Սերժ Սարգսյանի գաղտնի օպերացիան. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին։

Սա իսկապես անակնկալ զարգացում է՝ հատկապես նկատի ունենալով և այն, որ հայաստանյան քաղաքական դաշտի համար սովորական դարձած արտահոսքեր, մամուլի նախնական հրապարակումներ չկային, և Տիգրան Սարգսյանի մոտալուտ հրաժարականի մասին ոչ մի «լավատեղյակ աղբյուր» չէր հայտնել։

Այս իրավիճակը, ըստ էության, նույնիսկ զարմանալի է Հայաստանի համար, և սրանով կարծեք թե վկայվում է մի բան, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ էության, կարող է և լինել այսպես ասած Սերժ Սարգսյանի «պլանավորած գաղտնի» մի օպերացիա, որը իրապես գաղտնի պահելու համար ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ և զերծ պահել մամուլն արտահոսքերից։

Ավելին, օրինակ, նույնիսկ Մաքսային միությանը անդամակցելու մասին սեպտեմբերերեքյան հայտարարությունը նման գաղտնիություն չունեցավ և մեկ-երկու օր առաջ արդեն մամուլում հրապարակումներ էին եղել, թե ինչ է պատրաստվում Մոսկվայում հայտարարել Սերժ Սարգսյանը։ Եվ այս տեսանկյունից Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես առանձնահատուկ կարելի է համարել։

Թե ինչու է հատկապես այսպես գաղտնիության պայմաններում նախապատրաստվել այդ հրաժարականը, երևի թե ժամանակը ցույց կտա։ Տարբերակը, որ Տիգրան Սարգսյանն է Սերժ Սարգսյանի համար անակնկալ հրաժարական տվել, երևի թե ամենաանհավանականն է, որովհետև հազիվ թե Սարգսյանն այսօր որոշեր հրաժարական տալ, և Սերժ Սարգսյանն էլ հենց այսօր ընդուներ այդ հրաժարականը։

Այսպես թե այնպես, պետք է արձանագրել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հանրայնորեն պահանջված հրաժարական է, քանի որ նրա ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, կարելի է համարել տապալված։ Մյուս կողմից շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ոչ իշխանական հայտնի քառյակը պատրաստվում էր ապրիլի 28-ին բարձրացնել նրա հրաժարականի հարցը և նաև այդ մասով շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել։ Այսինքն՝ ըստ էության ստացվեց, որ Սերժ Սարգսյանը կանխեց ոչ իշխանական քառյակին։ Այսպես թե այնպես, Հայաստանի ներքաղաքական կյանքը իսկապես դառնում է շատ հետաքրքիր, թեև իհարկե հարց է, թե հասարակությունը այս ամենից ի՞նչ է շահելու՝ հետաքրքրությունից բացի։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս