Ախր կորցնում ենք նաև Հայաստանը. «ՀԺ»

ՀԺ-ն գրում է. Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի փաստացի անկումը մեր գիտակցության մեջ պատմության ողբերգական էջեր է ոգեկոչում։ Քեսաբի հայությունը կրկին տնավեր եղած, կրկին գաղթականի կարգավիճակում, կրկին ստիպված է կողոպուտից ու սպանդից խուսափելու ճարահատ քայլեր ձեռնարկել, կրկին ստիպված է դիմել այս ու այն իշխանություններին, նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ փրկության հույս որոնելով։ Ու սա հերթական մարտահրավերն է մտածել հայության ճակատագրի, և պատմության այն անիվի մասին, որ մեզ անընդհատ քաշում է իր մսաղացի մեջ։
Իրականում սակայն, պատմության անիվը ոչ մի մեղք չունի, որովհետև կարծես այդ մենք ենք, որ չենք ցանկանում դուրս գալ այդ անիվից, ի հեճուկս այն բանի, որ նա անընդհատ նորանոր շանսեր է տալիս մեզ։ Իսկ մենք աշխարհը շարունակում ենք տեսնել անիվի միջից և անիվաբնակի տրամաբանությամբ, և ամեն անգամ հովանավորներ ու փրկիչներ ենք փորձում գտնել մեզ համար, որ մեգ կերակրեն, տաքացնեն, մինչև գարուն ապրեցնեն։ Թե ինչ գնահատանքի էր արժանի այսպիսի պահվածքն ու մոտեցումը մեկ. երկու դար առաջ, սա թերևս չի էլ առնչվում թեմային։ Բայց 21-րդ դարում նման մտածողությամբ առաջնորդվել նշանակում է ադեկվատ չլինել իրավիճակին։ Շատերը կհարցնեն ի՞նչն է փոխվել 21-րդ դարում, չէ՞ որ աշխարհը մնացել է նույնը։ Աշխարհն, իհարկե, մեծ հաշվով նույնն է մնացել, բայց մեր կարգավիճակն է փոխվել այդ աշխարհում. մենք այլևս պետականության ունեցող ազգ ենք։
Սա պիտի փոխեր մեր կարգավիճակը չփոխվող այս աշխարհում, հիմա արդեն աշխարհի ցանկացած հայ պիտի ապրի այն տրամաբանությամբ, որ այլեւս Արեւելքը, Արևմուտքը, Հյուսիսը և Հարավը այն տեղերը չեն, որտեղ մենք պետք Է պաշտպանություն փնտրենք, որովհետև մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու գործիք ի դեմս Հայաստանի Հանրապետության։ Հարց կհնչի բայց Հայաստանը ինչպես պիտի մեր անվտանգությունն ապահովի Քեսաբում։ Պատասխանը գուցե մի քիչ ճակատային հնչի, ներող եղեք, եթե այդպես լինի, բայց պետականություն ունեցող ժողովրդի զավակը ինչո՞ւ պիտի ապրի Քեսաբում, Լիբանանում. ԱՍՆ-ում, Ռուսաստանում։ Ի՞նչ Է նշանակում, ի վերջո, Հայաստան՝ հայերի երկիր, երկիր, որտեղ ապրում են հայերը։ Ուրեմն, ինչո՞ւ պիտի հայերը ապրենուր ասես՝ բացի Հայաստանից։ Որքան էլ հայկական համայնքները պատմական խորը արմատներ ունենան, հազար և ավելի տարվա պատմություն, բայց, ժողովուրդ ջան, էս Հայաստանը ո՞ւմ և ինչի՞ համար Է։ Սա մեր երկիրը, մեր տունն ու պետությո՞ւնն է, թե ռուսական կամ եվրոպական ֆորպոստ։

Գիտենք՝ Հայաստանը ապրելու տեղ չէ։ Իսկ Ամերիկան էդպես միշտ պլպլան ու գրավիչ երկի՞ր է եղել։ Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը։ Ավելի ենք կորցնում Հայաստանը, երբ Սիրիայի տնավեր եղած հայությունը կամ նրա զգալի մասը ապաստան է փնտրում ուր ասես, բայց ոչ Հայաստանում։ Բայց բոլորս միասին անգիր գիտենք Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Հավաքական ուժը ո՞րն է. ապրիլի 24-ը Մոնտեվիդեոյում, Մոսկվայում, Թեհրանում, Աթենքում, Փարիզում ամենուր նշե՞լը։ Ոչ, իհարկե, հավաքական ուժը մեր մեկտեղվելն է Հայաստանում, Հայաստանում ապրելը։ Խոսում ենք ազգային միասնության մասին. միասնությունը ո՞րն է, Արարատի պատկերները մեր տներում կախե՞լը։ Ոչ իհարկե. միասնականությունը Սահմանադրությունն է. օրինականությունը, իրավունքների և ազատությունների հարգումը, այսինքնա՝ իրար հետ, իրար կողքի ապրելու կանոններ ունենալը և այդ կանոնները հարգելը։
Քեսաբի դեպքերը հերթական ահազանգ են մեզ համար, հայությունը պետք է վերադառնա Հայաստան, կենտրոնանա Հայաստանում, ապրի Հայաստանում, պայքարի Հայաստանում, ստեղծագործի Հայաստանում, փող աշխատի Հայաստանում, բիզյնես անի Հայաստանում, կառուցի Հայաստանում, կառուցի Հայաստանը։ Ու Հայաստանն էլ իր բանակով, պետականությամբ ու հզորությամբ՝ պետք է պաշտպանի հայությանը։ Բայց Հայաստանը հզոր կարող է լինել, եթե երկուսի փոխարեն հինգ միլիոն բնակիչ ունենա, այսինքն՝ էդքան հարկատու, էդքան զինվոր, էդքան սպառող, էդքան Քաղաքացի։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս