Մկրտիչ Մինասյան. «Զվարթնոցը» մեր ճարտարապետական ամբողջ գործընթացի լավագույն էջերից մեկն է»
Այսօր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Զվարթնոց օդանավակայանը պահպանելու խնդրի մասին: Նա նշեց, որ վերջերս իրենք, մի քանի ճարտարապետներով, վարչության անդամներով գնացել են Ավիացիայի գլխավոր վարչություն` խոսելու այդ խնդրի մասին. «Այնտեղ իրենք էլ են անհանգստացած, որ այդ հարցն անընդհատ շոշափվում է: Իրենց կողմից որևէ պատասխան չկա, և, քանի որ օդանավակայանը սեյսմիկ վտանգի մեջ է, շատ ժամանակ չի օգտագործվել և արդեն անկայուն է` գալիս են քանդելու խնդրին: Բայց վերջին հանդիպումը ցույց տվեց, որ եթե մենք կարողանում ենք իրար հետ երկխոսել, միշտ էլ դրա պատասխաններն ավելի դրական են լինում, քան թե միանգամից քանդել, ջարդել և այլն»:
Մ. Մինասյանը նշեց, որ Ավիացիայի գլխավոր վարչությունում ներկա է եղել նաև Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչը, ով ասել է, որ իրենց ճարտարապետական, կոնստրուկտորական ներուժով մեկ անգամ ևս կնայեն այդ հարցը. «Մենք պնդեցինք, որ այդ հարցը նայվի ոչ թե տեղ ազատելով, օդանավակայանի փոխարեն ինչ-որ նոր օդանավակայան կառուցելով` այդ հինը քանդելով, այլ այն սկզբունքով, որպեսզի պահենք հին մասնաշենքը: Նրանց հետ մեր վերջին պայմանավորվածությունը, որ հույս է տալիս մեզ, որ ինչ-որ դրական տեղաշարժ կարող է լինել, դա էր, որ իրենք կնայեն խնդրին այն տեսանկյունից, որ «Զվարթնոց» օդանավակայանը պահվի և նրան հաղորդվի նոր ֆունկցիա: Երբ նրանց առաջարկները կլինեն, մենք կքննարկենք մեր Ճարտարապետների միությունում, որ տեսնենք, թե ինչ հնարավոր ռեսուրսներ կան, որ պահվի այդ շենքը»:
Ճարտարապետի խոսքով` շենքը 2001 թվականից տրված է կոնցեսիոներին. «Հնարավոր է, որ կան այսօրվա տեխնոլոգիաների որոշ անհարմարություններ, բայց միշտ էլ աշխարհում աշխատում են պահել այնպիսի շենքեր, որոնք քաղաքի համար կարևոր նշանակություն են ունեցել, իսկ «Զվարթնոցը» մեր ճարտարապետական ամբողջ գործընթացի լավագույն էջերից մեկն է: Եվ, եթե մենք հանում ենք Երիտասարդական պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը կամ, ասենք, Ամառային կինոթատրոնը, դուրս է գալիս, որ հայ ճարտարապետները և հանրապետությունն՝ ընդհանրապես, այդ շրջանին ոչ մի կառույցով չի ներկայացրել, երբ որ հենց այդ կառույցներն են եղել Խորհրդային Միության ամենանշանակալից կառույցները և որոնք նշվում են բոլոր ամսագրերում, նախկինում էլ էին նշվել՝ որպես մոդեռնիստական ճարտարապետության լավագույն նմուշներ: Եվ շատ տխուր է, երբ մարդ ջնջում է այդ էջն իր պատմությունից»:
Ըստ նրա` եթե հետագայում, որևէ ճարտարապետ ուզենա ներկայանալ միջազգային ճարտարապետության հանրությանը, որ ինքն այս գործն արել է, քանի որ դա պահպանված չէ, նա կրկնակի վատ լույսի տակ է գտնվում, որ արել է նման գործ ու չի կարողացել հետո պահպանել. «Ուրեմն դու եվրոպական արժեքներին ընդհանրապես չես էլ մոտենում»:
Խոսելով Փակ շուկայի հարցի մասին` Մ. Մինասյանն ասաց, որ իրենք այդ հարցում շատ հետևողական եղան, բայց պետությունը չկատարեց իրենց պահանջը. «Մենք հետևողական եղանք մինչև վերջ և նույնիսկ՝ նախարարություն հետ միասին: Նման դեպք դեռ չէր եղել: Մենք անընդհատ նախարարությանն ուզում ենք քավության նոխազ դարձնել, բայց այդ դեպքում պարզվեց, որ չկա քաղաքական կամք` թելադրելու սեփականատիրոջը, որ այդ՝ իրոք արժեքավոր գործը չվերածվի սովորական խանութի»:
Անի Քեշիշյան