Տոնզիլիտ
Նշագեղձերը մարդու իմունային համակարգի «առաջամարտիկներն» են։ Նշիկների մակերեսն ունի ծակոտկեն կառուցվածք, իսկ նշիկների ներսում կան բազմաթիվ նեղ ոլորապտույտ խոռոչներ, որտեղ կուտակվում են հիվանդության հարուցիչ մանրէներ։ Մահացած բջիջները, սննդամթերքի մնացորդները կարող են կուտակվել նշիկների մակերեսի վրա` սպիտակ փառի ձևով, որի հետևանքով թուլանում է օրգանիզմի իմունային համակարգը։
Համաճարակներից պաշտպանվելու համար կատարում են պատվաստումներ, որոնք կարող են առաջացնել հիվանդագին ռեակցիա. դա նորմալ երևույթ է, քանի որ «օրգանիզմն առողջանում է հիվանդության միջոցով»` ձեռք է բերում կայուն իմունիտետ։
Նշագեղձերն ի վերուստ տրված ալգորիթմի համաձայն` կատարում են նույն դերը։ Արձագանքելով արտաքին հիվանդաբեր ազդակներին` փոշի, ծաղկափոշի, ինֆեկցիայի հարուցիչ մանրէներ և այլն, օրգանիզմը սովորում է պաշտպանվել հիվանդություններից։
Այս մեխանիզմն առավել ակտիվ է գործում մանուկ հասակում, և, բնականաբար, պետք է ուշադիր հետևել երեխայի նշագեղձերի առողջական վիճակին։ Ժամանակակից բժշկությունը կարծում է, որ նշագեղձերի հեռացումը հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Ողնածուծը, փայծաղը, ավիշային բազմաթիվ հանգույցները չեն կարող կոմպենսացնել իմունային համակարգի «առաջամարտիկ զույգի»` նշիկների ֆունկցիան։
Եթե նշիկները հաճախակի են բորբոքվում, ծածկվում սպիտակ փառով, կարմրում կամ մեծանում, ապա ախտորոշվում է քրոնիկ բկաբորբ` տոնզիլիտ, որը պահանջում է երկարատև, համբերատար բուժում։
Բժիշկները խորհուրդ են տալիս. առավոտյան և երեկոյան կատարել ողողումներ ծովի աղի լուծույթով (1 թ/գ 200 մլ սենյակային ջերմաստիճանի` նախօրոք եռացրած ջուր), իսկ ուտելուց հետո, տաք ջրով։ Օգտակար է քնելուց առաջ կատարել 10 րոպե տևողությամբ ոտնաթաթերի լոգանք։
Անգինա, ժողովրդական դեղատոմսեր
Քսուքներ. Մանրացրեք սրոհունդի խոտը (ծաղիկ, տերև), 100 գ հումքը 21 օր թրմեք նշի, վուշի (կտավատի), ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ, քամեք, պահեք սառը տեղում։ Մշակեք նշագեղձերը` օրը 2-3 անգամ, շարունակեք 7-10 օր։
Նշագեղձերը մշակեք չիչխանի պտղից պատրաստված յուղով` օրը 2-3 անգամ, 10-14 օր։
Թարախակալման դեպքում միջոցը հակացուցված է։
- Խառնեք հալվեի հյութ և բնական մեղր (1։3)։ Առաջին 2 շաբաթը մշակեք նշագեղձերը` օրը 1 անգամ, որից հետո կատարեք գործողությունն օրը մեջ։ Ցանկալի է` նախաճաշից առաջ, ողողումից կամ ինհալացիայից հետո։ Հնագույն, ժամանակի փորձություն անցած միջոց է։
- Լավ արդյունք է ապահովում սխտորի ջրային լուծույթը։ Հյութը լուծեք գոլ ջրի մեջ (2։1) և փոքր չափաբաժիններով քսեք նշագեղձերին, 5-10 րոպե հետո քսեք ակնամոմի 10 տոկոսանոց ոգեթուրմ։
- Օգտակար է ֆիկուսի տերևով պատրաստված ոգեթուրմը։ Մանրացրեք 3 մեծ տերև, 10 օր թրմեք տաք տեղում (փաթաթեք լաթով)։ Հիվանդության սրացման նախնական փուլում դրեք թրջոց` ոգեթուրմով, իսկ քրոնիկ ընթացքի դեպքում նշագեղձերը մշակեք քնելուց առաջ։
- Հրաշալի հակամանրէ և հակաբորբոքային միջոց է եղևինի եթերային յուղը։
Եղևինը փշատերև ծառատեսակ է, տարածված է Ռուսաստանում և Եվրոպայում. ըստ հին կելտական օրացույց-գուշակարանի` համապատասխանում է 02.01-11.01 և 05.07-14.07 ժամանակահատվածներին։
Բամբակե խծուծը թրջեք 5-6 կաթիլ յուղով (ռուսական արտադրության), մշակեք գեղձերը` յուրաքանչյուր 5 ժամը մեկ, շարունակեք` 2, խիստ անհրաժեշտության դեպքում` 3 օր։ Օրը 3-4 անգամ կաթեցրեք 1-ական կաթիլ յուրաքանչյուր քթանցքի մեջ (կրկին 2-3 օր)։ Հնարավոր է` եթերային յուղն առաջացնի այրոցի զգացողություն, ինչը կարող է մի քանի րոպեով անհանգստություն պատճառել։
- Երեխաների բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել սև բողկի հյութի և բնական մեղրի խառնուրդը (1։3)։ Առաջին 2 շաբաթը քսեք օրը 1 անգամ, 3-րդ և 4-րդ շաբաթները` օրը մեջ։
- Աղացեք ունաբի թարմ տերևները, լցրեք ձիթապտղի յուղի մեջ (1։5), 5 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 10 օր թրմեք, քամեք։
Քսեք նշագեղձերին` թարախակալման դեպքում։
Ողողումներ և ինհալացիաներ
Ինհալացիաների և ողողումների համար խորհուրդ է տրվում օգտագործել անիսոնի, ռեհանի, մեխակի, խնկածաղկի, կոճապղպեղի, զոպայի, նոճու, դարչինի, կիտրոնի, պատրինջի, եղևինի, սոճու, թույայի, նիվենու, եղեսպակի և որոշ այլ բույսերի եթերային յուղեր։
Հատկապես հաճախ է կիրառվում ռեհանի եթերային յուղը. Մի քանի կաթիլ (2-4) լցրեք եռջրի մեջ, կատարեք ողողումներ գոլ լուծույթով, օրը 3-4 անգամ։
- Ինհալացիաների համար օգտագործեք լավ լվացված, կճեպով խաշած կարտոֆիլի եփուկը։ Ավելացրեք 1-2 կաթիլ եղևինի (կամ այլ) եթերային յուղ և 7-10 րոպե շնչեք գոլորշին բերանով։
Հակամանրէ հատկություն ունի նաև կարտոֆիլի ծաղիկը. 1 ճ/գ չոր (2 ճ/գ թարմ) ծաղիկը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 3-5 րոպե եփեք, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 3 անգամ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 30 օր հետո։
- Կատարեք ինհալացիաներ սխտորի թարմ հյութի լուծույթով (1։10)` 5-7 րոպե տևողությամբ, շարունակեք 14 օր։ Երեխաների բուժման համար պատրաստեք 1։50 լուծույթ։
- 2 ճ/գ սրոհունդի խոտը 2 շաբաթ թրմեք 400 մլ օղու մեջ, մութ տեղում, քամեք։ 20 կաթիլ ոգեթուրմ լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողում` օրը 3-4 անգամ։
- 2 ճ/գ հազարտերևուկի խոտը (ցանկալի `է սպիտակ ծաղկողը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 3-7 անգամ, ըստ անհրաժեշտության։
* Հրաշալի հակամանրէ և հակաբորբոքային հատկություններ ունեն ուռենու և կաղնու կեղևը, երիցուկի, վաղենակի, լորենու ծաղիկները, նիվենու (էվկալիպտ) տերևը, եղեսպակի խոտը։
- Խառնեք լորենու ծաղիկ, կաղնու կեղև, երիցուկի ծաղիկ (1։2։3)։ 1 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։
Թուրմի մեջ լուծեք 1 թ/գ մեղր, կատարեք ողողումներ։
Պատրաստեք հետևյալ երեք թուրմերը.
- 1 թ/գ նիվենու տերև և 200 մլ եռջուր, 1 ճ/գ ընկուզենու տերև, 200 մլ եռջուր, 2 թ/գ երիցուկի ծաղիկ, 200 մլ եռջուր` թրմեք 1-ական ժամ, տաք տեղում։ Խառնեք թուրմերը, տաքացրեք և բերանով շնչեք գոլորշին կամ կատարեք ողողում, եթե նկատվում է նշագեղձերի թարախակալում։
- Խառնեք երիցուկ, վաղենակ, նիվենի (3։2։1), 6 ճ/գ հումքը 6 ժամ թրմեք 1 լ եռջրում ջերմապահի մեջ, քամեք։ Կատարեք ողողումներ` 2-3 ժամը մեկ անգամ։
- Խառնեք ուռենի սպիտակի կեղևը, լորենու ծաղիկը, բերենիկեի խոտը (2։2։1)։ 3 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 800 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 4-5 անգամ, օգտագործելուց առաջ գոլացրեք։
- Խառնեք 2-ական թ/գ դեղնենու և ընկուզենու տերևներ, 1 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 3-4 անգամ, շարունակեք 3-5 օր։
- Խառնեք 2-ական թ/գ դաղձի տերև և ուրցի խոտ, 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Կատարեք ողողում (առանց տաքացնելու)։
- 1 թ/գ հալվեի տերևի թարմ հյութը լուծեք 200 մլ տաք, նախօրոք եռացրած ջրում։ Կատարեք ողողումներ` օրը 4-5 անգամ։ Շարունակեք 5-10 օր։
- Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ երիցուկի չորացրած ծաղիկ և ծիծեռնախոտի տերև, հալվեի թարմ տերև, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Կատարեք ողողումներ` օրը 5-7 անգամ, շարունակեք 5-10 օր։
- Ցանկացած հարաբերությամբ խառնեք (կամ օգտագործեք առանձին) բերենիկեի (veronica), խնկածաղկի խոտերը, վաղենակի, երիցուկի ծաղիկները, գետնամորու տերևը։ 2 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 3-4 անգամ։
- Մոշենու 3 ճ/գ թարմ տերևը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 3-4 անգամ։
- Ռեհանի 20 գ չոր տերևը 7 օր թրմեք 200 մլ օղու մեջ, քամեք, պահեք սառնարանում։ 2 թ/գ ոգեթուրմը լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողում օրը 2-3 անգամ։
Ներքին օգտագործման համար
Բույսերից ստացված պատրաստուկները կանխում են բորբոքումների զարգացումը, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Ազդեցիկ հակաբորբոքային ազդեցություն ունի ակնամոմը։
- 1-2 կտոր մոտավորապես ոլոռի չափեր ունեցող ակնամոմը պահեք բերանի մեջ, իսկ գիշերը պահեք այտի տակ։ Խորհուրդ է տրվում հիվանդության սրացման վտանգի դեպքում։
- Խառնեք սոխի թարմ հյութ և մեղր (1։1)։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3-4 անգամ։
- Խառնեք սոխի քերուկ, 4 ճ/գ մեղր, 2 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 թ/գ կիտրոնի հյութ։ Կերեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 3 ժամը 1 անգամ։ Շարունակեք 4 օր։
- Մանրացրեք, խառնեք 2-ական թ/գ տատրակի տերև, տուղտ բժշկականի արմատ, 1 թ/գ խնկածաղկի խոտ, 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, կես թ/գ մեղրով։
- Աղացեք տատրակի տերևը, մզեք հյութը, խառնեք սոխի հյութի և կարմիր գինու հետ (1։1։1), պահեք սառնարանում։ Ոգեթուրմը լուծեք ջրի հետ (1։2), խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ։ Երեխաներին խմեցրեք 30-ական մլ` օրը 3 անգամ։
- Խառնեք սրոհունդի խոտ, հաղարջ սևի և եղինջի տերևներ (2։2։1)։ 3 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք 600 մլ եռջրում ջերմապահի մեջ, քամեք խմելուց առաջ։ Խմեք 150-ական մլ` օրը 4 անգամ։ Երեխաներին խմեցրեք 30-ական մլ` օրը 2 անգամ։
- 1 լ եռջրի մեջ լցրեք 4-5 ատամիկ սխտոր, եղեսպակի 2 ճ/գ չոր խոտ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Հիվանդության սրացման ժամանակ կատարեք ողողումներ` յուրաքանչյուր կես ժամը մեկ։
- 1 ճ/գ կաթի մեջ լուծեք 0,3 գ մումիո, խմեք նախաճաշից կամ քնելուց առաջ։ Նույն քանակի մումիո լուծեք 1 թ/գ մեղրի մեջ, քսեք նշագեղձերին։ Շարունակեք 21 օր, կրկնեք 10 օրից։
- Խմեք 1 թ/գ հալվեի թարմ հյութ` նախաճաշից առաջ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 1 ամսից։
- Խմեք 1-ական թ/գ կանաչ սոխի հյութ` օրը 3-4 անգամ, ուտելուց մեկ ժամ առաջ կամ հետո։
- Խառնեք 100-ական մլ բողկի հյութ և ջուր, լուծեք 1 ճ/գ մեղր։ Խմեք փոքր կումերով։
- Բողկի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ Կերեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։ Շարունակեք 3-4 օր։
* Տրորեք 10 գ սխտոր, խառնեք 40 գ մեղրի հետ։ Կերեք 1-ական թ/գ` 1-ական ժամ ընդմիջումներով, իսկ քնելուց առաջ` 2 թ/գ։ Շարունակեք 7 օր։
- Սխտորի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ 1 ճ/գ հումքը լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց առաջ։ Շարունակեք 7 օր։
- Ազատեք մասրենու չոր պտուղը սերմից, մանրացրեք, խառնեք եղինջի և ուրցի չոր խոտերի հետ (2։1։1)։ 15 գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 2-3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, գոլ վիճակում, մեղրի հետ։ Շարունակեք 2 շաբաթ։
- Սեխի կեղևն ամրացրեք կոկորդի վրա` հյութալի կողմով։
* Խառնեք բալենու տերև, երիցուկի ծաղիկ (1։1)։ 1 ճ/գ հումքը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Կատարեք ինհալացիա։
- 2 ճ/գ բալենու ծաղիկը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում ջերմապահի մեջ, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 50 մլ կիտրոնի հյութ։ Խմեք 50-ական մլ` օրը 5 անգամ, անկախ ուտելուց։
- Խմեք 50-ական մլ ազնվամորու թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
- 1ճ/գ ազնվամորու չոր տերևը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
- Խառնեք ազնվամորու պտուղ, լորենու ծաղիկ (1։1)։ 2 ճ/գ չոր հումքը 40 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
- 1 ճ/գ ազնվամորու չոր տերևը 10 րոպե եփեք 200 մլ ջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
- 1 ճ/գ ազնվամորու չոր ծաղիկը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-5 անգամ։
- Ջղախոտի (նույն ինքը` եզան լեզու) 2 ճ/գ չոր կամ 4 ճ/գ թարմ խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողում։
- Նռան հատիկները եփեք ջրի մեջ (1։4)։ Խմեք 50-ական մլ` օրը 5 անգամ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: