Բաժիններ՝

«Անտարես» ընկերությունը պարտադիր պահումներ չի կատարելու

Արձագանքելով ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը՝ կապված Հայաստանում պարտադիր կենսաթոշակային համակարգի ներմուծման հետ, ինչպես նաև այդ որոշման ամենատարբեր մեկնաբանություններին, «Անտարես» ՍՊն ընկերությունը պաշտոնապես հայտարարում է.

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իր՝ 01/01/1974թ.-ից հետո ծնված աշխատակիցների հետ անցկացված խորհրդակցության արդյունքում պարզել է, որ նրանցից որևէ մեկը կամաարտահայտություն չի դրսևորել իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված որևէ վճարում կատարել:

Սա մեր ընկերության համար, որպես «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված վճարները կատարելու նպատակով հարկային գործակալ, վճռորոշ փաստ է հարկային գործակալի գործառույթը նույն օրենքի նպատակների համար իրականացնելու համար: Մենք կարծում ենք, որ սահմանադրական իրավունքն ամեն դեպքում գերակայում է ցանկացած օրենքի գործողության նպատակահարմարության նկատմամբ: Սա նշանակում է, որ մեր աշխատակիցների սեփականությունը հանդիսացող աշխատավարձից 5%-ի չափով վճար հաշվարկելու և վճարելու համար մենք չունենք որևէ իրավասություն, քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45 եւ 86-րդ հոդվածների համապատասխան դրույթները չենք կարող մեկնաբանել այլ կերպ, քան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ մեր Հանրապետության սահմանադրական դատարանի 02/04/2014թ.-ի թիվ ՍԴՈ-1142 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում:

Ապա և մեր ընկերության կողմից, առանց համապատասխան աշխատակցի գրավոր կամաարտահայտության, չի հաշվարկվելու և վճարվելու նրա աշխատավարձից պահվող 5% պարտադիր կուտակային վճարը: Այս կապակցությամբ մեզ համար ուղեցույց է հանդիսանում մեր Հանրապետության սահմանադրական դատարանի 02/04/2014թ.-ի թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետը, որն ուժի մեջ է մտել նույն որոշման հրապարակման պահից:

Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր կողմից կայացված որոշման ողջ պատասխանատվությունը և հայտնում, որ հետևողական ենք լինելու մեր ընկերության և դրա աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցում, որի կապակցությամբ մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դրանով նախատեսված հիմնական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը ուղղակիորեն գործող իրավունք է մեր ընկերության և նրա աշխատակիցների համար, որով և սահմանափակված են պետական մարմինները՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով:

Մենք միաժամանակ ակնկալում ենք նաև, որ մեր դիրքորոշումը կկիսեն նաև այլ տնտեսվարող սուբյեկտները և դրանց աշխատակիցները՝ բարեխիղճ և օրինական գործարարության սկզբունքների համաձայն:

Մենք նպատակ չունենք սրանով որևէ ընդվզում ստեղծել գործող իրավակարգի դեմ, սակայն պետք է նշենք նաև, որ, միաժամանակ, մտադիր չենք նաև իրավական տարրական գիտելիքներից զուրկ պաշտոնյաների կողմից տարիներ շարունակ հակասահմանադրական կենսաթոշակային համակարգ ստեղծողների պատասխանատվության փոխարեն այդ հակասահմանադրական գործելաոճի ողջ ծանրությունը թողնել մեր աշխատակիցների ուսերին:

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավար՝ Արմեն Մարտիրոսյան
Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս