ՌԴ ԱԳՆ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի Քեսաբի դեպքերը
ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը եւ սկզբունքային գնահատական տա դրանց:
«Արդեն մի քանի օր է միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ուղղված է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում` Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբի իրավիճակին: Ըստ ստացվող տեղեկությունների ` Քեսաբի շրջանը, որտեղ դարեր շարունակ հայեր են բնակվում, ենթարկվել է «Ալ Քաիդայի» հետ առնչություն ունեցող ծայրահեղական «Ջաբաթ ալ Նուսրա», «Ահրար ալ Շամ» խմբավորումների մի քանի հազար գրոհայինների դաժան հարձակմանը: Ընդ որում, հարկ է նշել, որ պատմական հայկական անկլավում, որի վրա հարձակվեց մարդասպանների եւ բռնարարների միջազգային բանդան, ռազմական օբյեկտներ չեն եղել»,-նշել է ԱԳ նախարարությունը:
«Ջիհադիստների հարձակուﬓերից փրկված եւ իրենց տները լքած 700 ընտանիքների ﬕակ ﬔղքն այն է, որ նրանք հավատարիմ են Սիրիայի կառավարությանը: Ներկայումս այդ մարդիկ ապաստան են գտել Լաթաքիայի քրիստոնեական եկեղեցիներում»,- նշում է նախարարությունը:
Ինչ վերաբերում է YouTube-ում հայտնված տեսանյութին, մի քանի աղբյուրներ պնդում են, որ այնտեղ ոչ թե քեսաբցի հային պատժի ենթարկելու տեսարան է ներկայացված, այլ սիրիական բանակի զինվորի նկատմամբ դաժան հաշվեհարդար, սակայն դրանից այդ հանցագործությունը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, պակաս հրեշավոր չի դառնում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները: Կարծում ենք, որ Լոխ-Էրնում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի որոշումը` Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ջանքերի կոնսոլիդացիայի հասնելու վերաբերյալ, ներկայիս իրավիճակում առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում: Այդ ուղղությամբ գործնական քայլերը հետաձգելու ցանկացած քայլ անընդունելի է: Անհրաժեշտ է անհապաղ գործել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի Քեսաբի իրավիճակը եւ սկզբունքային գնահատական տա դրանց»,- ասվում է հայտարարությունում: