Բաժիններ՝

Տրասնպորտի գները՝ գազով միկորավտոբուսների դեպքում 207.2, վառելիքով ավտոբուսների համար՝ 196.2 և դիզվառելիքով ավտոբուսների դեպքում 252.3 դրամ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հանձնաժողովի մինչ օրս կատարած աշխատանքները նշել է, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով դեկտեմբեր ամսվա ընթացքում միջազգային խորհրդատուի կողմից կատարվել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն իսկ պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից:

Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն մանրամասն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա և տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքերում ներգրավել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են բոլոր շահագործվող թվով 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որ քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում,Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ:

Համաձայն կատարված հաշվարկի գազով աշխատող միկորավտոբուսների դեպքում այն  կազմել է 207.2, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 196.2 և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների դեպքում 252.3 ՀՀ դրամ:

Նշվել է նաև, որ զուգահեռ կատարվել է տրանսպորտային ոլորտում տրմադրվող ծառայությունների վերաբերյալ հարցումների տեսքով հետազոտություններ նաև տնային տնտեսություններում:

«Երևանի բնակիչները կարևորում են որակյալ և հարմարվետ տրասնպորտ ունենալը: Այդ է պատճառը, որ ուսումնասիրությունների ընթացքում նշվել են հենց նմանատիպ չափանիշներ»,-նշել է Սերժի Տիոն:

Ուսումնասիրության արդյունքների ներկայացումից հետո հանձնաժողովի անդամները իրենց հուզող հարցերն են ուղղել, ինչպես նաև ներկայացրել են իրենց մոտեցումները: Հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել խորհրդատուին՝ կատարած աշխատանքի համար, ու նաև հավելել է, որ այդուամենայնիվ անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորին նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը.  «Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ, մենք պետք է  քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Անշուշտ, շնորհակալ ենք միջազգային խորհրդատուին՝ իսկապես կարևոր և ծավալուն աշխատանք կատարելու համար, բայցև պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորին նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հանձնաժողովի նախագահը հատկանշել է, որ արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են 15-օրյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկները ծախսերի օպտիմալացման, չափորոշիչների վերանայման և հասարակության խոցելի խմբերի համար նախատեսվող արտոնությունների մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս