Սաուդյան Արաբիայում արգելվել է ավելի քան 400 գիրք
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պահպանողական Սաուդյան Արաբիայում ավելի քան 400 գիրք հայտարարվել է արգելված: Դրանց թվում են հայտնվել նաև պաղեստինցի հայտնի գրող Մահմուդ Դերվիշի ստեղծագործություններ:
Համապատասխան որոշումը Սաուդյան Արաբիայի անվտանգության սպառնացող հրապարակումների դեմ պայքարի շրջանակներում ընդունել է թագավորության կրոնական ոստիկանությունը: Առգրավվել է 420 գրքի ավելի քան 10.000 օրինակ: Դիտորդներն ընդգծում են, որ թագավորությունում միաժամանակ արգելքի տակ ընկած գրքերի քանակն աննախադեպ է:
Ընդգծվում է, որ այս ամենը տեղի է ունենում մի կողմից Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, իսկ մյուս կողմից Կատարի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որոնք հանգեցրին նրան, որ այդ երեք երկրներն այս ամսվա սկզբին Դոհայից հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ Կատարին մեղադրելով իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:
Հետաքրքիր է, որ սաուդյան իշխանությունների այս քայլից շահել են արգելքի տակ ընկած գրքերի հեղինակները, քանի որ ընթերցողները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել նրանց ստեղծագործությունների նկատմամբ, այդ թվում նաև համացանցում: