Բաժիններ՝

Եթե Գյումրիում անօթևաններ չեն մնացել, բա հարյուրավոր տնակներում այլմոլորակայիննե՞րն են բնակվում (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներից մեկը, օրեր առաջ անհաջող փորձ անելով հակադարձել «Շիրակ կենտրոնին», հայտարարեց, թե Գյումրիում քիչ թվով անօթևաններ են մնացել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ամբողջ քաղաքով մեկ սփռված են տասնյակ տնակային ավաններ ու կիսախարխուլ բարձրահարկեր, որտեղ սարսափելի ծանր պայմաններում գոյատևում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ։ Բայց լավ, եթե, ասենք, տվյալ պատգամավորն իրավացի է, ապա ովքե՞ր են ահա ավելի քան քառորդ դար այդ կացարաններում բնակվում: Հաստատ կարող ենք ասել, որ նրանք այլմոլորակայիններ չեն։

Ենթադրելով, որ հանրապետական պատգամավորը հնարավոր է՝ պարզապես տեղեկացված չէ, «Շիրակ կենտրոնը» ևս մեկ անգամ ներկայացնում է Գյումրիում առկա անօթևանության իրական թվային պատկերը , ինչպես նաև տեսանյութ, որում ընդգրկված դրվագները տասնյակ տնակային ավաններից միայն երկուսից են։ Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիք շինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում:

Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակա անօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները : Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլ շինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամ ընտանքիներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նման ընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ` համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը: Եվ սա այն դեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում է առանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի:

Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս