«ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կառուցողական համատեղ աշխատանքին չեմ հավատում, և վերջ». Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթ զրուցել է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

-Ղրիմը միացնելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո տարածաշրջանը զարգացումների նոր փուլ է թևակոխում՝ ՌԴ-ն պատժամիջոցների տակ է, թեև թույլ, ՌԴ-ն ուկրաինական զարգացումներում չունեցավ ՄՄ անդամ երկրների բավարար աջակցությունը, Ղրղզստանը, որը ՄՄ անդամ պետության թեկնածու էր, ճանաչեց Ուկրաինայի նոր իշխանություններին. ինչպե՞ս եք գնահատում եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ապագան:

-Այն պատժամիջոցները, որոնք մենք տեսնում ենք Արևմուտքի կողմից՝ ուղղված Ռուսաստանին, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հետսովետական տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերի վրա: Այդ պատժամիջոցները որևէ կերպ ՄՄ խնդիրները չեն ավելացնում կամ պակասեցնում: Իսկ Մաքսային միությունում ՄՄ անդամ երկրները համաձայնություն ունեն և որևէ կերպ ՌԴ-ի դեմ չեն գործում: Այնպես որ, դրանք սխալ տվյալներ են: Ես ավելին կասեի, որ Նազարբաևը նույնիսկ ընդգծեց իր աջակցությունը Ռուսաստանին, ըստ իս:

Ես հասկանում եմ, թե ինչ տրամադրություններ կան Երևանի որոշակի քաղաքական խմբերի շրջանում, որոնք առիթ են փնտրում, որպեսզի ասեն, որ կարելի է չգնալ ՄՄ-ի ուղղությամբ: Սրա վերաբերյալ կա մի ունիվերսալ պատասխան. « Не хотите, не ходите, никто этого не заметит»: Պետք չէ հորինել, թե Ղազախատանն է դեմ ՌԴ-ին ուկրաինական հարցում, չկա այդպիսի բան: Այսքան բան: Ամեն ինչ ընթանում է իր հունով:
-Ի դեպ, պարոն Կոլերով, եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անխուսափելի տապալման մասին մտավախություններ հայտնում են ոչ միայն հայաստանցի փորձագետները, այլև արևմտյան և նույնիսկ ռուսական:

-Ռուսաստանում ազատ խոսքի իրավունք է, և Ռուսաստանում կան փորձագետներ, որոնք շատ են սիրում Ադրբեջանը, կան փորձագետներ, որոնք չեն սիրում Լեռնային Ղարաբաղը, կան փորձագետներ, որոնք չեն սիրում ՀՀհայաստանը: Ինչո՞ւ նրանց հղում անել:
-Ի՞նչ կարելի է սպասել տարածաշրջանում առաջիկայում, այսինքն՝ որո՞նք են լինելու ՌԴ գործողությունները Հարավարևելյան Ուկրաինայում:

-Էսկալացիան ընթանում է՝ անկախ նրանից, թե ինչ ասաց այսօր Վլադիմիր Պուտինը: Էսկալացիան շարունակվելու է, շարունակվելու են Կիևյան նոր իշխանությունների փորձերը՝ իրենց ենթարկեցնելու Հարավարևելյան Ուկրաինան, այդ փորձերը կոնֆլիկտային են լինելու, կարելի է ասել, որ քաղաքացիական պատերազմի շեմին և դրա սահմաններից դուրս: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ իմ կարծիքով, կախված է, բացառապես Հարավարևելյան Ուկրաինայի շրջանների ղեկավարության քաղաքական հասունությունից:

-Օրերս Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մի սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում, այդ իսկ պատճառով լավագույն տարբերակը Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելն է: Ղրիմը ՌԴ կազմ մտցնելուց հետո կան նույնիսկ տեսակետներ, թե ԼՂ-ն կարող է հետևել Ղրիմի օրինակին: Որքանո՞վ է իրական սա դիտարկելը՝ որպես հնարավոր սցենար:

-Սրանք տեսական քննարկումներ են: Ղարաբաղի կամքը արդեն արտահայտվել է, դրա վերաբերյալ կասկածներ չկան, ուստի տեսականորեն խոսել կարելի է ցանկացած բանի մասին: Ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջարկել, որպեսզի ԼՂ-ն միանա ԱՄՆ-ին: Բայց սա տեսություն է: Ղարաբաղյան ընտրությունը Հայաստանի ուղղությամբ վաղուց կայացած փաստ է: Ես չեմ տեսնում հիմքեր դրա համար՝ տեսնելով ԼՂ ժամանակակից քաղաքականությունը: Ամեն ինչ կախված է հենց ղարաբաղցիների որոշումից, իսկ ղարաբաղցիներն իրենց որոշումն արդեն կայացրել են: Եթե ԼՂ ժողովուրդը ցանկանա միանալ ՌԴ-ին, ապա պետք է համաձայնեցնի այդ հարցը Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն է հանդիսանում Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Քննարկումն այս մասին հենց այստեղից պետք է սկսել:

-Պարոն Կոլերով, գիտեք, որ հայաստանյան քաղաքական չորս ուժեր ձգտում են կոնսոլիդացիայի և ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու: Ըստ Ձեզ, այս ուժերը կարո՞ղ են ստանալ Ռուսաստանի աջակցությունն իրենց նախաձեռնության ճանապարհին:

-Իսկ նրանք չե՞ն ցանկանում ունենալ ՌԴ-ի աջակցությունը: Դա, կարծում եմ, Հայաստանի ներքին գործն է, ես ինքս չեմ հավատում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կառուցողական համատեղ աշխատանքին: Չեմ հավատում և վերջ:

Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս