Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյան. «Կարծում եմ՝ անկեղծ էր Ղրիմի ռուսների և թաթարների ուրախությունը, որ իրենք կարողացել են վերամիավորվել Ռուսաստանի հետ»

«Այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում՝ ես չեմ համեմատելու Արցախի հետ, որովհետև կա մի պարզ ճշմարտություն, որ այդ բոլոր իրավիճակները, որոնք, չգիտես ինչու, կոչվում են կոնֆլիկտ, որքան էլ ունենան նմանություններ, նրանց իրական էությունը կայանում է նրանց տարբերությունների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա ասաց, որ կարող է բերել բազմաթիվ օրինակներ, երբ նմանությունները կազմում են ավելի քան 90 տոկոս, բայց լուծումները կամ հետևանքները բոլորովին նման չեն իրար:

«Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակին, պետք է ասեմ, որ, ըստ էության, դրանով հզոր պետությունները նշում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը: Ես հիշեցնեմ, որ Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ տնտեսագետները, լուրջ քաղաքագետները, անգամ պատմաբանները նշում են ամենակարևոր բանը, որ Ռուսաստանը դառնում էր հզոր խաղացող այն դաշտում, որտեղ արդեն կային արևմտյան այլ պետություններ: Նույնը, ի դեպ, տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ: Այն ցուցանիշները, որոնք Սովետական Միությունն ուներ տնտեսական զարգացման մեջ, վերին աստիճանի անհանգստացնում էին այլ պետություններին, մասնավորապես` եվրոպական հզոր պետություններին և Միացյալ Նահանգներին»,- նշեց Լ. Ալավերդյանը:

Բանախոսի խոսքով` Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունների հենց սկզբից իր համար պարզ էր, որ այսպիսի գործընթացներով աշխարհը փորձում է վերանայել ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի, Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, այլև մինչև անգամ ռուս-թուրքական-ղրիմյան պատերազմի արդյունքները:

«Ուզում եմ հիշեցնել, որ, ընդհանուր առմամբ, փոքր ազգերի, ժողովուրդների բախտորոշ գործողությունները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական ֆոնի վրա: Օրինակ, ինքնորոշումները միշտ տեղի են ունեցել շատ խառը աշխարհաքաղաքական իրավիճակում»:

Ըստ Լ.Ալավերդյանի` քանի որ Ղրմում գիտեին, որ ճնշող մեծամասնությունը ռուսներ են և այլ ազգեր, որոնք Ղրիմի թաթարներ չեն, իրենք ունեին հստակ ձևավորված Ռուսաստանին միանալու միտումը.

«Այս վերջին տարիներին ես բազմաթիվ անգամներ եմ եղել Ղրիմում և ասեմ, որ այնտեղ ուկրաինական միայն երևի որոշ խանութների վրայի հայտարարություններն ու անվանումներն էին ուկրաիներեն, իսկ մնացածն իրենք շարունակում էին ինքնուրույն ապրել: Չնայած Ղրիմի սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, բոլոր դեպքերում, իրենք իրենց ավելի առանձնացված էին զգում: Ես կարծում եմ՝ անկեղծ էր Ղրիմի ռուսների և Ղրիմի թաթարների ուրախությունը, որ իրենք կարողացել են վերամիավորվել Ռուսաստանի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս