Լծված տերերի շառաչուն կառքին…

«Եթե չեն համաձայնում ծրագրի շուրջ, ոչ մի խոսակցություն իմաստ չունի մեր համար։ Իմաստ է ստանում, երբ ասում են՝ այո, համաձայն ենք։ Սա է վիճակը, վիճակը փոխելու ծրագիրն էլ սա է, էդտեղ ես իմ աշխատելու տեղը տեսնում եմ, իմ անելիքը տեսնում եմ և պատրաստ եմ թևերս քշտել ու մտնել էդ գործի մեջ, սա ենք ասում»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՅԴ-ի՝ կառավարությանը մաս կազմելու հնարավորության մասին:

Դրանից առաջ նա, բնականաբար, խոսել է ծրագրերի կարևորության, իրենց մշակած ծրագրի մասին՝ ՀՅԴ-ի կառավարությանը մաս կազմելու հնարավորությունը ներկայացնելով՝ որպես մեծագույն զոհողություն հայ ժողովրդին ու Հայաստանին: Կարդում ես դաշնակցականներին ու հազիվ ես զսպում կարեկցանքդ՝ մարդիկ ցանկանում են վայելել ազգային ընդդիմադիրի՝ իրենց տառապյալ կարգավիճակը, բայց հանուն Հայաստանի փրկության՝ «պատրաստ են թևերը քշտել» ու մտնել էդ գործի մեջ:
Խնդիրն, իհարկե, դաշնակցականների մեղմասացությունները չեն, նրանք բոլորը լավ են խոսում: Խնդիրն այն է, որ այդպիսով Դաշնակցությունը կատարում է հասարակությանը մոլորեցնելու իր պատմական առաքելությունը:

Նրանց հոգեցունց մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ներկայիս իրավիճակի, կառավարությունների վատ աշխատանքի պատճառը ծրագրերի որակն է: Մինչդեռ անգամ ոչ միայն՝ դաշնակցական, այլ անգամ սկաուտ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ խնդիրը ոչ թե կառավարության ծրագիրն է, այլ համակարգը, որում գործում է կառավարությունը՝ կատարելով այդ նույն համակարգի առաջադրած ոչ ծրագրային խնդիրները:

Այլապես, եթե դատելու լինենք ծրագրերի որակով, ապա արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ռեկորդ կարող է սահմանել՝ 6 տարվա ընթացքում մշակված, շնորհանդեսված ու, բնականաբար, չիրականացած ծրագրերի առումով: Եթե որևէ նորմալ երկրի կառավարություն վերցնի Տիգրան Սարգսյանի կառավարության որևէ տարվա ծրագիր ու իրագործի թղթի վրա գրվածները, ապա կարող է հրաշալի արդյունքներ արձանագրել:

Դաշնակցականներն այնպես են խոսում իրենց 7 կետանոց ծրագրի մասին, որ ցանկություն է առաջանում դատի տալ միջազգային գիտական հանրությանը՝ պատմական արդարության դեմ մեղանչելու ու մի խումբ դաշնակցականների Նոբելյան մրցանակի չարժանացնելու համար:

Այսինքն՝ խնդիրը ծրագիրը չէ, այլ, կրկնում ենք, այն համակարգը, որին ծառայեցվելու է այդ ծրագիրը: Մինչդեռ Դաշնակցությունը, ընդհանուր առմամբ քննադատելով համակարգը՝ գործնականում ինտեգրվել է այդ նույն համակարգին շատ ավելի խորը, քան ՕԵԿ-ը՝ ՀՀԿ-ին:

Անգամ պատմական փորձառությունը ՀՅԴ-ին չի բավականացնում թաքցնել օր առաջ իշխանության գալու ցանկությունը: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե նրանք, ինչպես ՕԵԿ-ը, իրենց անվերապահ աջակցությունը հայտնեին գործող իշխանությանը, նախագահ Սերժ Սարգսյանին և իսկապես «ձեռքները քշտած մտնեին էդ գործի մեջ»: Բայց դա սահմանափակում է հայրենասիրության ու ազատության մասին լիրիկական զեղումներով զբաղվելու հնարավորությունը:

Ուստի ՀՅԴ-ականները գերադասում են ոչ թե մաս կազմել կառավարությանը, այլ «փայ մտնել իշխանությանը»: Դա, թերևս, պատմական սովորություն է, որը տարբեր ժամանակներում արտահայտվել է ՀՅԴ-ի մոտ: Ոչ միայն Հայաստանում:

 

Տեսանյութեր

Լրահոս