Այսօր Մոսկվայում են հավաքվում ԱՊՀ երկրների արտգործնախարարները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում են հավաքվում ԱՊՀ երկրների արտգործնախարարները, որոնք քննարկելու են հումանիտար և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքելու ոլորտում փոխգործակցության հարցը:
Ակնկալվում է, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվելու է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Կիևը մարտին հայտարարել էր, որ հրաժարվում է ԱՊՀ-ում նախագահելուց: Ավելին, Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ-ի կազմից դուրս գալու հնարավորության մասին, իսկ մարտի 24-ին Գերագույն ռադայում գրանցվել էր համապատասխան օրինագիծը:
Այսօրվա նիստին Ուկրաինան ներկայացված է լինելու դեսպանատան մակարդակով: ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակելու միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այժմեական խնդիրների շուրջ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որոնց հետ հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:



