Դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը գրավով փոխելու մասին միջնորդությունը
Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լևոն Ավետիսյանին: Պաշտպանն ասաց, որ գործը վարույթ ընդունելուց հետո դատավորն այնպիսի գործողություններ է կատարել, որոնք օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում նրա անկողմնակալությունը:
Արա Զաքարյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանին վերագրված երկու հանցագործություններից մեկը, ըստ նախաքննական մարմնի՝ կատարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին, երկրորդը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում: Հետևաբար, ըստ Արա Զաքարյանի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի կարող այն քննել:
Արա Զաքարյանն ասաց նաև, որ դատավոր Լևոն Ավետիսյանը որոշել է Վ. Ավետիսյանի նկատմամբ ընտված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնել՝ պատճառաբանելով, որ այն փոփոխելու հիմքեր չկան:
«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն առանց որևէ հիմնավորված և փաստարկված պատճառաբանությունների անփոփոխ թողնելու ձեր որոշումը կասկածի տակ է դնում ձեր նկատմամբ հանրության և ամենից առաջ պաշտպանական կողմի վստահությունը՝ առաջացնելով ողջամիտ կասկածներ առ այն, որ դուք ամենևին էլ մտադրված չեք սույն գործի շրջանակներում ապահովել օրենքները, այլ կատարելու եք միայն այնպիսի քայլեր, որպիսիք ձեռնտու են լինելու ՀՀ իշխանությանը:
Հակառակ դեպքում՝ ինչով բացատրել այն դառը իրողությունը, որ սույն գործով Ձեր կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումները կատարվել են ի վնաս պաշտպանության կողմի և Ձեր կամայականությունների հետևանքով պաշտպանյալս առ այսօր պահվում է կալանքի տակ: Գործի նյութերից երևում է, որ Վոլոդյա Ավետիյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2014թ. մարտի 19-ին:
ՀՀ իշխանությունը չէր կարող հստակ չգիտակցել, որ գործը նախաքննության փուլում գտնվելու դեպքում այլևս չի կարողանալու պաշտպանյալիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել: Դրանից ելնելով էլ՝ որոշվեց այն հրատապ ուղարկել դատարան, որպեսզի մինչև այդ ժամկետի լրանալը դատարանը կայացնի Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում, որն էլ իր հերթին հիմք կհանդիսանա պաշտպանյալիս անազատության մեջ պահելու համար:
Այս նպատակին հասնելու համար քրեական հետապնդման մարմինը, թույլ տալով Քրեադատավարական օրենքի էական և կոպիտ խախտումներ, քրեական գործը հրատապ ուղարկեց դատարան՝ անգամ չցանկանալով կատարել այնպիսի քննչական գործողություններ, որոնց կատարումը պարտադիր էր և որպիսիք դատարանում հնարավոր չէ կատարել: Ցավոք, դատարանն էլ Ձեր նախագահությամբ իր հերթին շարունակեց թույլ տալ այնպիսի խախտումներ, որպիսիք ուղղված էին Վոլոդյա Ավետիսյանին ամեն գնով կալանքի տակ պահելն արդարացնելու համար»,- ասաց Արա Զաքարյանը:
Պաշտպանը նշեց, որ դատավոր Լևոն Ավետիսյանը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացրել սահմանված ժակետից շուտ, ինչի հետևանքով իրենք զրկվել են ներկայացված միջնորդությանը դատարանի կողմից լուծում տալու իրավունքից:
Արա Զաքարյանն այօր դատարանում միջնորդեց նաև Վոլոդյա Ավետիսյանի կալանքը փոխել գրավով: Դատավոր Լևոն Ավետիսյանն ասաց, որ Արա Զաքարյանի դիմումը այն մասին, որ ինքը միջնորդություն ունի, դատարանում ստացվել է մարտի 18-ին, իսկ դրանից մեկ օր առաջ արդեն դատարանը կայացրել էր դատական քննություն նշանակելու մասին որոշում:
Դատավորը խորհրդացական սենյակից վերադառնալուց հետո մերժեց ինքնաբացարկի, ինչպես նաև կալանավորումը գրավով փոխելու մասին միջնորդությունները: Ամբաստայալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի նաև դատարանին, սակայն նրա խոսքով՝ այս դատական նիստի ընթացքում դատախազի արտահայտությունները ևս դնելու է ինքնաբացարկի միջնորդության հիմքում և դատարանից խնդրեց իրեն տրամադրել դատական նիստերի ձայնագրությունը պարունակող կրիչը: Դատավոր Լևոն Ավետիսյանը հետաձգեց դատական նիստը մինչև ապրիլի 2-ին: