Նա երևակայել չէր կարող այն աստիճան անգթություն, որ հասնում էր սարսափելի դավաճանության

Ինչո՞ւ, ինչպե՞ս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը մեկ տարվա ընթացքում փոշիացրեց 2013 թվականի նախագահի ընտրությանը ստացած 540 հազար ձայները: Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից ուղիղ մեկ տարի անց այդ ընտրազանգվածի ոչ միայն 1,  այլ անգամ 0.1 տոկոսը չի մասնակցում նրա հրավիրած հանրահավաքներին: Այս հարցերի պատասխանները շատերն են փորձել գտնել: Ոմանք կարծում են, որ պատճառն ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցաբերած թուլությունն էր ընդհանուր առմամբ, այլ խմբի կարծիքով՝ հետընտրական գործողությունների ծրագիրը հացադուլով փոխարինելը, ավելի շատերի համոզմամբ՝ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելը:

Վստահաբար Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ փորձել է հասկանալ՝ որտե՞ղ, ո՞ր հարցում ամենաշատը սխալվեց: Ըստ ամենայնի, չնայած փորձերին, չի գտել այդ հարցի պատասխանը: Կամ գտել է և շարունակում է կրկնել նույն սխալը:
Ինչպես 2012 թվականի խորհրդարանական, այնպես էլ՝ նախորդ տարվա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ամենաթույլ, ամենախոցելի տեղը թիմի, հավատարիմ մարդկանց բացակայությունն էր:

Մարդկանց այն խմբում, որը նա ներկայացնում էր որպես իր թիմ, պարկեշտ ու նվիրյալ գործիչներից բացի, կային ու կան գրեթե բոլոր տեսակների ներկայացուցիչներ՝  պատեհապաշտներ, իշխանության կողմից ներդրվածներ, իշխանության հետ սեպարատ համաձայնության գնացողներ, և այլն: Մեծ հաշվով՝ թերևս, դա էր Րաֆֆիի տապալման ամենագլխավոր, խորքային պատճառը: Բայց արդյո՞ք նա հետևություններ արել է դրանից: Հնարավոր է: Հնարավոր է՝ այո: Հնարավոր է՝ ոչ: Բայց ավելի հավանական է վերջին տարբերակը:

Այլապես այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության անունից հանդես չէին գա այդ կուսակցության հետ օրգանական կապ չունեցող ու այդ կուսակցության միջոցով միանգամայն այլ խնդիրներ լուծող գործիչներ: Նրանք, այսպես թե այնպես, լուծում են իրենց խնդիրները՝ միևնույն ժամանակ էլ ավելի ծիծաղելի վիճակի մեջ դնելով Րաֆֆիին: Չնայած, դա ևս կարելի է խնդիր համարել:

Այս երևույթին, ի վերջո, կարելի էր չանդրադառնալ, քանի որ մարդը՝ իր կուսակցությունը, ում ուզում է՝ վստահում է, ում սիրում է՝ թույլ է տալիս իրեն խաբել: Իր սուվերեն իրավունքն է: Բայց այս երևույթը հանրային քննարկման է արժանի ոչ միայն այն պատճառով, որ կուսակցությունն ինքնին հանրային միավոր է, այլ որովհետև՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միասնական թիմ ունենալու ու «Ժառանգությանը» կասկածելի գործընթացներից հետ պահելու իր անկարողությունը փորձում է արդարացնել այնպիսի կատեգորիայով, որի իմիտացիան դարձել է Հայաստանի քաղաքական համակարգի աղճատման հիմնական պատճառը:

«Ժողովրդավարություն է, տարակարծության դրսևորում»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ նրան հարցնում են՝ ինչպե՞ս է ստացվում, որ կուսակցության ներկայացուցիչների մեծ մասը՝ ձեր գլխավորությամբ, ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը համարում է կործանարար, Հայաստանի սուվերենությունը ոչնչացնող ու Հայաստանի դեմ ուղղված քայլ, իսկ ձեր կուսակցության անդամն ու խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտարարում է, թե դա բխում է Հայաստանի շահերից:

Կամ ինչպե՞ս բացատրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում գրեթե բաց տեքստով ակնարկում է, որ հասկանում է՝ հանրահավաքի սակավամարդության հարցում իրենց ավանդն են ունեցել «հրաշալի քառյակի» ուժերը, իսկ նախկին ավանդական կուսակցության ներկայիս ժառանգական անդամը հայտարարում է, թե պետք չէ կատեգորիկ լինել: Րաֆֆին ասում է, որ կառավարության հրաժարականը կիսաքայլ է, առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի՝ հնարավոր չէ որևէ իրական փոփոխություն, բայց նրա խորհրդարանական խմբակցության շեֆը ջանք չի խնայում ժամանակին նույն Րաֆֆիին քարկոծած ԲՀԿ-ի հովանու ներքո փչվող նախագծի կայացման համար:

Կրկնում ենք՝ սա՝ որպես ներկուսակցական խնդիր, Րաֆֆիի խնդիրն է, ինչպես որ ԲՀԿ-ամերձ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի խնդիրն են, գործարար ԲՀԿ-ականներն էլ՝ Գագիկ Ծառուկյանի: Բայց ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջին երկուսը դա չեն ներկայացնում որպես «ժողովրդավարության» դրսևորում:

Րաֆֆի Հովհաննիսյանը հումանիստ է, նա միշտ կանգնում է թույլի, խփվածի, փոքրամասնության կողքին: Մարդկայնորեն դա հարգանքի ու գնահատանքի է արժանի:

Սակայն, երբ քաղաքականության մեջ այդ հատկանիշը դառնում է դոմինանտ, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով՝ երկրորդ տեղը զբաղեցրած, իրականում՝ գուցե հաղթած թեկնածուի կուսակցությունում, որտեղ փոքրամասնությունը թելադրում է մեծամասնությանը, իսկ եթե մեծամասնությունը չի ենթարկվում, գործում է նրանց անունից՝ ներկայացնելով «Ժառանգությունը» հակաժառանգական տարբեր ձևաչափերում:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատմությունը գնահատող գործիչ է՝ հայ ականավոր պատմաբաններից մեկի որդին: Նա, թերևս, պետք է վերընթերցի հայկական ավանդական կուսակցությունների ստեղծման ու կայացման պատմությունը՝ չզլանալով ուշադրություն դարձնել մանրուքների վրա: Մանրուքները, ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ որոշիչ են լինում: Հակառակ դեպքում՝ կարճ ժամանակ անց իր հիմնադրած «Ժառանգությունը» կդառնա պատմություն: Եվ ոչ պատմական ժառանգություն, ինչպես, ըստ ամենայնի, մտածում ու երազում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նա երևակայել չէր կարող այն աստիճան անգթություն, որ հասնում էր սարսափելի դավաճանության»,- իր «Խենթում» գրում է Րաֆֆին: Կբավականացնի՞ արդյոք Րաֆֆիի երևակայությունը: Հովհաննիսյան:

Տեսանյութեր

Լրահոս