ՀՅԴ-ն առաջարկում է հետաձգել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի մրցույթը

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, որը կայանալու է ապրիլի 4-ին:

Նա ընդգծեց, որ Օպերայի և բալետի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ. նրան մշակութային ոլորտում բացառիկ դեր է վերապահված: Աղվան Վարդանյանը հորդորեց մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել Օպերայի թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խորը քննարկումներ անցկացնել, մշակել զարգացման հայեցակարգ, ապա նոր միայն առաջ գնալ:

Նա հայտնեց, որ ՀՅԴ խմբակցությունն այս առնչությամբ դիմել է Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին:

«Պարոն Թումանյանը առաջարկում է նախ հիմնավորված ընտրություն կատարել հնարավոր երեք մոդելների միջև. առաջին՝ Օպերային թատրոնը իրականացնում է օպերային թատրոնի, մեծ թատրոնի, Հայաստանի Գրանդ օպերայի լիարժեք ֆենոմենը, որի մշակութաբանական առաջնահերթությունն է մշակույթի ոլորտը ՀՀ պետականության անբաժան և անհրաժեշտ բաղադրիչը դարձնելը, երկրորդ՝ Օպերային թատրոնը տեխնոլոգիական համալիր է, որը գործում է շոու բիզնեսի ձևաչափում, և որի առաջնահերթությունը տնտեսական բնույթի է, իսկ հիմնական նպատակը՝ շահույթ ստանալը և երրորդ՝ Օպերային թատրոնը Մշակույթի տուն է, Ժողովրդական տուն, որի խնդիրը բնակչության բազմապրոֆիլ սոցիալական սպասարկումն է: Պարոն Թումանյանն իրավացիորեն գտնում է, որ առանց գաղափարախոսության հստակեցման, առանց մոդելի ընտրության՝ կայանալիք մրցույթը մեզ տանելու է ոչ մի տեղ, ավելի ստույգ՝ տաճար չի տանելու:

Մենք համաձայն ենք մաեստրոյի դիտարկումներին և համոզված, որ թվարկվածներից միայն առաջին մոդելի փաստարկված-մշակված ռազմավարությամբ է հնարավոր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին մեր մշակութային կյանքում համակարգաստեղծ գործառույթ ու բովանդակություն հաղորդել»,- փոխանցեց նա:

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է հետաձգել տնօրենի մրցույթը և քննարկումների միջոցով ձևակերպել առաջին մոդելի հայեցակարգը:

Տեսանյութեր

Լրահոս