Վարչապետ կարող է լինել միայն Ծառուկյանը

Համենայնդեպս, այդպես են մտածում ակտիվ պայքարի ջահակիր ԲՀԿ-ականները: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ կառավարության փոփոխությանն ուղղված շարժման հիմնական նպատակը լինելու է վարչապետի պաշտոնում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը:

Երբ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը հայտարարում էր, որ հաջորդ կառավարության ղեկավարը չի լինելու ՀՀԿ-ական, նա պետք է նույնքան անկեղծ լիներ` հայտարարելու համար, որ կառավարության ղեկավարի իրենց համար միակ ընդունելի թեկնածուն ԲՀԿ ղեկավարն է: Բայց ԲՀԿ-ականները նման բան չեն հայտարարում, որպեսզի իրենց չմեղադրեն պաշտոնի կռիվ անելու համար, ամեն ինչ կստացվի ինքնըստինքյան:

ԲՀԿ-ականները հասկանում են, որ խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կառավարությանն անվստահության որոշման նախագծին: Հաջորդ քայլը լինելու է խոստացված «հասարակությանը փողոց հանելուն» ուղղված միջոցառումների իրականացումը:

Նախապես որոշված էր, որ հասարակությանը պետք է «փողոց հանել» մարտի 28-ին: Ըստ հասարակությանը փողոց հանելու գործում պատասխանատու ԲՀԿ-ականների, դրանից դեռևս 10 օր առաջ արդեն հստակեցված էին այն տրանսպորտային միջոցները, որոնցով «հասարակությունը փողոց», այսինքն` Երևան պետք է տեղափոխվեր, նույնիսկ վճարված էին այդ ավտոբուսների վարորդների գումարները:

Կարդացեք նաև

Բայց իրենց համար անհասկանալի պատճառներով` «փողոց հանելու» գործը մարտի 28-ից տեղափոխվեց ապրիլի 28: ԲՀԿ-ականներն ասում են, որ նման որոշումները Հայաստանում չեն կայացվում, և այդ պատճառով իրենք չգիտեն՝ թե ինչո՞ւ են փոխվում «փողոց դուրս գալու» օրերը:

Գուցե նաև քարոզչական նկատառումներից ելնելով` կուսակցության անդամներին ոգի տալու համար, նրանց ասում են, որ այդ որոշումների հետևում կանգնած է Մոսկվան:

Սա արվում է այն նպատակով, որ ԲՀԿ-ականները չվախենան, թե փողոց դուրս գալու արդյունքում կարող են ենթարկվել իշխանության ճնշումներին, ինչից ԲՀԿ-ականներն ուղղակի սարսափում են: Իսկ ի՞նչ կապ կա ԲՀԿ-ի փողոց դուրս գալու և Մոսկվայի միջև:

Ծրագիրը հետևյալն է. ԲՀԿ-ն պետք է հասարակությանը դուրս բերի փողոց` ցույց տալով, որ հասարակությունն այլևս չի հանդուրժում Տիգրան Սարգսյանի ՀՀԿ-ական կառավարության գործունեությունը, որից հետո Մոսկվայից կզանգեն նախագահ Սերժ Սարգսյանին և կասեն, որ պետք է Տիգրան Սարգսյանին փոխարինել Գագիկ Ծառուկյանով:

Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ իմաստ ունի, որ «հասարակությունը դուրս գա փողոց», չէ՞ որ առանց դրա էլ` Մոսկվայից կարող են զանգահարել և պահանջել, որ կառավարության և նրա ղեկավարի փոփոխություն լինի:

ԲՀԿ-ական ինտելեկտուալները կարծում են, որ Մոսկվային ֆորմալ ֆոն է պետք` իրենց թեկնածուին աջակցելու համար, պետք է որ նրան աջակցի նաև հասարակությունը: Ավելի ճիշտ, Մոսկվան կմիջնորդի հասարակական աջակցություն ունեցող անձի համար:

Եթե դատելու լինենք քաղաքագիտության ընդունված նորմերով` Հայաստանի վարչապետը պետք է լինի ՀՀԿ-ական, քանի որ ՀՀԿ-ն է խորհրդարանական մեծամասնություն:

Չի կարող ՀՀԿ-ն ունենալ մեծամասնություն, բայց կառավարությունը ղեկավարի ԲՀԿ-ն, սա ինչ-որ իմաստով` նաև հակասահմանադրական է:

Չնայած Սահմանադրությամբ հստակ գրված չէ, որ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչին, այլ ընդամենը պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին: Իսկ դեպքերի որոշակի բերումով հնարավոր է, որ պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելի հենց ԲՀԿ ղեկավարը:

Այսինքն` հասարակությանը փողոց հանելն ընդամենն ունի մեկ նպատակ. ցույց տալ, որ հասարակությունը վիճարկում է 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները և այլևս ՀՀԿ-ին չի ճանաչում` որպես խորհրդարանական լեգիտիմ մեծամասնություն: Միայն այդ դեպքում է, որ կարող է խորհրդարանական այլընտրանքի ներկայացուցիչը դառնալ կառավարության ղեկավար:

Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ականներն ունենալով Մոսկվայի աջակցությունը կամ նման տպավորություն ստեղծելով` հոգում են նաև Բրյուսելի աջակցությունը ստանալու հարցը՝ համոզելով եվրոպացիներին, որ ԲՀԿ առաջնորդը, Հայաստանի կառավարության ղեկավար դառնալու դեպքում, կարող է աշխատել նաև եվրոպական կառույցների հետ:

Այլ կերպ ասած, արևմտամետ ԲՀԿ-ականները փորձում են եվրոպացիներին համոզել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է եվրպական տիպի վարչապետ դառնալ: Համարյա` ինչպես Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս