«Նման մտածողությամբ առաջնորդվողը որևէ բան կստորագրի՞». Արմինե Ադիբեկյան

Բաքվում  Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ապրիլի 2-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այս պահին Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են։

Միաժամանակ նա ասել է, որ այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։

«Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ «Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը» միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր «օրինական պահանջն է»։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա «պետք է» ընդունի Ադրբեջանի այս երկու «օրինական» պայմանները»,-  ասել է Ալիևը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ղեկավարը երբեք չի ստորագրելու «խաղաղության պայմանագիրը», Ալիևը պատրաստ չէ որևէ բան ստորագրելու։

Կարդացեք նաև

«Նրա հայտարարությունները պարզապես արտաքին աշխարհին ինչ-որ բան ներկայացնելու համար են, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, որովհետև մի քանի օր առաջ նույն Ալիևը ճիշտ հակառակն էր պնդում, երբ դիմում էր Հայաստանի լսարանին։ Նա այդ թուղթը չի ստորագրելու, որովհետև Ալիևին այդ համաձայնագիրը պետք չէ»,- 168.am հետ զրույցում ասաց Արմինե Ադիբեկյանը։

Նա վստահ է՝ եթե նույնիսկ ՀՀ իշխանությունը կատարի Ալիևի բոլոր պահանջները, այդ թուղթը նա չի ստորագրելու, որովհետև ամեն օր Ալիևն առաջ կբերի մի նոր պահանջ։

«Ալիևի պահանջներն անծայրածիր են, ժամերով մենք կարող ենք թվարկել նրա պահանջները՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձ», «Զանգեզուրի միջանցքի» բացում, Սևանա լճի համատեղ օգտագործում, Հայոց ցեղասպանության ժխտում, և այլն։ Ադրբեջանին առհասարակ պետք չեն հստակեցված պայմաններ, որոնք կխոչընդոտեն Ալիևին ու Էրդողանին հասնելու իրենց իրական ու վերջնական նպատակներին, իսկ այդ նպատակը հայտնի է՝ Հայաստանի ոչնչացումը։ Ալիևն ուզում է Հայաստանին ռեսուրսազուրկ անել, այսինքն՝ զրկել բոլոր հնարավոր լծակներից՝ կազմակերպելու ինքնապաշտպանությունը՝ որպես ազգ ու պետություն։ Ի՞նչ եք կարծում՝ նման մտածողությամբ առաջնորդվողը որևէ բան կստորագրի՞»,- հավելեց փորձագետը։

Հարցին՝ դիտարկելով ՀՀ արտաքին դիվանագիտական քաղաքականությունը, Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ո՞վ է ՀՀ-ի դաշնակիցը, Արմինե Ադբեկյանը պատասխանեց՝ Հայաստանը չունի դիվանագիտություն ու արտաքին քաղաքականություն։

«Վերջին 7 տարիների ընթացքում Փաշինյանի ջանքերով Հայաստանը կորցրել է իր բոլոր դաշնակիցներին՝ վերածելով նրանց թշնամու։ Այդ պատճառով, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, արտաքին աշխարհում Հայաստանի շահերի մասին լավագույն դեպքում խոսելու են որոշակի հասարակական կազմակերպություններ, որոնք նախկինում համագործակցել են ՀՀ իշխանությունների հետ, գիտեն՝ ինչ բան է  Հայաստանը, և ով է այստեղ ապրում։ Փաշինյանը նպատակաուղղված Հայաստանին զրկել է իր բոլոր դաշնակիցներից»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս