ՀԲ-ն 30 միլիոն դոլար կհատկացնի ՀՀ կրթական ոլորտի բարելավման ծրագրին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը:

Ավելի քան մեկ տասնամյակ ՀՀ կառավարությունն իրականացնում է կրթական բարեփոխումներ՝ ուղղված մատուցվող կրթական ծառայությունների որակի կատարելագործմանը: Բարեփոխումներն ի թիվս այլ աշխատանքների ներառել են նոր ազգային կրթակարգի, չափորոշիչների, հանրակրթական համակարգի առարկայական ծրագրերի մշակումը, 11-ամյա ընդհանուր կրթության վերածումը 12-ամյա կրթության, Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հիմնումը, առաջադիմությունը գնահատելու կարողությունները կատարելագործելու նպատակով, և Հայաստանի բոլոր դպրոցներում ինտերնետ կապի համընդհանուր ապահովումը: Ի դեպ, այդ զարգացման շնորհիվ զգալիորեն բարելավվել է հանրակրթության հասանելիությունն ու որակը:

Աղքատ գյուղական բնակավայրերում նախադպրոցականների ընդգրկման ընդլայնմանը ուղղված նոր ծրագրի ներքո կբարելավվի առաջին դասարան ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, որի արդյունքում տարեկան մոտ 2400 երեխա կդառնա շահառու: Մարզերում կվերակառուցվեն 17 ավագ դպրոց, կիրականացվեն հիմնանորոգման և անվտանգության ստանդարտների բարելավման աշխատանքներ, որի շահառուները կհանդիսանան ավագ դպրոցի 10200 աշակերտներ: Հիմնանորոգված ավագ դպրոցները կապահովեն ուսումնառության ու ուսուցման ավելի լավ պայմաններ, այդ թվում առավել ապահով ենթակառուցվածքներ, ժամանակակից կապի և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, ուսուցման ու ուսանելու թվային նյութեր: Ծրագրային աշխատանքներն ուղղված կլինեն բնակչության խոցելի խմբերին, այդ թվում՝ էթնիկ խմբերին և հաշմանդամություն ունեցող երեխաներին:

«Հավասար հնարավորություններով բարձրորակ կրթական համակարգը հանդիսացել է վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների անկյունաքարը,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին:

Կարդացեք նաև

«Ծրագիրը կշարունակի բարելավել կրթական ծառայությունների համապատասխանությունը բոլոր մակարդակներում, այդ թվում և բուհական` հասանելի ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով, դրանով իսկ նպաստելով երկրի մարդկային կապիտալի ձևավորմանը, որն անհրաժեշտ է տնտեսության մրցունակության մեծացման համար»:

Ծրագիրը նախ կաջակցի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հզորացմանը՝ դպրոցական ցանցի մշտադիտարկման, տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների համարժեք ծածկույթի և բոլոր կրթական հաստատություններին ու հասարակությանը ժամանակին համապատասխան հրապարակային տեղեկատվության ապահովման հարցերում: Հանրակրթության որակը կբարելավվի նաև առարկայական ծրագրերի բարելավման ու վերանայման արդյունքում: Բարձրագույն կրթության ոլորտին աջակցությունը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի նախատեսվող արդիականացման միջոցով, տարեկան կտրվածքով կազդի 3000 ուսանողների վրա, որոնց համար կրթական ծրագրերը կնորացվեն և առավել համահունչ կդառնան գործատուների պահանջներին:

«Ծրագրի արդյունքում ավելի քան 12000 հինգ տարեկան երեխաներ, որոնք ապրում են նախակրթարան չունեցող աղքատ գյուղական բնակավայրերում, կունենան դպրոցում սովորելու անհրաժեշտ գիտելիքներ»,- ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն:

«Սա դրական ազդեցություն կունենա անապահով ազգաբնակչության վրա, քանի որ հնարավորություն կընձեռի երեխաներին ուսումնառության հետագա փուլերում համեմատաբար ավելի մեծ հաջողությունների հասնելու հարցում: Ծրագրի շրջանակում ակտիվորեն կիրականացվեն ուսումնական միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ՝ սկսած երկրի ավագ դպրոցների 15 տոկոսի ամբողջական հիմնանորոգումից մինչև էլեկտրոնային բովանդակության ձևավորում»:

Այս տարիների ընթացքում Հայաստանում Բոլոնյան գործընթացի հետ կապված 2005թ. մեկնարկած բարեփոխումներին զուգընթաց նախակրթարաններում մեծացել է ընդունելությունը: Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային նախակրթարանները և ընդունելության ցուցանիշների բարելավումը ներառվող մանկապարտեզներում և դպրոցներում, ուսման և ուսուցման պայմանների բարելավումը ավագ դպրոցներում և կրթակարգի վերանայումները: Ծրագիրը կաջակցի ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորմանը, որը կապահովի քաղաքականության մշակման, հանրակրթության ու բարձրագույն կրթության մշտական կատարելագործման համար անհրաժեշտ տվյալներ ու վերլուծություններ: Առաջարկվող աշխատանքները նաև կմեծացնեն բուհերի ու մասնավոր հատվածի միջև գործակցությունը՝ Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտն արդիականացնելու նպատակով:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից որպես համաֆինանսավորում: Համաշխարհային բանկը կտրամադրի 15 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն ՄԶԸ ստանդարտ պայմաններով՝ 1.25% տարեկան տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկ ՎԶՄԲ վերահաշվարկվող տոկոսադրույքով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով և մարման 25 տարի ժամկետով:

Հայաստանն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ. և ՄԶԸ-ին 1993թ. և այդ ժամանակից ի վեր Հայաստանին տրամադրված միջոցները կազմում են 1.8 մլրդ ԱՄՆ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս