Ինչպես է ստացվում, որ 0.75%-անոց վարկը գյուղացուն հասնում է 15-20% տոկոսադրույքով
ՀՀ վերահսկիչ պալատը 2013 թվականի հաշվետվության մեջ անդրադարձել է «Ենթավարկեր » ծրագրին, որն իրականացվում է են «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ » պետական հիմնարկի (ԳՖԿ) կողմից` առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով:
Այս ծրագրով ենթավարկեր են տրամադրվում փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, գյուղական տարածքներում մասնավոր և հասարակական ներդրումների խթանմանը ուղղված նախագծերի համար:
Ստորև նշված կետերից պարզ է դառնում, թե ինչպես է բավականին մատչելի միջոցներով ներգրվված ֆինանսական ռեսուրսը գյուղացուն և գյուղացիական տնտեսությանը հասնում աստղաբաշխական տոկոսադրույքներով։
1. ԳՖԿ-ն միջոցները ներգրավում է տարեկան 0.75 տոկոսով:
2. ԳՖԿ-ն իր հերթին ԱՄՆ դոլարը 4%-ով, իսկ ՀՀ դրամը 9.5%-ով տրամադրում է առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին:
3. Առևտրային բանկերը գյուղացիներին կամ ընկերություններին ենթավարկեր են տալիս ԱՄՆ դոլարով` 10-14%-ով, ՀՀ դրամով` 15-20%-ով:
4. Ունիվերսալ վարկային կազմակերպությունները ենթավարկերը գյուղացիներին կամ ընկերություններին տրամադրում են ԱՄՆ դոլարով` 12-16%-ով, ՀՀ դրամով` 14-24%-ով :
Նշենք նաև, որ 01.01.2012-31.10.2013թթ. ժամանակահատվածում ԳՖԿ-ի կողմից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ընդհանուր առմամբ իրականացվել են 2270 հայտի ֆինանսավորում` 10.28 մլն ԱՄՆ դոլարի և 1.5 մլրդ դրամի չափով:
Վերահսկիչ պալատը Կառավարությանն առաջարկել է համապատասխան միջոցներ ձեռնարկել` ենթավարկերը ԳՖԿ-ի կողմից անմիջապես գյուղացիներին և ընկերություններին տրամադրելու, կամ բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող ենթավարկերի տոկոսները կրճատելու ուղղությամբ: