Ովքեր դեմ կքվեարկեն ռուսներին

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը դեմ է քվեարկելու այդ կառույցում Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը քվեարկության և ձայնի իրավունքից զրկելու, ռուսական պատվիրակության լիազորությունները կասեցնելու մասին բանաձևին:

Ապրիլի 7-ի ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին այս բանաձևին հակված է դեմ քվեարկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Նա ասել է, որ վերջնական որոշում է կայացնելու բանաձևի հեղինակների հետ հարցը քննարկելուց և մի քանի գործոնների վերաբերյալ պատասխաններ ստանալուց հետո:

Իսկ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասել է, թե այդ հարցը դեռ չի քննարկվել, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, թեև որոշում կայացրել է` ինչպես քվեարկել, բայց որոշումը նախընտրել է չհրապարակել:

«Օրը կգա, կիմանաք, երբ կքվեարկեմ, այդ ժամանակ կգամ ու կհիմնավորեմ, թե ինչու եմ այդպես քվեարկել»,- 168.am-ին ասել է նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս