
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի գործով բոլոր բողոքները մերժվեցին. pastinfo.am

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքները, հաղորդում է pastinfo.am-ը:
Վերադաս դատարանն անփոփոխ թողեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի 09.12.2013թ. դատավճիռը, որով Ստեփան Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության կազմակերպում, և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նշենք, որ Ս.Հակոբյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ով առավել հայտնի է «Լեդի Հակոբ» մականունով, եղբորորդին է։
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ նշանակված պատժաչափը չի համապատասխանում հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և հանցագործության ծանր հետևանքներին. տուժող կողմը զրկվել է ոչ միայն հարազատից, այլև՝ ընտանիքի միակ կերակրողից: Ըստ տուժող կողմի ներկայացուցչի՝ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակվեր հոդվածով նախատեսված առավելագույն խիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում:
Իսկ ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդում էր իր պաշտպանյալին ճանաչել անպարտ և արդարացված կամ բեկանել նույն դատարանի՝ 06.03.2013թ.` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Մերժելու դեպքում պաշտպանը միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ:
Ըստ պաշտպանի՝ մեղադրանքը հիմնավորված ու ապացուցված չէ, նախաքննական մարմինը կամայականորեն է գործել և արդյունքում նախաքննությամբ ու դատաքննությամբ թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ սահմանադրության ու քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել բուն արդարադատության էությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: