«Չեմ զարմանա, որ 2018-ին ներդրվի մի անձ, ով, ի զարմանս բոլորի, կհավաքի 60%»
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) ետ չի կանգնելու իր պահանջից և բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Տիգրան Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի: Երեկ ասուլիսի ժամանակ հայտարարելով այդ մասին` ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ ցանկացած վարչապետ, որ նախագահի կողմից կնշանակվի` ի շահ նախագահի, կլինի դժբախտություն Հայաստանի համար, և պետք է այնպիսի վարչապետ ընտրվի, որը տնտեսությունը ոտքի կկանգնեցնի, իսկ այդպիսի վարչապետ այստեղ` Հայաստանում, չկա, նրան պետք է փնտրել Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Ըստ նրա՝ ՌԴ-ում թեկնածուի փնտրտուքը դրական արդյունքի չի հանգեցնի, քանի որ հիմնական զանգվածը կապակցված է Հայաստանի ներքին կոռուպցիոն համակարգերի հետ: Այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք Ա.Գրիգորյանին:
– Պարոն Գրիգորյան, որոշ քաղաքագետների կարծիքով՝ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակելով` ընտրելու է իր իրավահաջորդին: Դուք ի՞նչ եք կարծում:
– Չէ, դա մի քիչ ծանր հայտարարություն է, որովհետև հիմա գործընթացներն այնքան արագ են զարգանում ու ծավալվում, ու երևի այդ քաղաքագետները միջազգային գործընթացներին լավ չեն հետևում: Այո, Հայաստանում ամեն ինչ շատ ծանրաշարժ և իներցիոն է, բայց այստեղ էլ է ամեն ինչ փոխվում: Օրինակ՝ Սլովակիայում 2 շաբաթ առաջ ընտրվեց նախագահ, հավաքեց 60% ձայն մի մարդ, ով 6-7 ամիս առաջ բնությանն անհայտ թռչուն էր: Բայց համաշխարհային որոշ ուժեր այնպիսի վարպետությամբ զարգացրին նրա կերպարը, որ երկրի գործող վարչապետը, ով շատ հեղինակավոր թեկնածու էր, պարտվեց նախագահական ընտրություններում: Այսինքն՝ այնպիսի գործընթացներ են զարգանում միջազգային քաղաքական ասպարեզում, որ ես չեմ զարմանա, որ 2018-ին ներդրվի մի անձ, ով, ի զարմանս բոլորի, կհավաքի 60% և կդառնա ՀՀ նախագահ: Էլ ուր մնաց, թե հիմա նշանակվող վարչապետը դառնա նախագահ:
– Այսինքն՝ թեկնածու աճեցնելը ռեալ չէ՞:
– Ռեալ է, եթե արվում է ժամանակակից մեթոդներով, իսկ այս հայկական մեթոդներով՝ չէ, որովհետև, եթե պիտի գան այս ավանդական փող բաժանելով, ես Ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2018-ին դա չի անցնելու, որովհետև արդեն Եվրոպան էլ դրա մասին գիտի:
– Նշեցիք, որ տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ունակ ՀՀ վարչապետին պետք է փնտրել Եվրոպայում և ԱՄՆ-ում: Նշանակում է՝ բացառո՞ւմ եք, որ հայաստանյան ուժերից որևէ թեկնածու կկարողանա այդ գործն անել:
– Ցանկալի է` Հայաստանից արտագաղթած հայ, որովհետև սփյուռքահայը չի կարող լինել: ՀՀ-ում թեկնածուներին չեմ կարող բացառել, որովհետև չգիտեմ, թե ինչ կլինի: Եթե թեկնածու լինի, որն առաջնային պլանկայի վրա չի, որը կոռուպցիայի մեջ թաղված չի, կարելի է: Շատ դժվար է այդ կապերից վեր կանգնելը: Պետք է լինի մարդ, որն այդ կապերի խնդիրը չունենա: Եվրոպայի ցանկացած հզոր հայ գործիչ, եթե գա ՀՀ, տանելու է եվրոպական իր ծրագիրը տնտեսության զարգացման, և տեղում ոչ մեկը չի կարողանալու ծանոթ-խնամիական իր խնդրանքներով անհանգստացնել:
– Եվրոպացի թեկնածուն պետք է գա ի՞ր թիմով:
– Այո, եթե հաջողվի Եվրոպայից որևէ մեկին վարչապետ բերել, պայմանավորվածություններ կան, որ լավագույն համալսարաններն ավարտած անձինք գան, բանակում ծառայելու փոխարեն` իրենց պարտքը կատարեն, հետո, եթե ցանկանան, կարող են վերադառնալ: Բայց հավատացեք, մեծ մասը կմնան, բավական է իրենց հիշողությունը վերականգնեն:
Եվ կստեղծվի կառավարություն, որ այդ կադրերի կարիքն ունի: Եվ նրանց բերելու համար ոչ թե աշխատավարձ է պետք խոստանալ, այլ դաշտ՝ որտեղ կկարողանան հայրենանվեր աշխատել, որ արդյունք կտա: Այսօր ՀՀ-ում էլ կան տասնյակ կադրեր, որ ավարտել են լավագույն եվրոպական համալսարաններ և կարող են պաշտոններ զբաղեցնել, բայց անգործ են, կամ էլ ձևական աշխատում են:
– Եվ դրսից եկածները կկարողանա՞ն կոտրել այստեղի քրեաօլիգարխիկ համակարգը:
– Դուք չեք էլ պատկերացնում, թե դա ինչքան հեշտ է: Սինգապուրի վարչապետը, որ մի քանի հարյուր հազար եվրո վճարել էին, բերել, որ իրենց խորհուրդ տա, Տիգրան Սարգսյանի հարցին՝ ինչ անենք, սարսափելի կոռուպցիա կա, պատասխանել էր` դուք մի վերցրեք: Վերջ: Եթե նախագահը փորձի կաշառակերությունը վերացնել, վայրկենապես կվերացնի: Այս բոլոր դժբախտությունները նրանից են գալիս: Թե՞ Սահակաշվիլին հանճար էր, որ համատարած կողոպուտը վերացրեց ու միայն ինքն էր կողոպտում: Իսկ Բիձինա Իվանիշվիլին նրան էլ հեռացրեց ու բոլորին արգելեց: Իհարկե, ամբողջությամբ չես վերացնի կոռուպցիան, բայց ես համաձայն եմ՝ 90%-ը թող վերանա, 10%-ը` մնա:
– Ի՞նչ եղավ Ձեր նախաձեռնությունը՝ ՀՀ-ում առկա անօրինականությունների վերաբերյալ բաց նամակ էիք գրել նախագահին, կա՞ պատասխան, կամ ի՞նչ է սպասվում:
– Վարչապետը հեռացվեց, եթե ոչ մի բան չփոխվի, մենք կշարունակենք մեր քայլերը. մենք պահանջում ենք Տիգրան Սարգսյանի պատիժը, և պահանջելու ենք մինչև վերջ: Մենք ասում ենք նա օֆշորային սկանդալի գլխավոր մասնակիցն է եղել, «Նաիրիտն» է կործանել, և մենք տվել ենք հիմնավոր փաստաթղթեր ու ասել, որ տան Գլխավոր դատախազություն: Սպասենք, տեսնենք` ինչ կառավարություն է ձևավորվում, ինչ են անում նախկին վարչապետին, ու կորոշենք մեր հաջորդ քայլերը: