
Նաիրա Զոհրաբյանի հորդորը Արմեն Աշոտյանին. Ինքնուսույցներ վարձեք

ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Աժ-ում հնչեցրած ելույթին:
«Երեկ այստեղ խոսվեց խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին, և ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունություն: Իհարկե, հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը և դատարկաբանությունը` ինտելեկտի հոմանիշ, ակնհայտ տափախակոսությունը` կրեատիվ լինելու հոմանիշ: Սակայն, մեկ խորհուրդ՝ հատկապես ինտելեկտի մասով: Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ սոցիալական ցանցերում ձեր որոշ կարկառուն օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում տասնյակ ուղղագրական սխալներ չլինեին»,- ասաց նա՝ հորդորելով Ա. Աշոտյանին ինքնուսույցներ վարձել, քանի որ «փողը ֆունկցիոնալ այլ նշանակություն ևս ունի` միայն ընտրություն կեղծելու համար չէ»:
Ավելի ուշ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ հակադարձեց Ն. Զոհրաբյանին՝ ասելով. «Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության, ցինիզմի մասին: Երբ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ, այդ լկտիության և ցինիզմի վառ դրսևորումն ինքն իր մաշկի վրա լավ զգացել է: Թե ում մասին է խոսքը՝ թող դրա մասին ինքը խոսի»: