Թուրքական բանակը շուտով կստանա Mehmetçik նոր ինքնաձիգներ
Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է Mehmetçik (թուրք զինվորի փաղաքշական անունը – 168.am) նոր ինքնաձիգի պետական փորձարկումները: Մոտ ժամանակներս որոշում կընդունվի դրա զանգվածային արտադրության մասին:
Ներկայումս արդեն իսկ սկսվել է 200 միավորից բաղկացած ինքնաձիգի փոքր խմբաքանակի արտադրությունը: Ինքնաձիգի արտադրությամբ զբաղվում է թուրքական MKE ընկերությունը: Ակնկալվում է, որ Mehmetçik ինքնաձիգը հայտնվելու է կանոնավոր բանակի ու հատուկ նշանակության զորքերի սպառազինությունում:
Այն պետք է փոխարինի Heckler & Koch G3 տիպի 500.000 հնացած ինքնաձիգներին: Հնացած ինքնաձիգները նորերով փոխարինելու գործընթացն իրականացվելու է աստիճանաբար: Ներկայումս հայտնի չէ, թե երբ զորքերն ամբողջովին սպառազինված կլինեն Mehmetçik ինքնաձիգով:
MKE-ն Mehmetçik ինքնաձիգի մշակման գործընթացը սկսել է 2009 թվականից՝ համաձայն Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) հետ պայմանագրի: Զենքը ստեղծվել է գերմանական HK416-ի բազայի վրա:
Mehmetçik-ի տրամաչափը կազմում է 5.56 միլիմետր, քաշը՝ մոտ 3.6 կիլոգրամ, պահունակը՝ 30 փամփուշտ: Ինքնաձիգն ունի նշանաձողիկներ, լազերային թիրախանիշներ ու բռնատեղ: Ինքնաձիգը կարող է արձակել ինչպես կրակահերթեր, այնպես էլ՝ առանձին կրակոցներ: