Երեմ Սարգսյանը՝ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական գրեթե բոլոր նիստերը տեղի են ունենում լարված մթոլորտում: Փետրվարի 26-ի դատական նիստում կողմերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ուղեկցվել էր ոչ միայն միմյանց հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններով, այլև՝ հայհոյանքներով: Արդյունքում՝ դատական նիստն ընդմիջվել էր, ապա հետաձգվել: 168.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց դատական նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից:
– Պարոն Սարգսյան, ի՞նչ է տեղի ունեցել դատարանում:
– Բնականաբար, դատական առաջին նիստից սկսած՝ դատարան գնացել եմ այն տրամադրվածությամբ, որ մարդիկ վիշտ ունեն: Երբեմն նույնիսկ լինում էին հարցեր, որոնք գործը պարտադրում էր հնչեցնել, բայց փորձում էի խուսափել դրանցից, որպեսզի ցավ չլինի կամ լարվածություն չառաջանա, իհարկե, հնարավորինս անելով նաև իմ աշխատանքը: Հիմնական խնդիրները ծագում էին այն պահից, երբ դիմացի կողմը կամ դահլիճում ներկա գտնվող անձինք տեսնում էին փաստաբանի աշխատանքի դրական արդյունքը, հայտարարությունները, որոնք բավական դիպուկ են ու իրականությանը համապատասխանող:
Անմիջապես հնչում էին հարազատների կամ դահլիճում գտնվող համագյուղացիների ռեպլիկները, որոնցից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում վիրավորել, հենց նիստի ժամանակ խոսքի բռնվել փաստաբանի հետ, փորձել նրան բացատրել, թե որը որից հետո է: Սակայն այդ ամենին որևէ կերպ արձագանք չկա դատարանի կողմից: Ստիպված ես եմ դատարանին տեղեկացնում այդ մասին՝ չնայած դատարանը լավ տեսնում է, խնդրում, պահանջում եմ, որ դատական սանկցիա կիրառվի, և այդ անձինք հեռացվեն դատարանի դահլիճից: Արդյունքում կա´մ սահմանափակվում ենք ընդամենը զգուշացումներով՝ հանգի՛ստ մնացեք, նստե´ք տեղներդ, կամ լավագույն դեպքում՝ եթե շատ եմ պահանջում, այդ անձը դահլիճից հեռացվում է մեկ րոպեով, հաջորդ վայրկյանին գալիս է, նստում վերջում, աստիճանաբար գալիս է առաջ ու նորից սկսում:
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը հասկանում է, որ կարող է տեղից խոսել, ասել ինչ ուզենա, ընդհատել և´ դատարանին, և´ փաստաբանին, և´ մյուսներին, ու փորձել շարադրել իր մտքերը: Քանի որ պաշտպանն է միակ անձը, ով ասում է՝ կարգը խախտվում է, ուրիշ ոչ ոք, չգիտեմ՝ ինչ պատճառներով, չի հակադարձում, բնականաբար, պաշտպանը բոլորի, համենայնդեպս՝ ներկա գտնվողների աչքում վատն է դառնում: Դրանից հետո դա ամեն անգամ անձնականացվում է:
Երբ գնացի առաջին դատական նիստին, հենց նիստի ժամանակ ցավակցեցի հարազատներին: Իրականում անկեղծ ցավակցել եմ, ներկայումս էլ ցավում եմ դեպքի համար: Առաջին իսկ ընդմիջմանը փորձեցի միջանցքում մոտենալ Լյուքս Ստեփանյանի հորը, որպեսզի զուտ մարդկայնորեն զրուցեմ նրա հետ, բացատրեմ, թե ինչում է կայանում իմ առաքելությունը, որպեսզի մթնոլորտը խաղաղ լինի, փորձենք նորմալ աշխատել: Միանգամից հանդիպեցի ներկա գտնվող ինչ-որ երիտասարդ տղաների կամ հենց հոր կողմից անպարկեշտ արտահայտությունների, անեծքների, ինչը հարիր չէր այդ տղաներին, որոնք ինձ բացարձակապես չէին ճանաչում. դեռ առաջին նիստն էր:
Այսինքն՝ նման արձագանք է լինում զուտ այն պատճառով, որ ես պաշտպանում եմ Դավիթ Խաչատրյանին, որի մեղքը դեռևս չի էլ հիմնավորվել, ու դեռևս չգիտենք, թե ինչ կպարզվի, ոչ մեկս կողքին կանգնած չենք եղել, չգիտենք՝ ինչ է եղել իրականում, պետք է պարզենք դատաքննությամբ: Բայց բոլոր նիստերին դա շարունակվում է:
Ավելորդ լարվածությունից խուսափելու համար ես նիստից հետո մոտ երկու ժամ ավելի մնում եմ դատարանում, որպեսզի մարդիկ հեռանան: Ես կարող եմ դուրս գալ, որևէ խնդիր չունեմ, կարգադրիչներին պարտադրել՝ իմ անվտանգությունն ապահովել, բայց ավելորդ միջադեպից խուսափելու համար փորձում էի ավելի հանգիստ անցկացնել: Բազմաթիվ դեպքեր կան, երբ դահլիճում ներկա անձանց կողմից փորձ է արվում ինչ-որ բաներ ասել և´ ամբաստանյալին, և´ փաստաբանին, և, եթե շատ ծայրահեղ բան չի ասվում, փորձում ենք լռել, ընթացք չտալ:
Դատական վերջին նիստի (փետրվարի 26-ի) սկզբին դահլիճում գտնվող կանանցից մեկը և մի տղամարդ փորձեցին տեղից վիրավորական ռեպլիկներ հնչեցնել: Ես հրավիրեցի դատարանի ուշադրությունը՝ ասելով, որ նրանք խանգարում են, փորձում են այդկերպ խոչընդոտել նիստը և ինձ հետ խոսքի բռնվել: Դատավորին խնդրեցի դատական սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացնել նրանց:
Ի զարմանս ինձ՝ հանդիպեցի և´ դատարանի, և´ հարգելի մեղադրողի զարմացական արտահայտություններին, թե ոչ ոք նման բան չի լսել, և, եթե ոչ ոք չի լսել, ուրեմն՝ նման բան չի եղել, եթե մյուս անգամ լինի՝ դուրս կհանենք: Այդ նիստին մարդիկ առավել ևս հասկացան, որ իրենց թույլատրվում է նման վարքագիծ դրևսորել: Կուլմինացիան եղավ այն պահին, երբ Լյուքս Ստեփանյանի հայրը նստեց առաջին շարքում. երբ հարց էի տալիս վկային, նա, մատը սահեցնելով կոկորդի վրայով՝ հայհոյանքներ տվեց, ասելով՝ մորթելու եմ: Ես փորձեցի հասկանալ՝ ինձ հե՞տ է խոսում, թե՞ ոչ: Ոտքի կանգնելով՝ հարցրի՝ ինձ հե՞տ եք: Միագամից հնչեց դրական պատասխան ու հայհոյանքներ: Ես նորից փորձեցի կարգի հրավիրել, բայց այնտեղ գտնվող երիտասարդները, որոնք իրենց չափն արդեն լրիվ անցել էին, և դատարանն անզոր էր ու ընդհանրապես անզոր է որևէ մեկին որևէ կարգի լուրջ համապատասխան նկատողություն անել կամ սանկցիա կիրառել, սկսեցին ավելի անպարկեշտ պահել իրենց:
Այդ ժամանակ արդեն իմ կյանքին սպառնացող իրական վտանգ կար, իրադրությունը գրեթե դուրս էր գալիս հունից: Այդ վիճակում ես չփորձեցի դահլիճից դուրս գալ, որպեսզի նիստը շարունակվի: Երբ որևէ մեկը չկար, որ նրանց կարգի հրավիրեր, ինքս փորձեցի դա անել: Բավականին զայրացած էի և´ դատարանի վրա, և´ ընդհանրապես կարգի վրա. ես եկել եմ դատական նիստի, սակայն կարծես պետք է պարետի դեր կատարեմ, հարց տալիս անընդհատ ասեմ՝ մի´ խանգարեք ինձ, լո´ւռ մնացեք: Իսկ դատարանն իր լիազորությունները, չգիտես ինչու, չի իրականացնում:
Նիստի ընթացքում հնչում են իմ խոսքերը՝ սա ի՞նչ դատարան է, ի՞նչ պետություն է: «Պետություն» ասածը ոմանք հասկացել են զուտ պետություն իմաստով, սակայն, եթե ավելի գիտակից մոտենան խնդրին և լսեն իմ նախաբանը՝ կհասկանան, որ խոսքը կոնկրետ իշխանությունների, օրինակ, դատական իշխանության այդ ճյուղի մասին է, որտեղ այդ պահին չի պահվում կարգը, այն մարդկանց մասին է, ովքեր ինչ-որ անձանց անօրինական պահանջներին ընթացք են տալիս:
Բոլորի ցավը պետք է հասկանալ, բոլորին պետք է ընդառաջել, բայց եթե դա ապօրինի պահանջ է, մասնավորապես՝ կապված նաև փաստաբանի հետ, դա չի կարող անարձագանք մնալ որևէ պետական մարմնի կողմից: Այս գործով դատական ցանկացած նիստի ժամանակ, եթե չասեմ՝ հանցագործություն, ապա գոնե հանցագործության հատկանիշներ եղել են այդ անձանց կողմից: Դատախազը՝ դահլիճում նստած, դատարանը՝ տեղում, իրավապահ մարմինների աշխատակիցները՝ սրահում, սակայն որևէ մեկը դա չի նկատում, և դրանց երբեք արձագանք չի տրվում: Ի՞նչ է՝ դա հանցագործություն չէ՞, չի՞ մտնում որևէ մեկի պարտականությունների մեջ, որ ընթացք տրվի: Ես էլ էի լուռ մնում, փորձում էի չանդրադառնալ: Բայց, ի վերջո, տեսնում ենք բոլորի կաշկանդվածությունը: Ստացվում է, որ փաստաբանից բացի՝ որևէ մեկը չի փորձում հակադարձել: Իսկ եթե չեն հակադարձում, հետագայում նաև նույն կերպ պետք է դատավճիռ կայացնեն՝ առանց հակադարձելու, ինչը բացարձակապես անթույլատրելի է:
Իմ խնդրանքը և պահանջը նաև նիստի մասնակիցներին հետևյալն էր. խոսք խնդրելով՝ ես առաջինը դիմեցի հարազատներին, մասնավորապես՝ ծնողներին, ասացի՝ ես վստահ եմ, որ դուք առաջինն եք, որ պետք է շահագրգռված լինեք, որ իրականությունը բացահայտվի: Իրականությունը բացահայտվում է դատական նիստի ժամանակ վկաների հարցաքննությունների և այլ գործողությունների արդյունքում: Փառք Աստծո, ներկայացուցիչ ունեք, նստած է մեղադրողը, կա դատարան, փաստաբան, յուրաքանչյուրը հարց է տալիս, և այդպես է ապահովվում բազմակողմանիությունը: Այդ հարցերի արդյունքում, ի վերջո, պետք է գնահատվի կատարվածը: Ոչ մեկս հացագործության վայրում չենք եղել և չգիտենք՝ ինչ է կատարվել: Այսինքն՝ գոնե պետք է սպասել, որ այս ամենը պարզվի, դրանից հետո, եթե անարդար որոշում կայացվի, պայքարել դրա դեմ:
Հարազատները պատրաստ էին այդ պահին հոշոտել փաստաբանին, ով ընդամենը կատարում է իր օրինական գործողությունները՝ իրականացնում է պաշտպանությունը: Ընդ որում՝ որևէ թաքնված շահ, ընդհուպ՝ վախը, չպետք է ներազդի ինձ վրա, որ ես պաշտպանությունն արդյունավետ չկատարեմ: Ես դա ասել եմ դատական նիստերի ժամանակ, բազմիցս կրկնել եմ, որ այդկերպ փորձ է արվում ինձ վրա ճնշում գործադրել, սակայն արդյունքի չեն հասնի, որովհետև, միևնույն է՝ ես իմ աշխատանքը կատարելու եմ: Ապացույցը տեսնում են բոլորը:
Փաստաբանին պատրաստ են հոշոտել, ինչ է՝ ինքն իր գործողություններն է անում, բայց միևնույն ժամանակ՝ արդարացնում են իրենց որդուն, որ հայհոյանքներ է տվել: Դավիթ Խաչատրյանն այս պահին իրեն մեղավոր չի ճանաչել, ես էլ գտնում եմ, որ արարքը ճիշտ չէ որակված: Բայց եթե մի պահ պայմանականորեն ընդունենք, որ նախաքննական մարմինըն օբյեկտիվ քննություն է արել և պարզել է, որ դրդապատճառն իրականում բազմաթիվ հայհոյանքներն են եղել, և տուժողի հարազատներն ընդունում են, որ Դավիթ Խաչատրյանը սխալ է, այդ դեպքում, երբ իրենց է վերաբերում, արդեն իրենք սխալ չե՞ն, երբ մարդն անում է իր օրինական գործողությունները, ու իրենք փորձում են այսկերպ վարվել: Տեսնում ենք, որ հարազատի դեպքում էլ գործ ունենք սուբյեկտիվ մոտեցման հետ:
Վիշտը հասկանալի է: Այդ վիշտը չի անցել, չի էլ կարող անցնել: Բայց ես միանշանակ թույլ չեմ տա այդ ամենը շահարկելով՝ փորձել որևէ մեկին վիրավորել:
Այս ամենը բավական արձագանք ստացավ: Ինչ-որ մարդիկ փորձում են այլ կերպ մեկնաբանել: Ես որոշ մարդկանց համապատասխան պատասխան տվել եմ. եթե իրենք գտնում են, որ անձը կարող է վիշտը շահարկելով՝ որևէ մեկին վիրավորել, թող այդ անձին կանչեն իրենց տուն, իրենց և իրենց հարազատներին վիրավորի: Ես իմ աշխատանքը կատարել եմ և կատարելու եմ բացարձակապես օրենքի սահմաններում: Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ նման վարքագծով կարող է կաշկանդել ինձ, որպեսզի ես չպաշտպանեմ իմ պաշտպանյալի շահերը: Եթե որևէ մեկը կասի, որ պաշտպանը կիրառում է ոչ օրինական մեթոդներ, խնդրեմ, թող ապացուցեն, դրա համար պատասխանատվության ենթարկեն: Բայց պաշտպանը կատարում է օրենքով սահմանված իր գործողություններն, ու մարդկանց համար ցավալի, անընդունելի է, երբ պաշտպանը լավ է աշխատում: Եթե իմ փոխարեն լիներ պաշտպան, որը, չգիտեմ՝ ինչ-ինչ պատճառներով չկարողանար արդյունավետ իրականացնել պաշտպանությունը, վստահ եմ, որ նման արձագանք չէր լինի: Նման արձագանքի բուն պատճառը պաշտպանի դրական աշխատանքն է:
Պաշտպանի դրական աշխատանքի արդյունքում պարզվում է օբյեկտիվ իրականությունը, իսկ մարդիկ չեն ուզում ընկալել այդ օբյեկտիվ իրականությունը: Իսկ այդ ամենի բուն պատճառն այն է, որ դատական նիստի կարգը չի պահպանվում: Այս դատական նիստի շարունակվելու միակ ճանապարհը դատարանի կազմի փոփոխությունն է և դռնփակ դատական նիստը, որովհետև այս պահին կոնկրետ անզորության է մատնված գոնե Իջևանի դատարանը` գործը քննող դատարանը:
– Դրա համա՞ր եք պատրաստվում ինքնաբացարկ հայտնել դատավորին:
– Սա հիմքերից մեկն է: Ունեմ նաև այլ հիմքեր, և վաղուց էի պատրաստվում դա անել, պարզապես այն ժամանակ ձեռնպահ մնացի դրանից՝ նորից նույն կրքերը չբորբոքելու համար: Եթե դրանց գումարենք նաև առկա հիմքերը, ապա առավել ցայտուն է դառնում, որ գոյություն ունի դատարանի կանխակալ վերաբերմունք, և դատարանըն ի վիճակի չէ այս գործով օբյեկտիվ, արդար դատավճիռ կայացնելու: Կաշկանդվածությունն ակնհայտից ակնհայտ է:
Ես վստահ եմ, որ այլ նիստերով նույն դատարանը հստակ կարողանում է պահպանել դատական նիստի կարգը, ընդ որում՝ նաև դատական սանկցիաներ կիրառելով: Իսկ այս դեպքում դատարանը խուսափում է: Եթե դա լինի մեկ, երկու անգամ, ես կարող եմ հասկանալ, որ դատավորը՝ որպես մարդ, փորձում է ըմբռնումով մոտենալ: Բայց եթե ըմբռնումով մոտենալը հանգեցնում է նրան, որ բացարձակապես հնարավոր չէ արդարադատություն իրականացնել, և վիրավորում են դատավոարության մասնակիցներին, ուրեմն՝ դա անթույլատրելի է: Եթե կարգը խախտող անձանց նկատմամբ դատական սանկցիան տեղին կիրառվի, վստահ եմ՝ դրանից հետո որևէ մեկը նման բան չի անի:
– Հայտարարել էիք, որ դատարանում կատարվածի մասին հայտնել եք Ոստիկանությանը…
– Ոստիկանություն զանգել եմ, տեղեկացրել եմ, գնացել եմ Իջևանի ոստիկանության բաժին և հաղորդում ներկայացրել հանցագործության վերաբերյալ: Եթե հաստատապես չասենք, որ այդ ամենն իր մեջ հանցագործություն է պարունակում, ապա հանցագործության հատկանիշներ միանշանակ պարունակում է: Նման իրավիճակ բազմիցս եղել է, բազմիցս ձեռնպահ եմ մնացել, չեմ փորձել ավելորդ լարվածություն ստեղծել, բայց այլևս անհնարին է: Այս կերպ չի կարող շարունակվել:
Ոմանք նաև փորձ արեցին առանց խոր վերլուծություններ անելու՝ փաստաբանին մեղադրել զսպվածություն չցուցաբերելու մեջ: Ես նրանց կոչ եմ անում, որ տարածված 4 րոպեանոց տեսանյութով չդատեն կատարվածը՝ չնայած դրանում էլ հստակ երևում է, թե ինչ համարժեք արձանգանք է ցույց տալիս փաստաբանը: Ընդ որում, եթե ես չլինեի փաստաբան, բնականաբար, շատ ավելի խիստ ու այլ բնույթի համարժեք պատասխան կստանային: Բայց այս պահին ես, ելնելով իմ մասնագիտական էթիկայից, փորձեցի հնարավորինս մեղմ անցկացնել այդ վիճակը: Եթե մարդիկ դիտել են, ապա տեսել են, որ անկառավարելի ամբոխ էր: Ես նույնիսկ հնարավորություն չունեի բնականոն ճանապարհով հեռանալ դատական նիստերի դահլիճից: Այս ամենը երևի թե սուբյեկտիվ ընկալումների արդյունք է: Եթե նորմալ, գիտակից մարդը ճիշտ վերլուծություններ անի և ուշադիր դիտի, հստակ կտեսնի, թե ինչում էր իմ պատասխանը:
Նշվել էր, թե իբր տուժողի մորը թուրք եմ անվանել, և երբ նա ասել է՝ պաշտպանյալդ թուրք է, ասել եմ՝ թուրքը դուք եք: Կրկնում և պնդում եմ, որ ես իմ խոսքերից մինչ օրս ետ չեմ կանգնել, ասել եմ և պատասխան կտամ իմ ասածի համար, եթե որևէ մեկը կարծում է, որ խնդիր կա: Բայց թուրք չեմ անվանել: Եթե անվանած լինեի՝ կասեի: Կարող եմ անձամբ դատական նիստի արձանագրությունը ներկայացնել, որտեղ բազմիցս մոր կողմից հնչում է այդ արտահայտությունը, և մեր կողմից բացարձակապես արձագանք չի ստանում, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի: Գուցե նաև արձագանք չստանալու արդյունքում է, որ այդ անձինք դրանից հետո ավելի բորբոքվեցին, փորձեցին իրենք իրենց հերթին՝ շարունակել ինչ-որ արտահայտություն անել: Ես թուրք չեմ անվանել: Կարծում եմ՝ տեղին չէ ավելորդ տեղը լարվածություն ստեղծել: Ձայնագրությունում հստակ կա այն, ինչ ես ասել եմ, հստակ լսվում է, ավելորդ պետք չէ բառերը խեղաթյուրել կամ ասել՝ փաստաբանը թքեց: Եթե փաստաբանը թքած լիներ, կասեր, որ թքել է: Տեսագրության մեջ հստակ երևում է, որ նույնիսկ այդ դեպքում փաստաբանը զսպում է իր զայրույթը, ցանկանում է ասածին պատասխան տալ, սակայն, կրկին ելնելով փաստաբանի էթիկայից, զսպում է և, իբր թե, արտահայտությունը նմանվում է թքելու շարժման, բայց դա ընդամենն արտահայտությունը զսպելու արդյունք է: Եթե թքելու խնդիր լիներ, կասեի, որ թքել եմ: Ես չեմ խուսափում իմ արածներից: Ես ինչ արել եմ, պատասխանատվությամբ ասում եմ, որ շատ ճիշտ եմ արել, հնարավոր է՝ նույնիսկ քիչ եմ արել: Պարզապես, որպես փաստաբան, ելնելով փաստաբանի էթիկայից՝ փորձել եմ հնարավորինս զսպված լինել, և եթե ես այլ իրավիճակում լինեի, հաստատ այդ անձինք համարժեք այլ պատասխան կստանային այս ամենին:
– Դատական նիստի վերսկսումից հետո նախագահող դատավորը նշեց, որ, եթե նման բան կրկնվի, հնարավոր է՝ նիստերի վայրը կտեղափոխի Շամշադին, կամ նիստերը դռնփակ անցկացնի: Նիստերը Շամշադին տեղափոխելով՝ խնդիրը կլուծվի՞:
– Ես բացարձակ չեմ հասկանում, թե Շամշադին տեղափոխելն ինչ ազդեցություն կարող է ունենալ կողմերի վրա, բացի ճանապարհի բարդությունից: Եթե դատավորը մտածում է, որ երկար ճանապարհի պատճառով մարդիկ չեն գա… Ես կարծում եմ, որ դա բացարձակապես անտեղի է: Դատարանը ոչ թե պետք է գար և ասեր, որ հնարավոր է՝ քննարկի դռնփակ նիստ անցկացնելու հարցը, այլ դատարանն այս իրավիճակից հետո պարտավոր էր որոշում կայացնել դռնփակ դատական նիստ կայացնելու մասին: Եթե դատարանն իր կողմից դատական նիստի կարգը պահպանելու համար այլ հնարավորություն չի տեսնում, միակ միջոցը մնում է դռնփակ դատական նիստը: Մենք չենք հավաքվել այնտեղ, որպեսզի հարազատները կամ ինչ-որ անձինք տեսախցիկների առջև ցուցադրեն, թե ով ինչ է կարողանում անել: Մենք հավաքվել ենք այնտեղ, որպեսզի, ի վերջո, արդարադատություն իրականանա, և պարզվի օբյեկտիվ իրականությունը: Իսկ եթե փաստաբանին ամեն հարցից հետո ճնշելու փորձ է արվում, ապա դա միանշանակ չի ստացվելու: Դատական նիստերը Շամշադին տեղափոխելը բացարձակապես լուծում համարել չեմ կարող: