Լ. Զուրաբյան. Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այն, ինչ եղավ Յանուկովիչի հետ, կարող է լինել իրենց հետ

ԱԺ ոչ իշխանական ուժերը, ինչպես տեղեկացրել ենք, այսօր համատեղ դռնփակ նիստում որոշել են ապրիլի 28-ին ԱԺ-ին ներկայացնել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ քառյակի նիստը «բավական արդյունավետ» էր. «Քառյակը կայացրել է որոշումներ կառավարությանն անվստահություն հայտնելու, «Դեմ եմ» շարժմանը քառյակի մասնակցության, և մարտի 24-ի ԱԺ քառօրյային արտահերթ քննարկման ռեժիմով նախագծի ներկայացման հարցերի շուրջ»:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ կառավարության անվստահության համար ԱԺ քաղաքական չորս ուժերը ստորագրահավաք են սկսելու՝ ապրիլի 28-ի քառօրյայում հարցը դնելու նպատակով: «Բոլորիդ շնորհավարում եմ, որ այսքան սպասված որոշումը վերջապես տեղի ունեցավ և կարծում եմ, որ սա տեխնիկական որոշում չէ, այլ՝ մի ամբողջ գործընթացի սկիզբ: Քանի որ բոլոր չորս քաղաքական ուժերը հասկանում են, որ սա գործընթացի սկիզբ է, մենք արդեն վաղուց սկսել ենք, հիմա էլ նոր զարկ ենք տալու այս հարցի շուրջ գործընթացի կազմակերպման գործին:

Առաջին հերթին մենք որոշել ենք մշակել սոցիալ-տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր, որոնք պետք է կատարվեն այն կառավարության կողմից, որը պետք է գա անվստահությունը հայտնելուց հետո: Խոսքը այն քայլերի, ծրագրերի մասին է, որը պետք է կատարի ՀՀ կառավարությունը երկիրը այս վիճակից հանելու նպատակով»,- նշեց նա:

Լ. Զուրաբյանը փոխանցեց, որ քառյակն այսօր որոշել է ընդունել մարտի 22-ին կայանալիք «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու հրավերը:

Հարցին՝ արդյոք Կառավարության անվստահություն հայտնելու մասին քառյակի նախագիծը ապրիլի 28-ին ներկայացնելու որոշումը կապվա՞ծ է կուտակային կենսաթոշակային հարցում ՍԴ որոշման հետ, որը կկայացվի մարտի 28-ին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե ՍԴ որոշումը վճռական դեր չի ունեցել, բայց հաշվի առնվել է:

«Մենք բազմաթիվ գործոններ հաշվարկել ենք, այդ թվում նաև այդ գործոնը, բայց այն վճռական դեր չի խաղացել մեր որոշման համար: Մենք պետք է տեսնեինք, թե որքանով են հասունացած գործոնները, որքանով են նպաստելու դրանք գործի հաջողմանը: Բայց ասել, որ ՍԴ-ի հետ կապված լսումների օրը վճռական նշանակություն է ունեցել, այդպես չէ»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշմանը նպաստեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ ուզում եմ նսեմացնել, ոչ ուզում եմ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ներդրում ունեն որոշումների կայացմանը հարցումը, բոլորը… Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին ու մենք դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ՀՀԿ-ից ազդակներ կա՞ն, որ իրենք էլ կպաշտպանեն Կառավարությանն անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությանը, արդյոք իշխող մեծամասնությունից բեկորներ կպոկվե՞ն:

Ի պատասխան Լևոն Զուրաբյանը նշեց. «Կարծում եմ, որ մենք այնպիսի մի գործընթացի մեջ ենք, որտեղ ոչ այդ բեկորներն են կարևոր, ոչ էլ կուլիսային բանակցությունները: Բոլորս էլ հասկանում ենք՝ իշխանությունները կնահաջնեն միայն այն դեպքում, երբ ժողովուրդը դուրս գա հրապարակ, և մեր նպատակն է ապահովել համաժողովրդական մոբիլիզացիա Ազատության հարապարակում: Այս առումով մենք նաև մշակում ենք համատեղ միջոցառումներ չորս քաղաքական ուժերի կողմից, մենք որոշել ենք սկսել համատեղ աշխատել հանրային, զնագվածային միջոցառումների կազմակերպման վրա: Բեկորները կլինե՞ն, կուլիսային բանակցություններ կլինե՞ն, թե՞ ոչ՝ դրանք կլինեն հետևանքներ ժողովրդի ակտիվության»:

Անդրադառնալով նոր կառավարության կադրերի մասին հարցին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ քառյակը կադրային, անհատական նշանակումների հետ կապված հարցեր չի քննարկել: Նա հիշեցրեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք պաշտոններ չեն վերցնելու, ապա նշեց, որ իրենք ցանկություն ունեն ժողովրդին առաջարկել գոյություն ունեցող ճահիճից դուրս գալու ալտերնատիվ մի քաղաքական գործըթնաց:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունները կտրված են իրականությունից, բայց փողոցի շունչը զգալու են: «Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այն, ինչ եղավ Յանուկովիչի հետ, կարող է լինել իրենց հետ: Մի ասացվածք կա՝ միայն հիմարներն են սովորում սեփական սխալների վրա: Հիմա շանս կա սովորելու այլ ազգերի սխալների վրա: Նրանք պետք է հետևություններ անեն, եթե, իհարկե, անմեղսունակ չեն, իսկ ես չեմ համարում նրանց անմեղսունակ»,- ասաց նա:

Հարցին, թե ապրիլին նոր կառավարություն կունենա՞նք, Լևոն Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ մի երաշխիք, խոստում չեմ կարող տալ: Մենք սկսել ենք գործընթաց, որի երաշխիքը ժողովրդի մասնակցությունն է, քաղական չորս ուժերի համախմբումը: Այս ամբողջ գործընթացի համար, որ մենք նախատեսել ենք, ոչ ոք ձեզ չի կարող տալ ոչ երաշխիք, ոչ հարյուր տոկոսանոց կանխատեսում: Բայց եթե հաջողվի ժողովրդին ոտքի կանգնեցնել, դա արդեն ստեղծում է հաջողության երաշխիքներ: Ի վերջո, ձեր այդ սկեպտիցիզմը, անհավատությունը, ոչ մի օգուտ չի բերում երկրին: Սկեպտիկ լրատվամիջոցներին հորդորում եմ՝ տառապանքների պատճառով դարձել եք թերահավատ, որևէ լույս չեք տեսնում, դա կարող է փակել ճանապարհը դեպի զարթոնք»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե հնարավո՞ր է արդյոք, որ քառյակի անդամ կուսակցությունների ղեկավարների միջև հանդիպում տեղի ունենա: Ի պատասխան Լ. Զուրաբյանը նշեց. «Ինչու՝ ոչ: Այն պահից, երբ մենք տեսնենք, որ նման հանդիպումը կարևոր զարկ կլինի, ինչու՝ ոչ…»:

Հարցին, թե ի վերջո այս գործընթացները վերջնական  իշխանափոխության հանգեցնելո՞ւ են, թե՞ ոչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կատակեց. «6:30… օրը չգիտեմ, ժամը գիտեմ», իսկ Լևոն Զուրաբյանը շարունակեց.  «Աստված տա, որ ձեր ցանկությունը դառնա իրականություն»:

Տեսանյութեր

Լրահոս