Բաժիններ՝

Վարդան Պետրոսյան. «Թույլ տվեք հենց հիմա առանց ամաչելու գամ, ձեր առջև ծնկի գամ, ներում խնդրեմ, մայրեր»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Նիստին ներկայացել են Ֆրանսիայից ներկայացած երկու փաստաբաններ՝ Ժերար Չոլաքյանը և Մարի Օսեն: Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի նրանք Նիկոլայ Բաղդասարյանի հետ իրականացնեն իր պաշտպանությունը: Երկու փաստաբանները դատարանի որոշմամբ ներգրավվեցին որպես ամբաստանյալի շահերի պաշտպաններ: Քանի որ երկու պաշտպաններն էլ չեն տիրապետում հայերենին, պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան էր հրավիրվել թարգմանիչ:

Սակայն դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կայացրեց ներկայացած թարգմանչին չներգրավվել որպես թարգմանիչ՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ թարգմանչին պետք է հրավիրի դատարանը: Նա որոշեց դիմել Դատական դեպարտամենտին՝ հայերենից ֆրանսերեն թարգամանիչ տրամադրելու համար:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ Ֆրանսիայից փաստաբանները եկել են կոնկրետ նպատակով, չեն եկել մեկ նիստի համար, սակայն դեմ չէ, որ այս նիստին թարգմանիչ չլինի:

«Ֆրանիսիայից եկած փաստաբանները ձեր դեմ չեն»,- դիմելով տուժողներին՝ հայատարարեց Վարդան Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը ճշտեց Վարդան Պետրոսյանի կենսագրական տվյալները, ով ասաց, որ երկքաղաքացի է, այժմ վատառողջ է, սակայն կարող է մասնակցել դատական նիստին: Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւմ է կայանում Վարդան Պետրոսյանի վատառողջությունը:

Վարդան Պետրոսյանն էլ թվարկեց մի խումբ հիվանդություններ՝ նշելով, որ մյուսներին էլ կարող են ծանոթանալ գործի նյութերից:

Ամբաստնյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդեց անհապաղ ազատ արձակել Վարդան Պետրոսյանին՝ նշելով, որ չկա հիմք նրան կալանքի տակ պահելու:

Վարդան Պետրոսյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը:

Դիմելով ավտովթարի արդյունքում մահացած երկու երիտասարդների մայրերին՝ Վարդան Պետրոսյանն ասաց. «Սիրելի´ մայրեր, անտակ է ձեր վիշտը, ձեր ողբերգությունը: Մի մտածեք, որ սրանք հենց այնպես խոսքեր են»:

Նա նշեց, որ իր պաշտպանը վկայակոչեց մի շարք անձանց անուններ, ովքեր երաշխավորում են իր համար, սակայն կոչ արեցին տուժողներին չկարծել, թե նրանք միջնորդում են իրեց ազատել, խոսքը գնում է խափանման միջոց կալանքի մասին: Վարդան Պետրոսյանի այս արտահայտությանն արձագանքեց ավտովթարի արդյունքում մահացած Էդգար Հակոբյանը մայրը՝ Աննա Կարապետյանը՝ նշելով. «Կուզեի իմ որդին էլ կալանավորված լիներ»:

Վարդան Պետրոսյանն ասաց, որ տուժողները կարող են ասել իրեն ինչ ցանկանան՝ լավ կլիներ, որ ինքը ծնված չլիներ. «Միգուցե լավ կլիներ: Լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես այդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ՝ ես մեռած լինեի և երկու տղաները ողջ լինեին»:

Անդրադառնալով իրեն կալանավորելու մասին հարցին՝ Վ. Պետրոսյանն ասաց, որ դեռ դատարանի կողմից որոշում չէր կայացվել, սակայն դրանից երեք ժամ առաջ հայկական հեռուստռատեսությունն արդեն հայտնում էր այն մասին, որ իրեն կալանավորել են:

«Հասկանո՞ւմ եք, դատարանի վճռից երեք ժամ առաջ տեղի է ունեցել այդ որոշում»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը:

Նա նշեց, որ իրեն կալանավորելու ընթացքում ինքը դատարանում ելույթ է ունեցել և դատարանին կոչ արել զգույշ լինել նման որոշումներից, որոնք զայրացնում են հասարակությանը, մարդիկ հանդես են գալիս ի պաշտպանություն իրեն, ինչը վիրավորում է տուժած ընտանիքին, ինչի արդյունքում ամեն ինչ թեժանում է, ամեն ինչ քաղաքականացվում:

Նա նշեց, որ դատարանի հայտնել է, որ նախնական կալանք ընտրելով տպավորություն է ստեղծվում, թե վերևից հրաման կա, իրեն ուզում են վակաբեկել, լռեցնել:

«Իսկ իմ կարծիքն ուրիշ է: Իսկ իմ կարծիքը սա է՝ որովհետև ինձ այնտեղ պահելով ես հնարարավորություն չունեցա անձամբ դիմել, անձամբ գնալ, անձամբ ձեզ մոտենալ: Խափանման միջոցը խափանում էր ոչ թե ծայրահեղ վտանգավոր հանցագործությունները, այլ այն խափանեց իմ հանդիպումը»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Անդրադառնալով տուժող կողմի այն հայարարությանը, որ ուզում են, որ ինքը հրապրակավ ներողություն խնդրի, Վարդան Պետրոսյանն ասաց. «Սիրելի´ մայրեր, ոչ թե հեռուստատեսությամբ, այստեղ տասը հեռուսատատեսություն կա, սաղ աշխարհը նկարում է, բոլոր մամլո ծառայությունները այստեղ են: Դուք կարծում եք՝ ես պիտի ամաչե՞մ, ես պիտի վախենա՞մ: Հենց հիմա այսքան մարդկանց առաջ դուք կարծում եք ես պիտի վախենամ կամ ամաչեմ՝ գամ ձեզնից ներում հայցեմ: Ես ամբողջ կյանքս ձեզնից ներում եմ հայցելու, ես հայր եմ, գիտեմ՝ ի՞նչ է կորուստը, բայց սա դատարան է:

Իմ կեցվածքը դատարանի առջև ուրիշ է և ձեր առջև ուրիշ է»:

Վարդան Պետրոսյանն ասաց, որ ամեն օր աղոթում է երեխաների համար. «Թույլ տվեք հենց հիմա առանց ամաչելու ես գամ, ձեր առջև ծնկի գամ, ներում խնդրեմ, մայրեր»:

Դատախազն ու տուժողների ներկայացուցիչն առարկեցին միջնորդության դեմ, դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ:

Տեսանյութը՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս