Սպանախը` որպես նիհարեցնող սննդամթերք

Բուժիչ նամակներ

Սպանախը միամյա խոտաբույս է։ Բնության մեջ աճում է Այսրկովկասում, Թուրքմենիայում, Աֆղանստանում։ Հնագույն ժամանակներից մշակվել է մեր հայրենիքում։

Հիշատակվում է «Նաբաթեայի հողագործությունը» ձեռագրում, որը գրվել է 4-րդ դարում ժամանակակից Սիրիայի տարածքում։
Արաբական արշավանքների շրջանում բույսը սկսել են մշակել Հյուսիսային Աֆրիկայում և Իսպանիայում։

13-րդ դարում հայտնվել է Արևմտյան Եվրոպայում. Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա։ Առաջին եվրոպացիների հետ բույսը կտրեց, անցավ Ատլանտյան օվկիանոսը։
Սպանախը շատ մեծ ծավալներով է մշակվում ԱՄՆ-ում։ Արևմտյան երկրներում խանութներում վաճառվում են «սպանախի հաց» և կանաչ գույնի «մակարոնեղեն»։
Արաբ բժշկապետերը, որոնց մեջ բարձր դիրքեր են զբաղեցրել ազգությամբ հայ բժիշկները, բարձր են գնահատել սպանախի սննդարար և բուժիչ հատկությունները, անվանել են` «տերևաբանջարների թագավոր»։

Կարդացեք նաև

Գրավոր տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին։
ՀՀ-ում մշակվում են սպանախի տեղական, նաև ռոստովյան, հոլանդական, Վիկտորյա և այլ տեսակներ։

Քիմիական բաղադրությունը
Սպանախն աչքի է ընկնում ցածր կալորիականությամբ (ընդամենը` 23 կկալ) և բարձր սննդային արժեքով` տերևում պարունակվում է 3,4% սպիտակուց, 0,39 % ճարպ, մինչև 1,4% ածխաջրեր, 2,2 % բջջանք, 91% ջուր։ Պարունակում է մոտ 100 տեսակի օգտակար նյութեր, գրեթե բոլոր կենսահյութերը, մակրո և միկրոտարրեր, ֆլավոններ, օրգանիզմում չգոյացող բոլոր ամինաթթուները։

100 գ տերևում պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ 1-օրյա A վիտամինի 52 %, ֆոլիաթթվի 50 %, C վիտամինի 33 %, K վիտամինի 400 %, E վիտամինի 15 %, պիրիդոքսինի (B6) 10%, ռիբոֆլավինի (B2) 10 %, նիկոտինաթթվի (B3) 5%-10%, Կալիումի 25-33%, մագնիումի 20%, մարգանեցի 45 %, յոդի 9%, նաև պանտոտենաթթու (B6)-0,3 մգ (100 գ հումքի մեջ), բիոտին (H)-0,1 մգ, վիտամին D2, երկաթ-2,7-3,5 մգ, կալցիում-մոտ100 մգ, պղինձ, ցինկ, սելեն, քլորոֆիլ և այլն։

Սպանախում պարունակվող A և C վիտամինները կայուն են ջերմային մշակման հանդեպ, իսկ ֆոլիաթթուն քայքայվում է։ Ֆոլիաթթուն առաջին անգամ առանձնացվել է սպանախից։
Նման հարուստ քիմիական բաղադրություն քիչ մթերքներ ունեն։

Բացառիկ բուժիչ հատկությունները
Բացի A, C, E վիտամիններից, սելենից, ցինկից, սպանախը հարուստ է հակաօքսիդանտ հատկություններ ունեցող ֆլավոնային նյութերով։ Պարունակում է ապիգենին` նյութ, որը ներդրվում է քաղցկեղի բջիջների մեջ և տրոհում դրանք։

  • Լյուտեին` նյութ, որը կանխարգելում է կատարակտի զարգացումը, տեսողության տարիքային անկումը։
  • Պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են թքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, ինչի շնորհիվ լավ է յուրացվում սննդամթերքը։
  • Մարգանեցը կարևոր է նյարդային և շարժողական համակարգերի, ուղեղի նյութափոխանակության գործընթացների և ինտելեկտի զարգացման համար, անհրաժեշտ է մի շարք ֆերմենտների գոյացման համար։ Սպանախը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը։
  • D2 վիտամինն ունի հակառախիտային հատկություն. Ընդհանրապես սպանախը շատ օգտակար է երեխաներին` ապահովում է բոլոր օրգանների համաչափ զարգացումը և աճը։

Սպանախը կարգավորում է զարկերակային ճնշումը, օգտակար է սրտին, ամրացնում է արյունատար մազանոթները։

spanax1Ըստ հին հավատալիքի` սպանախով սննդակարգը նպաստում է հղիանալուն։ Անգլիացիները կարծում են, որ իրենց երկրում անպտղությունը չնչին տոկոս է կազմում, քանի որ նրանց սննդակարգն անչափ հարուստ է այդ հրաշալի տերևաբանջարով։
Ավանդական բժշկությունն օգտագործում է տերևի եփուկը` որպես մարսողությունը լավացնող և մետեորիզմը բուժող միջոց։

Եփուկ.– 2 ճ/գ թարմ տերևը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10-15 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Քրոնիկ փորկապության, մետեորիզմի, տուբերկուլյոզի, անեմիայի, ուռուցքների դեպքում խորհուրդ է տրվում տերևի թուրմը։
Թուրմ.– 2 ճ/գ թարմ տերևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

  • Սպանախի վերգետնյա մասից ստացված հյութը խորհուրդ է տրվում խմել այտուցների, առիթմիայի, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ռախիտի, լնդախտի, տուբերկուլյոզի, թութքի, միգրենի, նեֆրիտի, տեսողության խանգարումների դեպքում։ Թարմ սպանախը և հյութը հանգստացնում են նյարդային համակարգը, կանխարգելում ուռուցքների զարգացումը։

Հյութ. Խորհուրդ է տրվում խմել 100-ական մլ` օրը 3 անգամ։
Անեմիա. Խառնեք սպանախի և գազարի հյութերը (2։3)։ Խմեք թարմ կոկտեյլը` 100-ական մլ, օրը 3 անգամ։
Մրսածություն, ավիտամինոզ. Խառնեք սպանախի, խատուտիկի և գազարի հյութերը (1։1։3)։ Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ։

spanaxՍպանախը` որպես նիհարեցնող սննդամթերք
Ժամանակակից նիհարեցնող սննդակարգերում, որպես կանոն, նվազեցվում է ածխաջրերի քանակը. Սահմանափակվում է ոչ միայն հացի, մակարոնեղենի, շիլաների, այլ նաև մի շարք պտուղ-բանջարեղենի օգտագործումը։ Նման արգելքների պայմաններում սպանախը այն քիչ մթերքներից է, որ կարող է օգտագործվել որպես գարնիր` մսեղենի և ձկնեղենի հետ, միաժամանակ ապահովելով օրգանիզմը հեշտ յուրացվող որակյալ սպիտակուցներով, կենսանյութերով, միկրո և մակրոտարրերով։

Ի տարբերություն լոբեղենի` սպանախը չի ծանրաբեռնում մարսողական համակարգը և նպաստում է մկանների զարգացմանը։

Խորհուրդ է տրվում.

  • Նախաճաշին ուտել կարագով պատրաստված ձվածեղ` 2 ձվի սպիտակուց, 700 գ սպանախ։
  • Ճաշին պատրաստեք բանջարեղենային ապուր, 1,5 լ ջուր, 1 գազար, 1 նոր հավաքված կարտոֆիլ, 500-600 գ սպանախ (թարմ կամ սառեցրած), 1 ձու, 1 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 սոխով սոխեռած, աղ, սև պղպեղ, 1 կիտրոն։
  • Ընթրիքին մսի կամ ձկան հետ կերեք աղցան` 100 գ սպանախ, 100 գ այլ կանաչեղեն, ամսական բողկ, 1 ճ/գ բուսայուղ, 1-2 թ/գ քացախ, պղպեղ։

Նման կերպ կարելի է սնվել 3-ական օր, ամիսը 1-2 անգամ։

Սննդակարգի գաղտնիքը կայանում է հետևյալում. 100 գ սպանախը պարունակում է մոտ 2 մգ բջջանք` 1,3 կգ-ը` մոտ 25 մգ։ Այդ քանակի բջջանք և բավարար քանակի սպիտակուցներ պարունակող սննդակարգն իրոք ունի նիհարեցնող ազդեցություն (տե՛ս` «Լավագույն սննդակարգը ճիշտ սնվելն է», «168 Ժամ» 01.02.2013թ.)։
Կարևոր է իմանալ։ Սպանախը կարող է առաջացնել ալերգիա։
Հակացուցված է. լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Պետք է զգուշանան միզաքարային հիվանդության, հոդատապի, վահանագեղձի հիվանդությունների դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Տեսանյութեր

Լրահոս