ նրանից, թե ում անուն-ազգանունը գրված կլինի «ՀՀ վարչապետ» արտահայտությունից հետո, այդ պաշտոնը, իմա՝ իշխանությունը, պատկանելու է ՀՀԿ-ին: Որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ հնարավոր է, որ 2018 թվականից հետո վարչապետ դառնա, ասենք, Արփինե Հովհաննիսյանը կամ Համլետ Հարությունյանը, կարևորը՝ որ նրանք ներկայացնեն ՀՀԿ-ն:
Վերջին հաշվով, եթե նախագահի պաշտոնը դառնալու է խորհրդանշական, ինչո՞ւ խորհրդանշական չդարձնել նաև վարչապետի պաշտոնը՝ այդ զբաղեցնողի նոմինալ իմաստով: Ֆիզիկապես վարչապետ կարող է աշխատել ցանկացած մեկը՝ կատարելով ֆորմալ որևէ պաշտոն չունեցողի բոլոր հրահանգները՝ Կառավարության շենքի հանդիպակաց շենքից:

Առաջին հայացքից՝ թվում է, թե Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված է միայն ներքին լսարանին: Իրականում, սակայն, այն նաև չափազանց լուրջ արտաքին ուղերձներ է պարունակում: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ս. Սարգսյանը ցույց է տալիս, թե անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման նոր համակարգին:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Այսինքն՝ Ս. Սարգսյանն աշխարհին, միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Հայաստանում կարող է առանցքային որոշում կայացվել՝ փոխվել կառավարման կարգը՝ ի հեճուկս երկրի նախագահի:

Այդպիսով նա ներկայանում է՝ որպես լայնախոհ, հանդուրժող ու երկրի մասին մտածող առաջնորդ, ով բավարարում է մյուսների պահանջները՝ դեմ գնալով սեփական ցանկությանը:  «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է:

Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»,- ասում է Ս. Սարգսյանը:

Հաշվարկը շատ պարզ է. աշխարհին ցույց տալ, որ ի հեճուկս սեփական կամքի  ու ընդառաջ գնալով քաղաքական ուժերի պահանջներին (գրեթե բոլոր հիմնական կուսակցությունները տարիներ շարունակ բարձրացրել են խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու պահանջը)՝ իրականացվում է բարեփոխում, որն իրականում իշխանությունը պահպանելու, թերևս, միակ սահմանադրական տարբերակն է: Աշխարհի կողմից ողջունվելու հնարավորություն ունեցող տարբերակը:
Այդ քայլով Ս. Սարգսյանը փակուղու մեջ է դնում նաև մյուս քաղաքական ուժերին, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել պառլամենտական կառավարմանն անցնելու պահանջով: Նրանք չեն կարող ընդդիմանալ իրենց պահանջի կատարմանը, ինչը նշանակում է՝ զրկվել Սարգսյանի կամ ՀՀԿ-ի իշխանությունը պահպանելու քաղաքականության դեմ պայքարելու հնարավորությունից:

Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին առաջարկում է երկար ժամանակով կիսել իշխանությունը (կարևոր չէ՝ ով կլինի վարչապետը)՝ պայմանով, որ մեծամասնությունը լինելու է ՀՀԿ-ն: Կհամաձայնե՞ն ներկայիս ոչ իշխանական ուժերն այդ առաջարկին: Մեծ հավանականությամբ, այո: Սա այն առաջարկներից է, որոնցից, ինչպես ընդունված է ասել, չեն հրաժարվում:

Հ.Գ. Այս սցենարին կարող է հակադրվել միայն հասարակությունը: Թե ինչպես՝ քննարկման այլ նյութ է: Ակնհայտ է միայն, որ դա պետք է դուրս լինի ոչ միայն իշխանության, այլև ոչ իշխանական ուժերի ձևաչափից: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում նշված է. ««պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը»: Հասարակությանն այդ փոփոխություններով վերապահված է «պատահական անձի» դեր: Կհամակերպվի՞ հասարակությունն այդ դերին, թե՞ «պատահական» կդարձնի այդ դերը պարտադրողներին: Այսօրվանից սկսած՝ սա պետք է դառնա Հայաստանի քաղաքացիներին հուզող հիմնական հարցը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս