Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն արդեն անհատական հաշիվներում հետևում են իրենց միջոցների կառավարմանը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն կարող են տեսնել իրենց աշխատավարձից և պետական բյուջեից կատարված կուտակային հատկացումները: Եթե մասնակիցն ընտրել է կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ, ապա հաշվում տեսանելի են նաև իրենց կուտակային  միջոցներով ձեռք բերված փայերի քանակն ու արժեքը:

2014 թվականի հունվարի 1-ից մեկնարկած պարտադիր կուտակային բաղադրիչի այն մասնակիցները, ում համար կատարվել են կուտակային վճարներ, արդեն ունեն բացված անհատական կենսաթոշակային հաշիվներ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ` Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում: Մասնակիցը այսուհետ ցանկացած պահի կարող է անհատական հաշիվ մուտք գործելով` ստուգել իր աշխատավարձից կատարված և պետության կողմից իր օգտին փոխանցված կուտակային վճարները: Եթե մասնակիցը կատարել է կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն, ապա նրա հաշվում երևում է տվյալ ֆոնդում իր միջոցներով ձեռք բերված փայերի քանակը և արժեքը:

Մեկ փայի արժեքը 1000 դրամ է, կառավարման ընթացքում այն կարող է փոփոխվել. ինչի արդյունքում մասնակիցների փայերի քանակը նույնպես կտատանվի: Կառավարիչը յուրաքանչյուր հաշվարկային օրվա ավարտին հրապարակելու է մեկ փայի արժեքը, ըստ այդմ` յուրաքանչյուր մասնակցի ունեցած փայերի քանակը տվյալ կենսաթոշակային ֆոնդում: Իսկ օրվա եկամտաբերության ցուցանիշը տվյալ կենսաթոշակաին ֆոնդի փայերի նախնական քանակի և վերջին անգամ հրապարակված քանակի տարբերությունն է: Մասնակիցներն, այսպիսով, հնարավորություն ունեն օրական կտրվածքով հետևելու իրենց կենսաթոշակային միջոցների կառավարմանը՝ փայերի արժեքին, քանակին և եկամտաբերությանը:

Անհատական կենսաթոշակային հաշիվներին մասնակիցները կարող են հետևել www.epension.am կայքում ԻՄ ՀԱՇՒՎԸ համակարգի միջոցով` նույնականացման քարտի և քարտը կարդացող սարքի օգնությամբ, կամ հաշվի օպերատորների միջոցով` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ, կամ միայն նույնականացման քարտ:

ԿՀԻԿ հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս