Բաժիններ՝

Տիգրան Սարգսյան. Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և պատասխանել տարբեր հարցերի:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծերացող հասարակության պայմաններում թոշակառուների խնդրի լուծման լավագույն տարբերակը, նաև միջազգային հայտնի փորձագետների գնահատմամբ, վերը նշված համակարգն է: «Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը:  Աշխարհի լավագույն մասնագետները ևս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձև կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա  խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել»,- ասել է վարչապետը:

Տ.Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի խնդրի լուծման պատուհան և պարտավոր է դրանից օգտվել, ինչը կապահովի ներկայիս երիտասարդների բարեկեցիկ ծերությունը:

Անդրադառնալով հարցին՝ որքան պետք է անձը կուտակի, որպեսզի ունենա ապահով ծերություն, վարչապետը նշել է. «Մեր բոլոր հաշվարկները և միջազգային համադրումները ցույց են տալիս, որ այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, ապա նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը: Որպեսզի այդ ցուցանիշը կարողանանք ապահովել, ապա քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը»:

Կարդացեք նաև

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ որպեսզի այդ 10 տոկոսը քաղաքացին կարողանա կուտակել և այն ծանր բեռ չլինի վերջինիս համար՝ պետությունն իր վրա է վերցրել կուտակումների 5 տոկոսը: Բացի այդ, 2014 թվականին իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք ապահովելու են  աշխատավարձերի բարձրացում: Այդ առումով, աշխատանքները տարվում են երկու` մասնավոր և պետական հատվածների ուղղություններով:   Առաջինի մասով ընդունվել է քաղաքական որոշում, որպեսզի նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ ավելացվի. այն հասնելու է 75 հազարի: Պետական ծառայողների աշխատավարձերը նույնպես 2014-ի հուլիսի 1-ից էապես ավելանալու են:

«Մենք՝ որպես պետություն, եթե ցանկանում ենք ամուր կանգնած լինել ոտքերի վրա՝ իրավունք չունենք մտածելու միայն այսօրվա և վաղվա մասին, որովհետև վաղը չէ մյուս օրը կանգնելու ենք կոտրված տաշտակի առջև և որևէ մեկը չի օգնելու, որպեսզի լուծենք ՀՀ թոշակառուների խնդիրը: Դրա ֆինանսական բեռն այնքան մեծ է լինելու, որ ՀՀ պետական բյուջեն ի վիճակի չի լինելու լուծել այդ խնդիրը:

Իհարկե, սա հեշտ բարեփոխում չէ, և մենք, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ենք առաջին փուլում բացասական ազդեցությունը մեղմելու գործիքներ»,- ընդգծել է վարչապետը:

Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ: Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են  նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ:

«Միակ տարբերակը, որ այդ խնայողությունները փոշիանան, ոչ թե համաշխարհային ճգնաժամն է, այլ համաշխարհային կոլապսը: Մեր օրենքը հաշվի է առնում բոլոր ռիսկերը և նկարագրում այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորում է խնայողությունների հուսալիությունը: Դրա համար էլ ՀՀ-ում գործում են համաշխարհային համբավ ունեցող երկու կառավարիչներ, որոնք լինելու են Կենտրոնական բանկի հսկողության ներքո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը վստահեցրել է նաև, որ համակարգի արդյունքները տեսանելի են լինելու արագ: Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, և այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:

«Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետև այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևներ է հանձնել նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հաջողություններ արձանագրած մի շարք գյուղատնտեսների: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս