Քարկապի դիլեման. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Կասկած գրեթե չկա, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան ճգնաժամը Մոսկվայի համար հանգեցնելու է լուրջ տնտեսական խնդիրների: Ընդ որում այդ մասին դատողություններ անելու համար պետք չէ առաջնորդվել կարճաժամկետ հաշվարկներով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ պատժամիջոցները մի օրում լինելիք բան չեն: Այսինքն` ԱՄՆ-ը տալիս է երկարատև, նույնիսկ տարիների պայքարի ազդակ: Սրա վկայությունն է նրա մեկ այլ հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը կթույլատրի գազի արտահանում Եվրամիություն և այսպիսով կծածկի ռուսական գազի պահանջարկը, հնարավորություն տալով Եվրամիության երկրներին դուրս գալ ռուսական գազից կախվածությունից: Իսկ ԱՄՆ-ը դեպի Եվրամիություն բնական գազ կարող է մատակարարել լավագույն դեպքում մեկուկես-երկու տարի հետո: Սա նշանակում է, որ Օբաման տալիս է առնվազն երկամյա պայքարի ազդակ, այսինքն` ԱՄՆ-ը առնվազն առաջարկում է Ռուսաստանի երկամյա պաշարում:

Եվ այստեղ արդեն կոնկրետ պատժամիջոցները դառնում են ինչ-որ առումով երկրորդական, որովհետև հենց ինքը պաշարման քաղաքականությունն ու ազդակները արդեն իսկ նշանակում են ներդրողների արձագանք, այսինքն` անվստահություն Ռուսաստանի տնտեսության հանդեպ: Ըստ փորձագետների` ուկրաինական ճգնաժամից ի վեր ռուսաստանյան ՀՆԱ-ն կորցրել է մոտ 1,8 տոկոս, ինչը իսկապես զգալի թիվ է: Եվ սա դեռ միայն սկիզբն է: Կասկած չկա, որ կորուստները շարունակվելու են, ընդ որում` աճելու է նաև դրանց դինամիկան: Այս ամենին անհնար է Հայաստանից հետևել առանց տագնապի:

Հայացքները կարող են պայմանավորված լինել այս կամ այն կողմի հանդեպ նախընտրությամբ, պայմանավորված և՛ էմոցիոնալ ու զգայական հիմքերով, և՛ նաև ուղղակի արժեքային ու գաղափարական, աշխարհայացքային կողմնորոշիչներով, սակայն մի հարցում այս ամենը մղվում է մի կողմ, և մենք որպես պետություն և հասարակություն պետք է հասկանանք, թե ինչ է անելու Հայաստանը, որը բոլոր հնարավոր և անհնար թելերով տասը տարի և ավելի կապվել է Ռուսաստանին, իսկ վերջին ամիսներին՝ սեպտեմբերի 3-ից հետո այդ ամենն ուղղակի քարկապ է գցել:

Ի՞նչ պետք է լինի Ռուսաստանի հետ քարկապ ընկած Հայաստանի վիճակը, ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու խուսափել մի երկրի տնտեսական անկումների հետևանքներից, որտեղ ապրում և աշխատում են հարյուրավոր հազարների հասնող հայաստանցիներ և պահում են այստեղ իրենց ընտանիքները, տարեկան ապահովելով ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի տրանսֆերտ և այսպիսով Հայաստանում պահելով գնողունակության գոնե նվազագույն մի մակարդակ: Ինչպե՞ս է պետք է լինի Ռուսաստանի հետ քարկապ ընկած Հայաստանի վիճակը, երբ Հայաստանում տնտեսության մեջ հիմնական կապիտալիզացիան, ըստ էության, ռուսական է, առավել ևս ռուսական է էներգետիկ ողջ սեկտորը, և առավել ևս, որ Հայաստանում սպասվող գրեթե բոլոր խոշոր ներդրումները հենց Ռուսաստանից են ակնկալվում:

Եվ այս ամենով հանդերձ, հարցերի հարց է դառնում և այն, որ Հայաստանն ի զորու չէ կատարել այս քարկապությունից ձերբազատվելու քայլեր, որովհետև այդ քայլերը պահանջում են կտրուկ քաղաքական որոշումներ, կամք, ինչը, սակայն, կարող է հանգեցնել Ռուսաստանի հակազդեցությանը, և սա այն դեպքում, որ Հայաստանում, այսպես ասած, ընդդիմադիր ուժերն այդ հարցում Ռուսաստանին բացահայտորեն առաջարկել են իրենց ծառայությունները:

Այս հարցերը Հայաստանում չեն քննարկվում, չեն բարձրաձայնվում: Երկրի ներսում զբաղված են փոխադարձ մանր գրոհներով և հակագրոհներով: Հայաստանի ներքաղաքական շրջանակին թողնված է միմիայն այդ մասշտաբը: Ամեն ինչ հանձնված է բախտի քմահաճույքին: Քաղաքական ուժերը սպասում են բախտին, որ Ռուսաստանը, Եվրոպան կամ Ամերիկան Սերժ Սարգսյանին հեռացնելու որոշում կկայացնեն և կդիմեն իրենց ծառայություններին: Սերժ Սարգսյանը փորձում է բոլորին ցույց տալ, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա մեկը, որը ավելին կանի և՛ Արևմուտքի համար, և՛ ավելին կանի Ռուսաստանի համար, այսինքն` իրեն փոխում են, որ ի՞նչ անեն:

Առայժմ կարծեք թե աշխատում է նրա տարբերակը, այսինքն` համոզիչ է Սերժ Սարգսյանը: Կամ ավելի ճիշտ` առայժմ պարզապես չկա որևէ նոր որոշում, և չի բացառվում, որ դրա պատճառը ոչ թե մեկի համոզիչ լինելը կամ մյուսների անհամոզիչ լինելն է, այլ պարզապես այն, որ ոչ ոք ժամանակ չունի քիչ թե շատ խորը զբաղվել Հայաստանի խնդրով, հատկապես երբ ընտրական ցիկլին դեռ երեք տարի ժամանակ կա, և առանձնապես նոր դերակատարներ էլ չկան. բոլորին արդեն լավ ճանաչում են: Որ դրսում Հայաստանով զբաղվող չկա` դա ողբերգություն չէ, բայց որ ներսում Հայաստանով զբաղվող չկա,- եթե, իհարկե, մանր «ռազբորկաները» Հայաստանով զբաղվել չհամարենք,- դա արդեն լրջագույն խնդիր է:
Ակնհայտ է, որ Հայաստանի համար ավելի ու ավելի անհրաժեշտ են դառնալու բեկումնային որոշումները և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում` թելադրված արտաքին մարտահրավերներով, որոնք պահանջում են արմատական որոշումներ նաև երկրի ներսում: Ակնհայտ է նաև, որ իշխանությամբ և ոչ իշխանությամբ այս քաղաքական համակարգը անընդունակ է քննարկել այդ հարցերն ու ծավալել առարկայական բանավեճ` հասարակությանն առաջարկելով գործնական քայլեր:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս