Իմբիր

Բուժիչ նամակներ

Հայերեն այլ անվանումներն են` կոճապղպեղ, տաքկոճ, կոճ պղպեղ, սնգրվեղ, զանճաֆիլ (ըստ Ա. Ամասիացու)։ Գիտական անվանումն է` Zingiber officinale։
Կոճապղպեղը բազմամյա խոտաբույս է, արտաքուստ նման է եղեգնի, ունի մինչև 2 մ բարձրությամբ տերևային և 30-40 սմ բարձրությամբ ծաղկակիր ցողուն։

Հողի մեջ թաքնված է բույսի հիմնական հարստությունը` կոճղարմատը, որի ստորին մասում կան արմատներ։

Վաճառվում է ամբողջական կոճղարմատը կամ դրանից ստացված փոշին, որոնք զգալիորեն տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ և նաև համով։
Թարմ կոճղարմատի հատույթը սպիտակ է, ժամանակի ընթացքում պտղարմատը ստանում է դեղնավուն երանգներ։

Կարդացեք նաև

400 գրամ հումքի էներգետիկ արժեքը 80 կկալ է, սննդային արժեքը` 17,8 գ ածխաջրեր, այդ թվում` 1,7 գ շաքարներ և 2 գ սննդային մանրաթել, նաև 0,75 գ ճարպեր և 1,82 գ սպիտակուցներ։

Փոշու էներգետիկ արժեքն արդեն 336 կկալ է, ածխաջրատների քանակը` 71,6 գրամ է (3,4գ շաքար, 14,1 գ սննդային մանրաթել), ճարպ` 4,2 գ, սպիտակուցներ` 9 գ։

Կոճապղպեղը հարուստ է կենսանյութերով, միկրո և մակրոտարրերով, բույսին բնորոշ զինգիբերեն եթերային յուղով (1-3% թարմ արմատում) և փոշուն բնորոշ ֆենիլպրոպանային միացություններով (զինգիբերոլ, շոգաոլ, զինգիբերեն, ֆելանդրեն) և այլն։

Այժմ տեսնենք, թե ինչպես է փոխվում օգտակար նյութերի բաղադրությունը, որպես չափորոշիչ ընդունելով մարդու օրգանիզմին անհրաժեշտ մեկ օրվա չափաբաժինը (տոկոսներով)։

100 գ թարմ արմատում պարունակվում է վիտամին B1` 3%, փոշու մեջ` 4 %։ Վիտամին B2` համապատասխանորեն 3% և 14%։ B3` 5% և 64 %, B5` 4% և 10%, B6` 12% և 48%, ֆոլիաթթու (B9)` 3% և 3%, C` 6% և 1%, E` 2% և 0 %։ Կալցիում` 2% և 11%, երկաթ` 5% և 152%, մագնիում` 12% և 60 %, մարգանեց` 11% և 1586 %, ֆոսֆոր` 9% և 28 %, ցինկ` 4% և 38%, կալիում` 18% և 50%, և այլն (սկզբնաղբյուր` ԱՄՆ-ի Գյուղդեպարտամենտ)։

Կոճապղպեղի օգտակար հատկությունները ձևավորվում են հիմնականում մարգանեցի, երկաթի, մագնիումի, կալիումի, ցինկի, B3 և B6 վիտամինների, այլ նյութերի համատեղ ազդեցության շնորհիվ։

Կոճապղպեղն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի արտահայտված հակաբակտերիալ և հակավարակային ազդեցություն, լավացնում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ջերմացնում է մարմինը և կանխարգելում փորկապությունը (հատկապես, եթե օգտագործվում է դարչինի հետ համատեղ)։

Բավականին մեծ է կոճապղպեղի օգտակար հատկությունների ցանկը` արյունաստեղծ, հակաբորբոքային, հակակարկամային, ցավազրկող, գազերը, հեռացնող, քրտnամուղ, հակաօքսիդանտ, տոնուսը բարձրացնող և աֆրոդիզիակ (տղամարդկանց համար), ախորժակը լավացնող, թույները հեռացնող (շատ է բջջանքը), արյան մեջ խոլեստերինի բաղադրությունը կարգավորող, ճնշումն իջեցնող, տրամադրությունը բարձրացնող` հակադեպրեսանտ, գիրությունը կանխարգելող և նույնիսկ` նիհարեցնող։

Արևելքում կարծում են, որ կոճապղպեղի հյութն օգնում է կանխարգելել վաղաժամ ծերությունը։ Լավացնում է հիշողությունը։ Խորհուրդ է տրվում խմել, օրինակ, խնձորի և գազարի հյութերի հետ։ Հասկանալի է, որ կոճապղպեղի քանակը չի կարող գերազանցել 1 օրվա սահմանային չափաբաժինը. 1,5 գրամ` ըստ Ամասիացու։ Լավ արդյունք է տալիս կիտրոնահյութի կոճապղպեղով թրմված կիտրոնի հյութի և մեղրի խառնուրդը` 2 գ թարմ արմատ, 25 մլ կիտրոնի հյութ, 15 գ մեղր։ 1 ճ/գ-ն լուծեք 200 մլ եռջրի մեջ, 1 ժամ թրմեք։ Խմեք փոքր կումերով։

Կոճապղպեղից արտադրվում է եթերային յուղ, որը լայն կիրառություն ունի արոմաթերապիայում` հետևյալ դեպքերում. արթրիտ, անգինա, տոնզիլիտ, լարինգիտ, այտուցվածություն, բրոնխիտ, պնևմոնիա, գլխացավ, գրիպ, մետեորիզմ, մկանային ցավեր, մրսածություն, դողէրոցք, ռևմատիզմ, հերպես, նևրագլիա, նախադաշտանային սինդրոմ, տղամարդկանց սեռական խնդիրներ, մազաթափություն, ճարպոտ մաշկի խնամք, ցելյուլիտ, սպիները հարթեցնող։

Ունի արդյունաբերական նշանակություն` պատրաստում են մարինադ, կոնֆետներ, գինի։ ԱՄՆ-ում և Անգլիայում հարգի են կոճապղպեղի գարեջրի զանազան տեսակներ, լայնորեն կիրառվում է որպես համեմունք` ըմպելիքների, թխվածքի, մարմելադի, չրեղենի, սոուսների, մսով պատրաստված ուտեստների մեջ։

Զգուշացում։ Կոճապղպեղը չի կարելի օգտագործել սննդի մեջ և բուժման նպատակով կերակրափողի և ստամոքսի խոցի, երիկամներում և միզապարկում քարերի և ավազի առաջացման վտանգի կամ առկայության, սրտի անբավարարության, լյարդի հիվանդությունների, ջերմության բարձրացմամբ ուղղորդվող բորբոքումների դեպքում։

Հակացուցված է հղիներին և երեխաներին։

Խստիվ հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության, անհատական անընկալունակության, ներքին արյունահոսության դեպքում։

Ժողովրդական դեղատոմսեր
Հղիության նախնական շրջան. Սրտխառնոցի դեպքում կես գրամ կոճապղպեղի փոշին 30 րոպե թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։ Պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։
Ոգեթուրմ. Կեղևից մաքրված կոճապղպեղի արմատի քերուկը 2 շաբաթ թրմեք 76%-անոց սպիրտի մեջ (2։5), տաք տեղում, քամեք, հումքը մզեք ոգեթուրմի մեջ, 1 շաբաթից զտեք։

  • Մեկ թ/գ ոգեթուրմը լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք այդ չափաբաժինը օրը 2 անգամ, ուտելուց առաջ։ Կատարեք ողողումներ քրոնիկ տոնզիլիտի դեպքում։ Ոգեթուրմը կարող է օգտակար լինել ասթմայի նոպաների դեպքում, խորհրդակցեք բժշկի հետ։ Լավացնում է ախորժակը և նյութափոխանակությունը, հանգստացնում է նյարդերը։

«Խոնավ» հազ. Խառնեք 1-ական գրամ դարչինի և կոճապղպեղի փոշի, մանրացրած 2-3 համեմունքային մեխակ, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, լուծեք 1 թ/գ մեղր։ Խմեք այդ չափաբաժինը օրը 3 անգամ, անկախ ուտելուց։
Այրոցք. Հավի ձվի փոշին խառնեք կոճապղպեղի փոշու և մանրացրած արմատի հետ։ Կես թ/գ հումքը լուծեք 100 մլ տաք ջրի մեջ, խմեք օրը 1-2 անգամ։
Հոդացավ, ռադիկուլիտ, ռևմատիզմ. Կոճապղպեղի յուղի 2 կաթիլ լուծեք 50 մլ բուսայուղի մեջ, դրեք թրջոց, ամրացրեք, պահեք 1,5-2 ժամ, կատարեք օրը մի քանի անգամ։

  • Ավելացրեք 8-10 կաթիլ յուղ լոգանքի ջրին (տևողությունը` 10-15 րոպե, ջերմաստիճանը` 37-38C)։

Մետեորիզմ. Խմեք կես գրամ փոշի` գոլ ջրի հետ։
Գլխացավ. Խառնեք թարմ կոճապղպեղի քերուկ և մեղր (1։1)։ 1 թ/գ հումքը լուծեք գոլ ջրի մեջ։ Խմեք այդ չափաբաժինը` օրը 3-4 անգամ։

  • Խառնեք կոճապղպեղի և դարչինի փոշի, մեղր (1։2։3)։ Կերեք կեսական թ/գ` օրը 3-4 անգամ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

 

Տեսանյութեր

Լրահոս