Ի՞նչ արժեք ունի ՌԴ կողմից տրված երաշխիքը. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

-Ուկրաինական հեղափոխությունից հետո Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկու անգամ հանդես եկավ մամլո ասուլիսով: Հետաքրքիր է՝ ի՞նչ խնդիր է լուծում Ուկրաինայի նախկին նախագահը, երբ այլևս չունի որևէ ազդեցություն Ուկրաինայում, և երբ Ուկրաինայում կան ձևավորված նոր իշխանություններ:

-Նախ՝ Յանուկովիչի Ուկրաինան լքելն ու Ռուսաստանում ապաստան գտնելը, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող Դոնի Ռոստով քաղաքում երկու անգամ մամուլի ասուլիս տալը նշանակում է, որ Ուկրաինայի նախկին նախագահը վերածվել է գործիքի օտար պետության ձեռքում՝ ընդդեմ իր սեփական ժողովրդի և պետության: Դրա վառ ապացույցն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցչի կողմից հրապարակված նամակը, որով «Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը» դիմել էր ՌԴ իշխանություններին իր երկրի տարածք զորք մտցնելու խնդրանքով: Դա ապացույցն է այն բանի, թե ինչպես է երկրի երբեմնի առաջնորդը վերածվում պետության դեմ սպառնալիքի:

Յանուկովիչը մարմնավորում է հետխորհրդային տարածքում ձևավորված պետությունների իշխանություններին և՛ իր բնույթով, և՛ իր տեսակով, և՛ վարքաբանությամբ, և՛ աշխատաոճով: Մեծ հաշվով, նա չի տարբերվում հետխորհրդային պետությունների, հատկապես ԱՊՀ կազմում ընդգրկված պետությունների իշխանություններից, որոնց թվում Հայաստանը բացառություն չի կազմում: Դա տեսակ է, որ ժառանգություն է մնացել ԽՍՀՄ-ից, և մինչ այժմ մենք չենք կարողանում ազատվել այդ ժառանգությունից, չնայած Ուկրաինային դա հաջողվեց 100 մարդու կյանքի գնով:

-Մայիս ամսից մենք ականատեսն ենք դարձել, թե ինչպիսի ագրեսիայով է Ռուսաստանը պատասխանել Ուկրաինայի եվրոպական ձգոտւմնեևրին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Ուկրաինայի եվրոպական ձգտումների՝ Ռուսաստանի կողմից դրամատիկ ընկալումը:

-Ռուսների ենթագիտակցության մեջ Ուկրաինան դեռևս համարվում է Ռուսաստանի տարածք, բոլոր երկրներում կիրառվում է «в» մասնիկը, իսկ Ուկրաինայի դեպքում՝ «на»-ն: Սա խոսում է այն մասին, որ նրանց համար դա «окраина» բառից բխող մասնիկ է և հետևաբար կիրառվում է «մեր ծայրամասում» իմաստով, այսինքն՝ նրանց համար Ուկրաինայի կորուստը, Ուկրաինայի արևմտականացումը տարածքի կորստի նման ցավոտ ընկալվող երևույթ է, ինչին պետք է ագրեսիվ արձագանքեին, ինչը և տեղի ունեցավ, ու մենք դրա ականատեսը դարձանք։ Եվ դա շարունակվում է մինչ այժմ ու ինչի կհանգեցնի՝ Աստված գիտի, համենայնդեպս, ներկայիս գործընթացները դրական հանգուցալուծում չեն հուշում:

ՌԴ առաջնորդը բավական դժվարին կացության մեջ է հայտնվել, որովհետև պետք է ընտրություն կատարի ներքին և արտաքին լեգիտիմության միջև: Եթե Ղրիմի հարցում որոշում է կայացվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ապա նա ձեռք է բերում արտաքին լեգիտիմություն, այսինքն՝ ստանում է միջազգային հանրության հավանությունը, ՌԴ-ն ստանում է գործընկերոջ ամբողջական կարգավիճակ: Իսկ եթե գնում է անեքսիայի,- իսկ այս պարագայում մենք գործ ունենք բացարձակ անեքսիայի հետ,- ապա լուծում է ներքին լեգիտիմության հարց, բայց կորցնում արտաքին լեգիտիմությունը՝ դրանից բխող բավական ծանր տնտեսական և քաղաքական հետևանքներով:

Այն, որ Ռուսաստանին դժվար օրեր են սպասվում՝ ես չեմ կասկածում: Այն, որ Ռուսաստանը շատ ծանր գին կվճարի, ինչպես դրա մասին ասաց Օբաման՝ դրան նույնպես չեմ կասկածում, այդ գինն արդեն վճարում է: Մասնավորապես, դուք տեսաք, որ ՌԴ-ն մեկ օրվա ընթացքում ֆոնդային բորսայում կորցրեց 50 և ավելի միլիադ դոլար, ռուբլու կուրսը պահելու համար մեկ օրվա ընթացքում վճարեց 12 միլիադ դոլար, որը բավական մեծ գին է Ռուսաստանի համար: Հետևաբար, պետք էր գործել, բայց չգործել ևս չէր կարող: Բավական դժվար վիճակում է գտնում ՌԴ-ն:

-Ի վերջո, ըստ Ձեզ, Պուտինը կառաջնորդվի քաղաքակա՞ն հաշվարկով, թե՞ ներքին հանրության պահանջով:

-Ես խոսեցի ներքին լեգիտիմության մասին: Ռուս ժողովուրդը բավական ցավոտ է ընդունում կայսրության դեմ ցանկացած քայլ և ցանկացած կորուստ, որը դեմ է կայսերապաշտական ազգային նկրտումներին: Մասնավորապես, Հարավսլավիայի մասնատումը և դրա արևմտականացումը բավական ծանր գին ունեցավ Ռուսաստանի համար, և այդ տարիների նախագահ Ելցինը հասկացավ, որ իր իշխանությունը շարունակել հնարավոր չէ ու գտավ իր հետնորդին՝ Պուտինին, որին դարձրեց նախագահ:

Ղրիմի պարագայում բարձրաձայնվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Ես ՌԴ-ի փոխարեն այդքան բարձր չէի խոսի այդ սկզբունքի մասին, որովհետև հենց Պուտինն ինքը պետք է հիշի, թե ինչ ֆոնի և ինչ նպատակի շրջանակներում ինքը եկավ իշխանության, ինչի դեմ էր պայքարում 1990-ական թթ վերջերին Ռուսաստանը: Մոտավորապես Ղրիմի իրավիճակն էր, երբ Չեչնիայի ժողովուրդը կողմնորոշվել էր և իր կամարտահայտման իրավունքի շրջանակներում հայտարարել էր անկախանալու մասին: Ինչպես դրան արձագանքեց Ռուսաստանը՝ երևի բոլորս լավ հիշում ենք։ Իսկ հիմա խոսել նույն միջազգային իրավունքի սկզբունքի կիրառելիության մասին՝ թերևս, մի փոքր վտանգավոր է, որովհետև միջնաժամկետ և երկարաժամեկտ, կարճաժամկետ հեռանկարում մենք կտեսնենք, որ ՌԴ որոշ սուբյեկտներ կարող է նման ցանկություն ունենան անկախանալու, հետևաբար հիմնավորումներն ու մոտիվացիան՝ մերժելու այդ սուբյեկտների ինքնորոշման ցանկությունը, քաղաքական առումով խիստ կպակասեն:

Մեծ հաշվով, հանրաքվե՝ որպես իրավական գործընթաց, տեղի չի ունենում, քանի որ իրավակարգի առումով տարածքային հանրաքվեներ չեն ենթադրվում: Չկա սահմանադրությամբ նախատեսված նման ընթացակարգ, կա համաուկրաինական ընթացակարգ: Ինչ պայմաններում է իրականացվում հանրաքվեն՝ տոտալ միակողմանի տեղեկատվական պրեսինգի պայմաններում, երբ այլ կարծիք արտահայտողները միանգամից հայտարարվում են ժողովրդի ու ազգի թշնամի և արտաքսվում կամ ենթարկվում հալածանքների: Ղրիմում չի ընձեռվում երկու կարծիքի հավասար հնարավորություն, դա արդեն իսկ խաթարում է իրավական լեգիտիմության հիմքերը, և որքան էլ որ այդ հանրաքվեի արդյունքն արտահայտի Ղրիմի բնակչության կամքը՝ լեգիտիմություն ունենալ չի կարող:

Պետությունների ներսում ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման համար կա որոշակի ընթացակարգ. սովորաբար սուբյեկտը խոսում է կենտրոնական իշխանության հետ, փորձում լուծել խնդիրն առանց զենքի օգտագործման, առանց ռազմական միջամտության, առանց դիմելու երրորդ պետության աջակցությանը, իսկ եթե լիներ այդ կամքին բռնանալու որևէ դրսևորում, երրորդ երկիրը կմիջամտեր պաշտպանելու Ղրիմի փոքրամասնության կամ մեծամասնության շահերն ու անվտանգությունը. Ղրիմի պարագայում դա տեղի չի ունեցել: Միանգամից որոշում կայացվեց օգտագործել ԶՈՒ, և այսօր Ղրիմում գտնվում են ռազմական հագուստով և ծանր զինտեխնիկայով, բավական արդիական զենքերով զինված մարդիկ, որոնք համարվում են տեղական ինքնապաշտպանական ջոկատներ: Հատկապես խանութներից ձեռքբերված զրահատեխնիկան, որն օգտագործվում է այս պահին, պարզապես չի կարող նպաստել Ղրիմում ժողովրդավարական կանոններով հանրաքվեի ընթացքին:
-Փաստացիորեն խախտվել է 1994 թ. բուդապեշտյան մեմորանդումը՝ կնքված չորս կողմերի միջև: Խախտումն ի՞նչ է իրենից ենթադրում, ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունն արձագանքել, ի վերջո, տեսակետներ են հնչում, որ խախտվում է աշխարհակարգը:

-ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Ուկրաինայի տարածքում մնաց բավական մեծ ծավալի միջուկային զենք, իսկ համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ այն զենքը, որը մնում է պետության տարածքում, որը նախկինում կազմել էր ԽՍՀՄ մաս, դառնում է այդ պետության սեփականությունը: Դա երրորդն էր աշխարհում իր միջուկային պոտենցիալով՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո: Որպեսզի Ուկրաինային թույլ չտային դառնալ միջուկային գերտերություն, չորս պետություններ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ուկրաինան, պայմանավորվեցին, որ Ուկրաինան հանձնում է իր տարածքում գտնվող միջուկային զենքը և դիմացը ստանում երաշխիքներ իր տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, քաղաքական ինքնիշխանության և տնտեսական զարգացման, ազատ հնարավորությունների մասին: Բնականաբար, վստահ լինելով, որ այդ երեք պետությունները որոնք երաշխավորում են, ունեն լուրջ կշիռ ժամանակակից աշխարհակարգում, Ուկրաինան հավաստիացավ, որ իր տարածքային ամբողջականությունը գոնե տեսանելի ապագայում պաշտպանված է, բայց մենք ականատես եղանք միջազգային իրավակարգի խախտման աննախադեպ երևույթի: Երբ ՌԴ-ի կողմից տրված երաշխիքները մեկ օրվա ընթացքում դառնում են գրոշի արժեք չունեցող մի երևույթ: Չմոռանանք, որ 1995 թ. նույն պետության, նույն սուբյեկտի հետ Հայաստանը ստորագրեց հայ-ռուսական մեծ համաձայնագիրը, որով տրվեցին մեզ երաշխիքներ: Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել այս երկու երևույթների միջև, բայց մեզ դա գոնե մտածելու և խորհելու տեղիք պետք է տա։ Ինչ արժեք ունի Ռուսաստանի կողմից տրված երաշխիքը: Մենք տեսանք, թե Ղրիմում ինչ տեղի ունեցավ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս