Հաց և ցեղասպանություն

Հայաստանի վերաբերյալ տեսակետներ ներկայացնող ռուս քաղաքական գործիչներին ու քաղաքագետներին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի ազնվության ու անկեղծության պակասից: Նրանք Հայաստանի մասին խոսելիս ասում են այն, ինչ մտածում են՝ առանց ձևականություններին տուրք տալու:

Ժիրինովսկին ասում է՝ ճիշտ կլինի Ղարաբաղը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, մեկ այլ ազգայնական հայտարարում է՝ չեք ուզում մտնել Մաքսային միություն, «ռադներդ քաշեք Ղարաբաղից»: Դժվար է ասել՝ ինչն է նրանց դրդում լինել այդչափ անկեղծ՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությո՞ւնը, թե՞ իրենց անելիքն ուղղակիորեն տեղ հասցնելու ցանկությունը կամ առաջադրանքը:

Նման գործիչների թվին կարելի է դասել նաև հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովին, ով օրերս «168 Ժամին» տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանում շատերն արդարացիորեն քննադատում են Պուտինին` Չեչնիային և Ռամզան Կադիրովին ավելորդ լիազորություններ տալու համար, բայց դա հարցի գինն է: Կարելի էր Կադիրովին չտալ այդպիսի մեծ լիազորություններ, բայց այդ դեպքում հարց կլիներ` Չեչնիան կմնա՞ր Ռուսաստանի կազմի մեջ, թե՞ ոչ: Շատ են քննադատում Պուտինին, թե Կովկասին մեծ գումարներ են հատկացվում, այստեղից էլ կարգախոսը` «հերիք է Կովկասին կերակրենք»: Բայց եթե դու չկերակրես Կովկասին, նա ինքն իրեն կսկսի կերակրել, կամ մեկ այլ պետություն այդ հանձնառությունը կվերցնի իր վրա»:

Պարզ, ուղիղ, առանց ենթատեքստերի:

Մարկեդոնովն ասում է այն, ինչ ասելու իրավունք նրան տվել են Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, ռուսաց թագավորներին նամակներ գրող  մտավորականները՝ իրենց ստրկամտությամբ ու ռուսահաճությամբ: Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակները՝ որպես այդ քայլի անխուսափելիություն, ներկայացնում էին ու են նույն փաստարկները՝ Հայաստանի, Ռուսաստանում աշխատող հայերի անվտանգության խնդիրներ, ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների նվազման սպառնալիք, գազի գին և այլն:

Բոլոր այդ փաստարկներն ի վերջո հանգում են ֆիզիկական անվտանգության ու կուշտ լինելու պահանջմունքների բավարարմանը: Այսինքն՝ եթե չանդամակցեինք ՄՄ-ին, չէինք  կարողանա պաշտպանել մեզ ռուսական սպառնալիքից (ռազմական, քաղաքական և այլն), և չէինք կարողանա կերակրել մեզ՝ առանց Ռուսաստանից ստացվող օգնության: Սա  ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ստրուկի հոգեբանություն:

Ցանկացած ստրուկ ստրկատիրոջը հանդուրժում էր մահակի կամ մտրակի հարվածներ չուտելու և սովից չմեռնելու համար՝ հաց ուտելու համար: Ճիշտ նույն պատկերն է նաև հայ-ռուսական հարաբերություններում:

Եթե չենթարկվենք Ռուսաստանին, կստանանք մտրակի հարվածներ ու կզրկվենք հացից: Ու դրանից չզրկվելու համար իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստ են հրաժարվել ու հրաժարվում են Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից:

Եթե այսպես է մտածում մի երկրի քաղաքական էլիտան, կարելի՞ է արդյոք մեղադրել այն պետության քաղաքացուն, քաղաքագետին, քաղաքական գործչին, ով ազնվորեն ասում է այն, ինչ մտածում է իրենց տրվելու պատրաստ երկրի մասին: Ու դա ոչ թե Մարկեդոնովի, Իվանովի, Պոպովի անհատական կարծիքն է, այլ Ռուսաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշումը, որն արտահայտվում է Հայաստանի նկատմամբ գործնական քաղաքականության մեջ:

«Եթե դու չկերակրես Կովկասին, նա ինքն իրեն կսկսի կերակրել, կամ մեկ այլ պետություն այդ հանձնառությունը կվերցնի իր վրա»,- ասում է Մարկեդոնովը:

Նա այնքան ազնիվ է, որ, ի տարբերություն իր բազմաթիվ ռուս կոլեգաների՝ չի ներկայացնում միայն «արևմտյան դավադրության» սպառնալիքը, այլ անկեղծորեն ասում է՝ «նա ինքը կսկսի կերակրել իրեն»:

Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանին «փրկում» է ոչ միայն «այլ պետության հանձնառության», այլև անկախության, ինքնիշխանության «սպառնալիքից»: Ազատում է սեփական երկիրը «կերակրելու» պարտավորությունից:

1991 թվականի հանրաքվեով Հայաստանը ձեռք բերեց անկախություն, որն արդեն 23 տարի քաղաքականությամբ զբաղվողների ելույթներում ներկայացվում է՝ որպես անբեկանելի, անառարկելի արժեք: Սակայն գործնականում գրեթե բոլոր նրանք, ովքեր մասնակից էին անկախության համար մղվող պայքարին, այսօր պայքարում են օր առաջ Հայաստանի անկախությունը Ռուսաստանին հանձնելու համար:
Սա, թերևս, ոչ միայն կամ գուցե ոչ այնքան՝ քաղաքական, որքան հոգեբանական խնդիր է:

Մենք շատ ենք խոսում հայերի՝ ցեղասպանվածի հոգեբանության, այդ բարդույթը հաղթահարելու անհրաժեշտության մասին: Բայց գրեթե չենք քննարկում պետություն չունեցողի հոգեբանության, դրանից բխող բարդույթների հաղթահարման հարցը: Այն դեպքում, երբ պետություն չունեցող ու այն ունենալ չցանկացող ժողովուրդները ցանկացած պահի ենթակա են ցեղասպանվելու վտանգի: Անգամ այն պետությունների կազմում, որոնք լավ կերակրում են:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս