Ինչու են պակասել ջրերը
Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ անցկացնում է խորհրդարանական լսումներ:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է լուծել Սև ջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը, ինչպես նաև մինչև առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (Հրազդան գետ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը քննարկման ժամանակ նշեց, որ այս տարիների ընթացքում որոոշակի փոփոխություններ են տեղի ունեցել արտեզյան ավազանում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց,, թե արդյոք կոմիտեն ունի՞ պատճառաբանություն, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել: «Ասում եք՝ հողերի խոնավության աստիճանի փոփոխություն է տեղի ունեցել և պակասել են այդ հատվածում եղած ջրերը: Երաշտ չի եղել նախորդ տարիներին, կլիմայական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել: Ես վստահ եմ՝ երկրում կան մասնագետներ, որոնք գնահատականներ ունեն, մենք ունե՞նք այդ գնահատականները: Եվ ի՞նչ է տեղի ունենալու 2019 թվականին, եթե չհասցնենք ջրամաբարները, էլի ավելացնելու ու բացթողո՞ւմ եք անելու, թե՞ սպասվում են էլի կլիմայական փոփոխություններ, որ մեր պաշարները կշատանան»,- հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի պատասխան՝ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ եթե Եղվարդի ջրամբարը կառուցվի, ապա հինգ տարի հետո այս խնդիրը կլուծվի: «Որովհետև այդ դոտացիոն հնարավորությունը, որ մենք ուզում ենք Սևանի հաշվին ստեղծել, ջրամբարը հիմնականում կվերցնի իր վրա»,- հավաստիացրեց նա:
Ա. Անդրեասյանի խոսքով՝ մի քանի օրվա ընթացքում կառավարությունը կրապարակի միջոցառումների ցանկը, ինչից հետո այս ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկվեն: «Այս ամենը կբերի Սևանա ջրի զգալի խնայողությանն ու այս միջոցառումենրը կտան արդյունք, եթե բնական կատակլիզմներ չլինեն»,- հավելեց նա: