«Ժառանգությունը» հաշվի կառնի «Դեմ եմ»-ի մոտեցումները

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները կոչով դիմել են քաղաքական ուժերին՝ մարտի 28-ին հնարավորինս ձեռնպահ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքն այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից: Քանի որ մարտի 28-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Ժառանգություն» կուսակցությունը, այս կոչն անմիջականորեն վերաբերում է հենց այս քաղաքական ուժին: Մենք փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է «Ժառանգությունը» վերաբերվում այս կոչին, և այդ նպատակով դիմեցինք ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

– Ինչպե՞ս եք վերաբերվում «Դեմ եմ»-ի հայտարարությանը, և արդյո՞ք ձեր կողմից հրավիրված հանրահավաքը կարող է դիտարկվել՝ որպես «ՍԴ բնականոն աշխատանքը խանգարող» միջոցառում:

– Ես ամբողջությամբ հասկանում եմ նրանց հայտարարության տրամաբանությունը. որ պետք չէ ճնշում գործադրվի Սահմանադրական դատարանի և նրա անդամների նկատմամբ, ինչի համար իրենք որոշել են լուռ ակցիա իրականացնել դատարանի մոտ:

– Իսկ «Ազատության» հրապարակում ձեր կողմից կազմակերպված հանրահավաքը կարող է դիտվել որպես ճնշո՞ւմ ՍԴ-ի նկատմամբ:

Կարդացեք նաև

– «Ժառանգության» կողմից հրավիրված հավաքն ունի ավելի լայն քաղաքական օրակարգ, որը չեմ կարծում, թե միջամտություն կամ ճնշում կլինի Սահմանադրական դատարանի նկատմամբ: Իհարկե, այդ լայն օրակարգի հարցերից մեկն էլ կլինի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառման հետևանքները:

– Այսինքն «խանգարելո՞ւ եք» ՍԴ-ի բնականոն գործունեությունը:

– Ես նորից եմ կրկնում, որ մեր հավաքն ունենալու է բավական լայն քաղաքական օրակարգ, բայց չեմ կարծում, թե մեր հավաքը խանգարելու է ՍԴ բնականոն գործունեությունը: Մյուս կողմից՝ մենք պետք է հաշվի առնենք «Դեմ եմ» քաղաքացիական շարժման մոտեցումները:

Այլ հարցերի շուրջ Ռուբեն Հակոբյանի մոտեցումներն՝ առաջիկայում:

 

Ավետիս Բաբաջանյան

Տեսանյութեր

Լրահոս