Ալեքսանդր Արզումանյան. Կարող են մեր գլխին էլ նման «ինքնորոշում» բերել, ռուսական «ինքնորոշում»

Հնարավո՞ր է, որ Ղրիմի Հանրապետության` Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց, Մերձդնեստրյան Հանրապետության ղեկավարության կողմից ևս Ռուսաստանին միանալու մասին հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նույնպես հայտնվեն մարդիկ, ովքեր կողմ կարտահայտվեն Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելուն: ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, այսօրվա ասուլիսում  պատասխանելով այս հարցին, հիշեց հրապարակախոս Զորի Բալայանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Այդ մարդիկ արդեն հայտնվել են, կան այլ գործիչներ (հայ գործիչ դժվար է անվանել), ովքեր գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիների դեմ պայքարել է մոտ 70 տարի, որպեսզի փրկվի ադրբեջանական լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի  Ռուսական կայսրության լծից: Եվ այժմ շատ ավելի դժվար է լինելու ապագայում ինքնորոշվել այս վերականգնվող կայսրությունից:

Այդ պատճառով` սա շատ վտանգավոր է, սա Հայաստանի ապագան վտանգող, Հայաստանի անկախ կարգավիճակին սպառնացող գործողություն է: Սա ընդհանրապես անընդունելի է: Այսինքն` էդ մարդիկ օբյեկտ չեն, որ մեկից վերցնես, մյուսին տաս: Ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում լինի: Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, որ ստեղծի իր սեփական պետությունը, այլ հարց է` ինչպես ապագայում միմյանց հետ կհամագործակցեն մեր երկու պետությունները և ինչ լուծման կգան` Լեռնային Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, թե Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենա: Բայց խոսել այն մասին, որ պետք է Ադրբեջանից դուրս գա և մտնի Ռուսաստանի կազմի մեջ, աբսուրդ է»,- ասաց պարոն Արզումանյանը:

Բանախոսը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր կարծիքով` մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված հանրաքվեն նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, և նախադեպ պետք է համարել Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն, նմանատիպ գործընթացը Կատալոնիայում և այլն:

«Եթե երեկ հետևում էիք Վլադիմիր Վլադիմիրովիչի ելույթին, երբ հանդիպեց երկու պալատների հետ, և այն հորթային, բրեժնևյան տարիները հիշեցնող հրճվանքին, որ տիրում էր դահլիճում, ապա, իհարկե, վտանգավոր եմ համարում: Խոսքը ոչ թե մեզ հետ համեմատելի Ադրբեջանի մասին է, այլ մի անկանխատեսելի երկրի մասին (ահռելի տարածքներով և ահռելի զինամթերքով` ընդհուպ մինչև միջուկային զենքի ամենամեծ պաշարները), որը պատրաստ է ցանկացած պահի այսպիսի գործողություն անել նույնիսկ իր ամենահարազատ ժողովրդի նկատմամբ: Սա միջազգային իրավունքի տեսանկյունից անհասկանալի, դատապարտելի գործարք է, ևինչու ոչ, կարող են մեր գլխին էլ նման «ինքնորոշում» բերել, ռուսական «ինքնորոշում», ինչն արել են վերջին 200 տարիների ընթացքում: Հայաստանի ապագայով, Հայաստանի անկախությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքական ուժի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը չխաթարվի»,- շեշտեց Ա. Արզումանյանը

Տեսանյութեր

Լրահոս