
Հավանություն է տրվել քաղպաշտպանության գնահատման կարգին

2014թ. մարտի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատման կարգին: Քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է խնդիրների կատարմանը «պատրաստ է», «պատրաստ է մասամբ» և «պատրաստ չէ» արդյունքներով: Գնահատական է տրվում ինժեներական պաշտպանության, ճառագայթային պաշտպանության, բժշկական պաշտպանության վիճակին, տարհանման միջոցառումների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությանը, բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպմանը, պահեստային կառավարման կետերի առկայության, կապի և ազդարարման համակարգի վիճակին: Մինչև օրս ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման մեթոդական ուղեցույց չի եղել: Որոշման նախագիծը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: