Երեմ Սարգսյանը` քրեական գործ չհարուցելու որոշման մասին. պարզ է, որ որոշումը կայացվել է նպատակահարմարությունից ելնելով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդման հիման վրա: 168.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ քրեական գործի հարուցումը մերժվել էհանցակազմի բացակայության հիմքով:
Դիրքորոշում հայտնելով քրեական գործ չհարուցելու որոշման մասին, Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշումը կայացվել է նպատակահարմարությունից ելնելով, այլ ոչ թե իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա:
«Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի մահվան գործով իրականացվող դատաքննության ընթացքում տարբեր դատական նիստերի, այդ թվում` 26.02.2014թ. դատական նիստի ընթացքում Լյուքս Ստեփանյանի հոր, ազգականների և համագյուղացիների կողմից բազմիցս տարբեր եղանակներով խանգարվել են դատական նիստերի բնականոն ընթացքը, բազմիցս սպառնալիքներ, վիրավորական խոսքեր և հայհոյանքներ են հնչեցվել դատավարության մասնակիցների` ամբաստանյալի և նրա փաստաբանների, ինչպես նաև դատական կարգադրիչների հասցեին, վերջիններիս նկատմամբ նաև բռնություն են գործադրել, ինչի վերաբերյալ 26.02.2014թ. համապատասխան հաղորդում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին:
Երեկ փոստով ստացա ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննիչի` 08.03.2014թ. կայացրած` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որում առկա են հետևյալ մեջբերումները. «Իշխան Ստեփանյանն իր բացատրությամբ նշել է, որ նման բան չի եղել, ինքը փաստաբաններին չի սպառնացել, փաստաբանական գործունեության իրականացմանը չի խոչընդոտել, հայհոյանքներ չի տվել, իսկ հակառակն ապացուցող տվյալներ ձեռք չեն բերվել: Ըստ դատական նիստի դահլիճում ներկա գտնվող և իրենց պարտականությունները կատարող դատական կարգադրիչների բացատրությունների` նշված դատական նիստի ժամանակ չեն տեսել, որ Իշխան Ստեփանյանը ձեռքը սահեցրել է իր պարանոցով և փաստաբանին ասել, որ սպանելու է նրան, բարձր աղմուկի պատճառով հահոյանքներ, սպառնալիքներ չեն լսել, արդարադատության իրականացմանը չի խոչընդոտվել»:
Իսկ ամենահետաքրքիրը և տարօրինակը հետևյալն է. «Ըստ դատարանից ստացված թիվ ԴԴ-29-Ե1841/41 գրության` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և դատական նիստի ընթացքում այլ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն չի կազմվել»:
Այս ամենի հիման վրա որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Իշխան Ստեփանյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Պարզից էլ պարզ է, որ այս որոշումը կայացվել է նպատակահարմարությունից ելնելով, այլ ոչ թե իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա: Որպես ասվածի ապացույց կարելի է ընդամենը նորից դիտել համացանցում առկա` այդ գործով դատական նիստերի տեսագրությունները, որոնցում հստակ երևում են ոչ միայն Իշխան Ստեփանյանի, այլ նաև բազմաթիվ այլ անձանց կողմից կատարված արարքները, որոցում առկա են մի քանի հանցագործությունների հանցակազմեր, այդ տեսանյութերը նաև հասարակական լայն քննարկումների առարկա են դարձել և բնականաբար դրանց մասին տեղյակ են նաև իրավասու մարմինները:
Առավել զարմանալի է դատարանից ստացված վերոնշյալ գրությունը, քանի որ անհասկանալի է, թե այդ ինչ արձանագրություն պետք է դատարանի կողմից կազմվեր, եթե դատական նիստը ձայնագրառվում է, այդ ձայնագրություններն առկա են նաև պաշտպաններիս մոտ, որոնցում պարզ լսվում են այն բոլոր արտահայտությունները, որոնք հնչեցվել են դատական նիստերի ժամանակ:
Սակայն չնայած այս բոլոր ապացույցներին, որոնք մեր կողմից կարող են ներկայացվել քննությանը, այնուամենայնիվ, այդ որոշումը մեր կողմից չի բողոքարկվելու, քանի որ մեր նպատակը ոչ թե այդ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլ նրանց բոլորին ի վերջո հասկացնելը, որ այդպիսի վարքագիծն անթույլատրելի է և որպեսզի հետագայում բացառվի նման վարքագիծը: Եվ քանի որ արդեն հաջորդ` 10.03.2014թ. դատական նիստի ընթացքում Լյուքս Ստեփանյանի հարազատները բացարձակապես որևէ անթույլատրելի վարքագիծ չեն դրսևորվել, ուստի կարծում ենք, որ այլևս կարիք չկա, որպեսզի նրանց նկատմամբ քրեական վարույթ իրականացվի: Ի վերջո պատժի նպատակներից են նաև պատժի ենթարկված անձանց ուղղելը և հանցագործությունների կանխումը: Կարծում ենք, որ այս դեպքում առանց պատժի իրականացման էլ արդեն իսկ այդ նպատակներն իրագործվել են»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 26-ին տեղի ունեցած նիստը սկանդալի էր վերածվել. դատական նստում կողմերի միջև վիճաբանություն էր սկսվել, որն ուղեկցվել էր նաև հայհոյանքներով: Դեպքից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը, ով գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանն է, ոստիկանության Իջևանի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: