Տիգրան Սարգսյանի հրաժարականի ներքին և արտաքին ասպեկտները

Ինչո՞ւ հրաժարական տվեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա վերջին երկու օրերին ամենից շատ քննարկվող հարցերից է:

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի հրաժարականը` կարծիք հայտնեց, թե այն առավելապես կապ ունի` արտաքին քաղաքական զարգացումների, և նվազագույն առնչություն ունի ներքաղաքական գործընթացների հետ:
Սաֆարյանն իր կարծիքն այդպես հիմնավորեց.

«Նախ` հասկանանք, թե ինչ էր սպասվում առաջիկայում: Առաջիկայում` մայիսին, սպասվում էր Հայաստանի և Մաքսային միության միջև անդամության պայմանագրի ստորագրում և դրա վավերացում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից: Փաստացի, կառավարության ձևավորման, վարչապետ նշանակելու, ԱԺ-ում նրա գործունեության ծրագրի հաստատման հետ կապված գործընթացները հաստատ մեկ ամսից ավելի ժամանակ կպահանջեն, և կարելի է ենթադրել, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին հետաձգվում է` առնվազն մինչև այս տարեվերջ:

Երկրորդը` Հաագայում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը վերջապես հասել է նրան, որ երկու նախագահները` Ալիևը և Սարգսյանը, համաձայնություն տան առաջիկայում ղարաբաղյան խնդրով նախագահների գագաթաժողով կազմակերպելու, մնացել է ժամկետների ճշգրտման հարցը, և եթե հետևեինք գործընթացին, ապա կհասկանայինք, որ այն արդեն պիտի տեղի ունեցած լիներ, սակայն հետաձգվել է: Մինսկի խումբն ակնկալում էր, որ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա ամիսներին:

Եվ, վերջապես, Եվրոպան արդեն շատ հստակորեն պահանջում էր արագացնել Ասոցացման համաձայնագրի մեղմ տարբերակի որոշակիացման և մշակման գործընթացը:

Stepan SafaryanՍրանից կարելի է եզրակացնել, որ վարչապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանին տալիս է «թայմ-աութ», ստեղծում է ֆորսմաժորային իրավիճակ, հնարավորություն է տալիս մի փոքր շունչ քաշելու ու վերադիրքավորվելու և սպասելու ժամանակի ընթացքում միջազգային իրադրության փոփոխությունների, հատկապես, երբ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունն այնքան էլ լավ իրավիճակ չի ստեղծել Հայաստանի համար:

Հետևաբար, ես վստահ եմ և կարծում եմ, որ վարչապետի հրաժարականն առավելապես կապ ունի` արտաքին քաղաքական զարգացումների, և նվազագույն առնչություն ունի ներքաղաքական գործընթացների հետ, թեպետ Սերժ Սարգսյանին միանգամայն ձեռնտու է, որ ընդդիմությունը ներկայացնի, որ դա տեղի է ունենում իր ճնշման արդյունքում: Այս առումով`չափազանց տգեղ իրավիճակում են հայտնվում նախկին երկու նախագահները, ովքեր կողմ են Մաքսային միությանը, սակայն ստացվում է` իրենց ճնշումների արդյունքում ուղղակի կասեցրել են Հայաստանի սրընթաց մուտքը Մաքսային միություն»:

Միաժամանակ Ստեփան Սաֆարյանը չհամաձայնեց, որ վարչապետի հրաժարականը կարող է կապված լինել Մոսկվայի հետ: Նրա կարծիքով` Կրեմլը որևէ հիմք չունի Տիգրան Սարգսյանին մեղադրելու համար, քանի որ ՀՀԿ Երկրորդ տնտեսական միջազգային համաժողովը ցույց տվեց, որ «Կրեմլը միանգամայն գոհ է Հայաստանի ընթացքից դեպի Մաքսային միություն, և ՀՀԿ-ն ու, մասնավորապես, Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ընդհուպ մինչև մարտի վերջը, փորձել են ցույց տալ, որ առավելագույնն է անում ՄՄ-ին անդամակցելու համար»:

Իսկ որքանո՞վ է հնարավոր ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավարության ձևավորումը` ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ: Այս հարցին Սաֆարյանն այսպիսի պատասխան տվեց. «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը դա է լինելու` առաջարկ բոլոր ուժերին` կազմավորելու ազգային համաձայնության կառավարություն»:

Ըստ Սաֆարյանի` սրա պատճառն այն է, որ Հանրապետական կուսակցությունը հայտնվել է ծանր կացության մեջ, քանի որ, թեև ստացվում է, որ քառյակի հռչակած հիմնական նպատակը` հասնել կառավարության հրաժարականին, որի շուրջ չորս ոչ իշխանական ուժերն ունեին նվազագույն համաձայնություն, իրականացվել է, սակայն ԲՀԿ-ն հայտարարել է, որ իրեն պաշտոններ պետք չեն, ՀԱԿ-ը նույնպես ասել է, թե մաս չի կազմի կառավարությանը, իսկ «Ժառանգությունը» հայտարարել է, որ թեկնածու չի ներկայացնի: «Հետևաբար, ողջ կառավարության ձևավորումը թողնվել է

Հանրապետական կուսակցության փխրուն ուսերին»,- ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Dubnov5Ստեփան Սաֆարյանի կարծիքին հակառակ` ռուսաստանցի հայտնի վերլուծաբան, հայաստանյան գործընթացներին քաջածանոթ Վադիմ Դուբնովը համոզմունք հայտնեց, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է ներքաղաքական հանգամանքներով, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով:

Վերլուծաբանի խոսքերով` Սերժ Սարգսյանը շատ հարմար պահ է գտել վարչապետի պաշտոնանկության համար, քանի որ ստեղծված քաղաքական իրավիճակում այդ քայլը շատ հեշտ է ներկայացնել` որպես «ընդդիմության հաղթանակ», քառյակի համախմբման արդյունք, որը համընկավ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ: Դուբնովը սրան գումարեց նաև Մոսկվայի հնարավոր ճնշումը:

Նա շեշտեց, թե այս բոլոր գործոնները, իհարկե, խաղացել են իրենց դերը, սակայն դրանք երկրորդական են, քանի որ առաջնայինը նախագահն է, ում որոշումը ոչ միայն սպասելի էր, այլև շատ վաղուց արդեն դարձել էր անխուսափելի:

Մեր հարցին, թե արդյոք հրաժարականը կարո՞ղ է որևէ կերպ կապված լինել Մոսկվայի հետ, նա պատասխանեց. «Սա Մոսկվայի հետ կապված է այնքանով, որքանով կարելի է պատկերացնել` որպես Մոսկվայի ճնշման հետևանքով կայացված որոշում: Անշուշտ, Մոսկվան ցանկանում էր ազատվել Տիգրան Սարգսյանից, բայց, ինչպես հաճախ է լինում այսպիսի իրավիճակներում, ներքաղաքական որոշումները թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում շատ հաճախ կայացվում են արտաքին քաղաքականության անհրաժեշտության շղարշի տակ: Այդպես եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանն արտաքին քաղաքական անհրաժեշտության պատճառաբանությամբ հրաժարվեց եվրաինտեգրումից, թեև ես կարծում եմ, որ պատճառը բացառապես ներքաղաքական էր: Նույն կերպ էլ հիմա Մոսկվան դարձավ շատ հարմար ֆոն այն գործողության համար, որին դիմեց Սերժ Սարգսյանը` լուծելով բացառապես իր ներքին խնդիրները:

Դուբնովը նշեց, որ չի համարձակվի որևէ կանխատեսում անել, թե ով կլինի նոր վարչապետ, բայց միաժամանակ ավելացրեց. «Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը հաստատ չի լինի»:

Ըստ նրա` այժմ Սերժ Սարգսյանը խաղը շարունակելու մի քանի տարբերակներ ունի. «Նա կարող է վարչապետին ընտրել իր կուսակցությունից, կարող է շարունակել կոալիցիոն իշխանության որոշակի պատրանքը և առաջարկ անել մերձավոր հակառակորդներից մեկին, ինչպիսին, օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» է: Ցանկացած պայմանավորվածություն հնարավոր է, բայց չեմ կարծում, որ դա սկզբունքային նշանակություն ունի»:

Իսկ ի պատասխան հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ քայլեր կձեռնարկի ընդդիմությունը, նա նշեց. «Կարծում եմ` ընդդիմությունը` ոչ իշխանական ուժերը, առաջին հերթին` ՀԱԿ-ը, կփորձեն տեղի ունեցածն իրենց վերագրել, բայց չեմ կարծում, որ համախմբումը կխորանա: Միգուցե սա ընդդիմության գագաթնակետն է: Առայժմ չեմ պատկերացնում, թե ինչ հիմքերի վրա պետք է այդ համախմբումը շարունակվի, եթե դրան չավելանան նոր գործոններ»: Մեր խնդրանքով` Վադիմ Դուբնովն անդրադարձավ նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությանը, որում վերջինս նշել էր, թե հետագա գործողությունների միակ օրակարգը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրն է: Վերլուծաբանն այսպես մեկնաբանեց. «Ինձ համար դժվար է պատկերացնել, որ այդ կարգախոսին միանա «Բարգավաճ Հայաստանը»»:

ՀՀ վարչապետի հրաժարականի և դրա արդյունքում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ զրուցեցինք նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

– Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով` ինչո՞վ էր սա պայմանավորված, միայն ներքի՞ն, թե՞ գուցե նաև արտաքին գործոններով:

– Պատճառներն ընդհանրապես շատ էին, բայց մի բան պարզ է, որ հրաժարականն իշխանություններին բավարար ժամանակ և բավարար տարածք է տալիս հասարակական դժգոհությունը մեղմելու համար: Ըստ իս` իրական մարտահրավերը ոչ թե Տիգրան Սարգսյանին հեռացնելն էր, այլ նրան փոխարինելը:

– Այսպիսով, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը փորձեց կանխել ոչ իշխանական ուժերի հետագա գործողությունները:

– Այո՛, դա մի շարք շարժառիթներից միայն մեկն է: Մի բան եմ ուզում ավելացնել, որ հրաժարականի որոշումը որքան Տիգրան Սարգսյանինն էր, այնքան էլ` Սերժ Սարգսյանինը: Եվ այս առումով` Տիգրան Սարգսյանի հրաժարականը միտված էր փրկելու նրա հեղինակությունը` Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու նախօրեին: Բայց ավելի խորը խնդիրն այն է, թե ով կլինի հաջորդ վարչապետը:

– Եվ ո՞վ կլինի` Ձեր կարծիքով:

– Դեռևս վաղ է ասել: Շատ թեկնածուներ կան, բայց նրանցից որևէ մեկը բավարար որակավորված և պատրաստ չէ այդ պաշտոնի համար:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն առաջարկ անի ոչ իշխանական ուժերին:

– Կարծում եմ` դա հավանական չէ, բայց այստեղ կա մեկ այլ կարևոր խնդիր` հնարավոր է, որ նախկին նախարարներից ոմանք չվերադառնան կառավարություն:

– Չորս ոչ իշխանական ուժերից առնվազն երկուսը` Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», հանդես են գալիս ավելի արմատական դիրքերից և կողմ են ամբողջական իշխանափոխությանը: Վարչապետի հրաժարականը կարո՞ղ է նպաստել իշխանափոխության գործընթացին:

– Քիչ մնաց ծիծաղից ընկեի աթոռից: Սա ոչ մի կերպ չի ուժեղացնում ընդդիմության ռազմավարությունը:

– Գուցե թուլացնո՞ւմ է:

– Նրանք արդեն իսկ հուսախաբ են, հուսալքված և թուլացած:

– Իսկ ո՞րն է դրա պատճառը:

– Որովհետև նրանց մոտ պակասում են մտքերը, այլընտրանքը, նույնիսկ նրանց անձերը չեն կարողանում միմյանց հետ «յոլա գնալ»:

– Այսպիսով, Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորեցիք ավելի շատ ներքին գործոններով:

– Այո՛:

Տեսանյութեր

Լրահոս