Կառուցվում է Մեղրիի ինքնահոս համակարգը. Արմեն Գևոգյանն ընդունել է ՀԲ առաքելությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ջրային պաշարների համապարփակ կառավարման խնդիրներն ուսումնասիրող առաքելությանը` ջրային պաշարների ավագ մասնագետ  Ուինսթոն Յունի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկեցին ջրային պաշարների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ մտադիր են Հայաստանի կառավարության հետ քննարկել Հայաստանում ջրային պաշարների կառավարման ներկա իրավիճակի, ընթացիկ մարտահրավերների ու հնարավորությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների նախաձեռնման հնարավորությունը:

Փոխվարչապետը նկատեց, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման  խնդիրներն արդիական են Հայաստանի համար, եւ կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս այդ հարցին: Նա տեղեկացրեց, որ օրերս հրապարակվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վերաբերյալ բավականին համապարփակ ուսումնասիրություն, որն իրականացվել էր  ՀՀ կառավարության առաջարկով` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Փոխվարչապետն առաքելությանն առաջարկեց  մասնավորապես ուսումնասիրել ջրային պաշարների արդյունավետ կառավարման ազդեցությունը  տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա:

Ա. Գեւորգյանը նաեւ նշեց, որ մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է ջրի կուտակման նոր հնարավորությունների ստեղծումը, եւ այդ նպատակով կառավարությունը ջրամբարաշինական խոշոր ծրագրեր է նախաձեռնել: Ներկայումս գործնական քայլեր են իրականացվում Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցման ուղղությամբ, քննարկվում է նաեւ  այլ ջրամբարների կառուցման հնարավորությունը: Այդ ծրագրերի իրականացման հարցում կառավարությունն ակնկալում է նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը:

Անդրադարձ եղավ նաեւ ՀԲ աջակցությամբ համակարգում իրականացվող ծրագրերին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ հաջողությամբ մեկնարկել է ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված քառամյա ծրագիրը: Ներկայումս իրականացվում են Մեղրիի ինքնահոս համակարգի շինարարական  աշխատանքները, ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է  ինքնահոս չորս նոր համակարգի կառուցում:

Ա. Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց նաեւ հանրապետության ոռոգման համակարգի ներկա իրավիճակի մասին, ինչպես նաեւ ընդգծեց  հետագա ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում  համապատասխան մարմինները  կհամագործակցեն ՀԲ-ի մասնագետների հետ:

Տարածքային կառավարման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս