Բաժիններ՝

Պատգամավոր Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

«Հարգելի գործընկերներ, այսօր ձեզ եմ ներկայացնում ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Սևանա լճի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված խնդիրը, որը հիմնականում վերաբերում է նախագծով նախատեսված հավելյալ 70 մլն մ3 Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի ավելացմանը, այսինքն գործող օրենքով սահմանված 170 մլն մ3 փոխարեն նախատեսվում է այն դարձնել 240:

Հաշվի առնելով ոլորտի մասնագետների և բնապահպանների կարծիքները` նշված փոփոխությունը կհանգեցնի Սևանա լճի մակարդակի բացասական բալանսի, որը իր հերթին հակասում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքին: Նման խնդիր առաջացել է դեռևս 2008 և 2012 թվականներին, երբ հանրապետության տարածքում երաշտ էր: Դրա լուծման նպատակով հավելյալ ջուր է բաց թողնվել Սևանա լճից` այն հասցնելով մոտ 320 մլն մ3:

Այսինքն՝ կառավարությունը ունենալով բավական երկար ժամանակահատված` կոնկրետ գործողություններ չի իրականացրել լրացուցիչ ջրամբարներ կառուցելու նպատակով և այսօր օրենսդրին կանգնեցնում է այն փաստի առաջ, որ Արմավիրի մարզի շուրջ 30 համայնքի 8000 հա հողատարածք հնարավոր չէ ոռոգել առանց լրացուցիչ ջրի բացթողման: Իհարկե, մենք օգնել ենք և պարտավոր ենք օգնել գյուղացուն ոռոգման հարցում, սակայն պետք չէ մոռանալ նաև որ հարցի մյուս կողմում դրված է Սևանա լճի պահպանման և վերարտադրման խնդիրը, որը ամրագրված է 2001 թվականի Սևանա լճիմասին ՀՀ օրենքով:

Անհասկանալի է նաև կառավարության այն մոտեցումը, որ նախագծով նախատեսվում է փոփոխությունը սահմանել 5 տարի ժամանակահատվածով, երբ նրանք մեզ հավաստիացնում են, որ լրացուցիչ ջրանբարների կառուցման հարցը կլուծվի մոտ 1-2 տարվա ընթացքում:

Այս ամենից ելնելով` օրենսդիրը չի տեսնում հստակ երաշխիքներ, որ այդ 5 տարվա ընթացքում կլուծվեն լրացուցիչ ջրամբարների կառուցման հարցերը և Սևանն այլևս չի դիտարկվի որպես ջրամբար, քանի որ Սևանը համարվում է կենդանի օրգանիզմ և ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր երկրի համար:

Խնդրի լուծման ևս մեկ եղանակ պետք է դիտարկել Արարատյան դաշտի մոտ 1,5 մլրդ մ3 արտեզյան ջրերի հավաքումը մեր երկրում, որը ձկնաբուծարանների կողմից օգտագործվելուց հետո, հոսում է երկրի սահմաններից դուրս: Այդպիսով լուծում կտրվի հողատարածքների ոռոգման խնդիրներին, և այլևս Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու կարիք չի լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս