Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, և միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Երկրի էներգետիկ անկախության և անվատանգության մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է հավանություն տալ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին, որը հնարավորություն կտա արագացնել աշխատանքների ընթացքը, քանի որ ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման համար մնացել է կարճ ժամանակ:
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է մինչև նախագծային ժամկետի ավարտը եղած պլանային նախազգուշական վերանորոգումների ընթացքում իրականացնել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար պահանջվող աշխատանքները, միաժամանակ ակտիվացնել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները:
Ծրագրի իրականացման համար մինչև մայիսի 1-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր կստորագրվի, որից հետո ՀԱԷԿ-ի և «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ընկերության միջև՝ «Հայկական ատոմային էլեկտրակայնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության հիմնավորման» մասին պայմանագիր կստորագրվի:
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, հետևաբար շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբեր: Վերաթողարկումից մինչ օրս իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումներ: Անվտանգության բարձրացման միջոցառումները իրականացվում են ինչպես սեփական միջոցների, այնպես էլ դոնոր երկրների օգնությունների հաշվին: