Գերզմանոցում քարերի հարվածներով կնոջը դաժանորեն սպանած ամուսինը հոգեբուժարանում է. նրա մեղսունակությունը 20 օրից պարզ կլինի

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

10-ամյա Ազատուհին եւ նրա քույրը` 13-ամյա Միլենան մոր մահից հետո երկար ժամանակ չէին ուզում դպրոց գնալ, ամաչում ու մտատանջվում էին` ի՞նչ կասեն դասընկերները`հայրը սպանել է մորը: Երեխաներին տատը մի կերպ է համոզել է, որ պետք է դպրոց գնալ, ուսուցչուհին էլ դասընկերներին է նախապատրաստել, որ Միլենայի ու Ազատուհու հետ զգույշ խոսեն, նրանք շատ խոցելի են:

Փետրվարի 15-ին Արմավիր գյուղի գերեզմատանը Արթուր Սարխոշյանը քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` Արաքսյա Մարտիրոսյանի մարմնի տարբեր հատվածներին ու գլխին, հետո շեղբով կտրել պարանոցը. կինը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է: Արթուրը կնոջը սպանելուց հետո գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել` շեղբով ինքն իրեն կտրատելով, բայց բժիշկները հիվանդանոցում փրկել են նրա կյանքը. Ազատուհու եւ Միլենային ծնողներն էին:

«Երանի տղուս մի բան լիներ, երանի ինձ հետ լիներ, բայց Արաքսյային բան չլիներ, հրեշտակի պես աղջիկ էր: 4 թոռներս որբ մնացին»,-մեզ հետ զրույցում արտասվելով ասում է Արթուր Սարխոշյանի մայրը` տիկին Ազատուհին, ով  պնդում է, թե որդին հոգեկան առողջության խնդիրներ ունի: Տիկին Ազատուհու պատմելով` մի քանի տարի առաջ եղբոր մահից հետո Արթուրի մոտ սկսվել են նկատվել նյարդային անհանգիստ ապրումներ. «Մեկ-մեկ տարօրինակ բաներ էր խոսում, տարօրինակ բաներ էր անում: Անցյալ տարի սթրես-կենտրոնում մի 20 օր պառկեց, կոտորվանք, տուն-տեղ ծախեցինք, որ բուժենք, շատ թանակարժեք դեղեր էր խմում: Մի որոշ ժամանակ ոնց որ թե լավ էր, բայց հետո էլի սրվեց վիճակը»:

Դեպքի օրը կնոջ ծնողներին էլ շատ ուրախ ու սիրով հրաժեշտ են տվել,  Արթուրն ու Արաքսյան ու նրանց բնակարանի մոտից էլ ուշ երեկոյան տաքսի են նստել, որպեսզի տուն վերադառնային`Արմավիր գյուղ, որտեղ ապրում են ամուսինները: Տիկին Ազատուհու պատմելով`«Ճանապարհին Արթուրս ասել էր Արաքսյային` երազ եմ տեսել, մի հատ գնանք ախպորս գերեզման, թե էլ ընդեղ ինչ ա մտքով անցել, ի՞նչ ա հետը կատարվել` չգիտեմ, մենակ գիտեմ, որ ոստիկաններին ասել ա` ես սեւ ցլի հետ էի կռիվ տալիս, ես Արաքսյային չեմ խփել»: Տիկին Ազատուհին պատմում է, որ տաքսու վարորդին որդին խնդրել է տանել գերեզման, ապա 10-15 րոպե հետո վերադառնալ նրանց հետեւից, սակայն, հետո վարորդն ինքն է Արթուրի ծնողներին ասել, որ նրանց թողել է գյուղի գերեզմանոցում. «Ամուսինս զգաց, որ մի բան էն չի, էդ ա, հավաքվեցին գնացին գերազմանոց, Արթուրին որ տենց փրթփրթված տեսանք, Արաքսյայի համար վախեցանք…խեղճին լրիվ արնաշաղաղ գտանք: Շատ խեղճ աղջիկ էր, եթե էդքան խեղճ չլիներ` կփրկվեր Արթուրի ձեռից»:

16 տարիների ամուսիններ են եղել, տիկին Աազատուհին  վստահեցնում է, որ երբեք որդին հարսի վրա ձեռք չի բարձրացրել. «Հա, եղել ա, որ գոռգոռացել ա վրան, բայց չի ծեծել, իրանք սիրով զույգ էին:  Տղես նվագող էր, հարսանիքներին էր նվագում, լավից-վատից փող էր աշխատում, հարսս էլ սեզոնին դաշտերում աշխատում էր, օգնում էր մեզ: Մի հրաշք աղջիկ էր, ես նրանից երբեք վատ բան տեսած չկամ, շատ համեստ, խելոք աղջիկ էր»:

Սակայն, Արաքսյայի մայրը` տիկին Գյուլնարան, մեզ հետ զրույցում հիշում է. «Եթե Արթուրը նույնիսկ խփեր, ծեծեր էլ, աղջիկս ոչ մեկին բան չէր ասի: Բայց ես ինքս եմ տեսել մի անգամ աչքի տակը նենց կապույտ էր, հասկացա, որ էդ վայրենին ա ծեծել: Հարցրեցի`աղջիկ ջան, էդ ի՞նչ ա եղել, ասեց` մամ ջան, ընգել եմ, սեղանի ծայրին եմ դեմքս խփել: Տենց էլ կյանքում չասեց`մարդը ծեծում էր, թե`չէ»:

«Ասում են` Արթուրը հոգեկան խնդիրներ է ունեցել»,-մեր այս խոսքերին ի պատասխան տիկին Գյուլնարան զայրացած հակադարձեց` «Տո «գրողուցավ ուներ, կանխամտածված քայլեր է արել: Ես քննիչն էլ եմ ասել ինքը խմող էր, ծխող էր` պլան էր (մարիխուանա) ծխում անջատվում էր, պլանը սարքել էր իրան պապիրոս, էնքան էր ծխել, ուղեղը չորացել էր, դրա համար մի անգամ դատվել ա: Մի օր իմ մոտ, էլի ծխած էր, ասեց` Արաքսյային պիտի մատաղ անեմ ախպորս գերեզմանին: Ես որ ջղայնացա, ասեցի` այ տղա էդ ի՞նչ ես խոսում, վռազ խոսքը փոխեց, ասեց` դե լավ. բան է, ասում եմ»:

Տիկին Գյուլնարան պատմում է, որ փեսան մի անգամ իր եւ աղջկա ներկայությամբ ինքնասպանության փորձ է արել, որը կանխել է հենց ինքը. «Մի օր մեր տանն էր, էլի ծխած էր, ես ու աղջիկս «բալկոնում էինք, մեկ էլ շխկշխկոց լսեցինք, եկանք տեսանք «խրուստալից վազը» վերցրել է պատերին է խփում ու իրա երակներն ա ուզում կտրի, հազիվ բռնեցի ձեռից, ու փրկեցի դրան: Վայ երանի էդ պահին թեւերս կոտրվեին, ես դրան չփրկեի, ինքն իրան սպաներ, էսօր աղջկաս սպանած չէր լինի»:

«Դեպքի օրը Արթուրը թմրամիջոց օգտագործած չի եղել»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ումուշատյանը: Նրա խոսքերով` Արթուրի մեզի ու մազի  դատաքիմիական փորձաքննություն է կատարվել, եւ թմրամիջոցի առկայություն չի հայտանբերվել. «Արթուրը 2009-ին դատվել է թմրամիջոցի համար, այո, նա մի ժամանակ օգտագործել է, բայց ոչ դեպքի օրը»:

Հիմա, կնոջը դաժանաբար սպանած Արթուր Սարխոշյանը Նուբարաշենի հոգեբուժարանում է, ավագ քննիչն ասում է, որ մոտ 20 օրից պարզ կլինի նրա հոգեկան առողջության վիճակն ու մեղսունակության չափը:

Հայրական տատը թոռներին չէր ասում, որ իրենց մորը հարազատ հայրն է սպանել. «Ասում էի ավտովթար է եղել, էրեխեքիս խղճում էի, ոնց ասեի տենց բան»: Բայց մոր դագաղի մոտ 13-ամյա Միլենան, մեղմ ասած` ողբալով ասել է` «Մամ, ով որ քեզ սենց բան ա արել, պատասխան ա տալու»: «Ես էլ, չդիմացա ու ասեցի, մարդասպանը պապադ ա, մորդ հերդ ա սպանել, նրան չներեք կյանքում»,-պատմում է երեխաների մայրական տատը` տիկին Գյուլնարան,-«Բա ի՞նչ անեի, սպանության օրը թոռս զանգել ա ասում ա` տատի, պապային գտել են, բայց մաման կորել ա, լույսի պես աղջիկ եմ կորցրել, ինձ էլ հասկացեք, հա, հենց էլ էրեխեքը թող իմանան` ով ա իրանց հերը»:

Քննիչ Ումուրշատյանն վստահեցնում է, որ Արթուր Սարխոշյանը չի խոստովանում, որ ինքն է կնոջը սպանել. «Ասում է` երկուսով ենք եղել ու վերջ, ասում է` խանդել եմ կնոջս, միշտ էլ խանդի հողի վրա վիճել ենք, նրա հոգեկան շեղումները դրսեւորվել են խանդի տեսքով»:

Արթուր Սարխոշյանին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, քննիչն ասում է, սա ծանր հանցագործություն է, եթե նրան մեղսունակ ճանաչեն, նրան սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում:

Երբ զրուցում էի տիկին Ազատուհու հետ, երեխաները հարեւան սենյակից երբեմն դուրս էին գալիս, ականջ դնում մեր զրույցին`գուցե մի այնպիսի բան լսեն, որ պարզվի իրենց հարազատ հայրը մեղավոր չէ. ամոթի զգացումն էլ կանցնի, պարզ ճակատով էլ դպրոց կգնան:

Ներկայումս  4 անչափահաս երախները հաշմանդամ տատիկի ու պապիկի հույսին են, սեփական տուն էլ չունեն. մոր մահից մի քանի օր առաջ վարձով տանից նրանց հանել են, հիմա մեկ ուրիշի տանն են վարձով ապրում, բայց ամեն օր վախ կա, որ այստեղից էլ կհանեն. «Մահացած տղուս թոռներն էլ են մեզ հետ ապրում, 7 որբ ենք պահում, չգիտեմ, որ սուգը տանեմ, վախ երանի Աստված ինձ տարած լիներ: Ախր աշխատանք էլ չունենք, 4 պատ չունենք, էս մանր էրեխեքին ո՞նց պահենք, ի՞նչ անենք, որ արժանապատիվ կյանք ապահովենք, էս դաժան պատմությունն էլ չմնա հիշողությունների մեջ»,-ասում է տիկին Ազատուհին:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
Արագ Արձագանքման Խումբ

Տեսանյութեր

Լրահոս