Կանադահայերն օգնեցին Հայաստանի անապահով ընտանիքներից մեկին (տեսանյութ)
«168 Ժամ» թերթում հրապարակված՝ «Հայաստանում ձմեռները երեխաների կյանքեր են խլում» հոդվածին արձագանել են կանադահայերը: Ներսիսյանների ընտանիքը, որն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, այսօր դրամական օգնություն ստացավ Կանադայում բնակավող հայերի կողմից:
Հիշեցնենք, հրապարակված հոդվածում ընտանիքի մայրը՝ Ալվարդ Ներսիսյանը, խոսել էր իրենց անապահով կյանքի պայմանների ու դրանց հետևանքների մասին: 2 տարի առաջ սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարը չվճարելու համար անջատել էին բնակարանի էլեկտրաէներգիան: Ընտանիքի փոքրիկը ցրտահարվել էր ու մահացել: Այս տարի պատմությունը կրկնվել էր, ու փոքրիկների մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Ալվարդ Ներսիսյանի խոսքով, հիմա էլ տղան է հիվանդ ու գտնվում է Աբովյանի հիվանդանոցում:
Կանադայում բնակվող մի խումբ հայեր՝ կարդալով հրապարակված նյութը, իրենց օգնությունն են առաջարկել այս ընտանիքին: Այսօր տիկին Ալվարդը «168 ժամի» խմբագրությունում ստացավ գումարը. «Ես բուժծառայությանը պետք ա 110 հազար դրամ վճարում կատարեմ տղայիս վիրահատման համար, վարձերս չեմ կարողանում տալ, արդեն տանից հանել են, իրերս դրսում են դրված: Ինձ զանգահարել ու ասել էին, որ կօգնեն ինձ: Ես նրանցից անչափ շնորհակալ եմ` էս իմ նեղ պահին հասնելու համար»,- ասատ տիկին Ալվարդը:
Ա. Ներսիսյանն ասաց, որ իրենք ունեն շատ լուրջ խնդիներ. «Ունեմ չորս փոքրիկ թոռնիկներ, տղայիս պոչկեքի վրա կիստա կա, ներկա պահին գրիժան են վիրահատել, բայց իրեն դեռ երկար ժամանակ բուժում ա պետք: Իրեն արգելել են նման տան մեջ ապրելը: Հիմա սա տանելու եմ տղայիս վիրահատման գումարը մարեմ, որից հետո գազի գումարը մարեմ, մի քիչ պարտքեր ունեմ, տեղավորվեմ չափի մեջ, մնացածն իմ աշխատանքով կմարեմ»:
Նա նշեց, որ տան միակ աշխատողը հիմա ինքն է, քանի որ տղան չի կարող աշխատել, իսկ բնակարանի համար շատ է դիմել, բայց` ապարդյուն. «Բնակարանի համար որտեղ դիմում եմ չեն օգնում` որպես անապահով ընտանիքի: Անգամ նպաստ դեռ չեմ ստանում, նոր եմ դասավորում, որ տեսնեմ՝ կտա՞ն, թե՞ չեն տա: Ես դիմել եմ մեր քաղաքապետին, տեղակալի հետ եմ խոսել, ասել ա՝ 5000 դոլար բեր տուր, հող տամ քեզ: 5000 դոլար եթե ունենամ, ես իմ չափի մեջ դոմիկ կվերցնեմ ու կապրեմ, բայց քանի որ գումար չունեմ, ես որտեղի՞ց տամ»:
Ա. Ներսիսյանն ասաց, որ նրա մյուս որդին էլ զինակոչիկ է` շուտով հետ կգա բանակից. «Նա էլ այնտեղ ծանրությունից գրիժա ստացավ: Երեկ են վիրահատել, Սիսիանի գոսպիտալում պառկած ա: Նրան պետությունը, վաենկոմատն օգնում են»:
Տիկին Ալվարդի խոսքով՝ իրենք ունեն բարեկամներ, բայց օգնող չունեն. Ինձ բացարձակ չեն օգնում: Ես շատ լավ եմ ապրել, աշխատել եմ, իմ երեխաներին լավ եմ պահել, բայց վիրահատվեցի, իմ ամեն ինչը կորավ: Ինձ ոչ մի բան պետք չի ես կյանքում, եթե ես պետքա ապրեմ, իսկ իմ տղեն… Ինձ պետք չի տենց ապրելը, չեմ ուզում: Միակ մարդը, որն ինձ օգնում ա, իմ տնօրենն ա, որի մոտ շատ շուտ աշխատել եմ: Ինքը միշտ իմ թիկունքին կանգնած ա: Պահեր են եղել, որ ինքն ինքչան էլ նեղված ա եղել, ինձ օգնել ա: Ինքը միշտ իմ փրկությունն ա եղել»: