Բաժիններ՝

Մի խումբ ցմահ ազատազրկման դատապարտվածների դիմում-հորդորը ՀՀ իշխանություններին և ԶԼՄ-ներին

«Մենք`ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներս, արդեն իսկ հուսահատ կոչով դիմում ենք ՀՀ իշխանություններին և լրատվամիջոցներին` խնդրելով աջակցություն ցուցաբերել, որպեսզի գրեթե քսան տարիների ընթացքում տարատեսակ հալածանքների ենթարկված մարդկանց հանդեպ վերջապես կիրառելի դառնա օրենքի գերակայությունը, և գոնե մեկ անգամ մենք զգանք արդարության համը:
Խնդրում ենք լրատվամիջոցներին սևեռել իրենց ուշադրությունը և մշտապես բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ այն վերաբերում է մարդկային կյանքերին: Մեր խոսքը ուզում ենք ուղղել ՀՀ գլխավոր դատախազ պրն. Գևորգ Կոստանյանին:
Հարգելի պրն. Կոստանյան, ողջունելի է բարեփոխումներ իրականցնելու իշխանությունների կամքը.

Պետք է նշենք, որ Հայաստանում իրականացվում են դատաիրավական համակարգի բարեփոխումներ: Այս բարեփոխումների անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ հաճախ դատարանները կայացնում են ակնհայտ անարդար վճիռներ, ուստի կարիք կա բարձրացնել դատաիրավական համակարգի գործունեության արդյունավետության մակարդակը; Սակայն այս ընթացքում ինչու նախատեսված չեն քայլեր` ուղղված նախկինում թույլ տրված խախտումների բացահայտմանը և վերանայմանը: Կարծում ենք, որ ոչ մի բարեփոխում արդյունք չի ունենա, եթե չընդունվեն և հաշվի չառնվեն նախկինում թույլ տրված սխալները և բացթողումները:

Ցմահ ազատազրկում պատժատեսակն ամենախիստ ու ամենածանր պատիժն է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, հետևաբար այն նշանակելիս պետք է խիստ որոշակի տարբերակումներ լինեն: Մի մեջբերում անենք 1992թ.-ին ՄԱԿ-ի հանցագործության քրեական արդարադատության հանձնաժողովի կողմից ընդունված դեռ  №1992  որոշումից. «Ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հասարակության պաշտպանության համար և առավել ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»:

Մի համեմատություն և հիշեցում է անենք մինչև վերադառնալը բուն խնդրին: Շատ երկրներում սահմանադրությամբ արգելված է ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը: ՀՀ-ում ցմահ ազատազրկում նշանակելիս ոչ մի տարբերակում չի դրվել, հաշվի չեն առնվել մեղմացուցիչ  շատ հանգամանքներ. ցմահ են դատապարտվել մեկ հոգու սպանություն կատարած անձիք և կան քրեական գործեր, որտեղ հանցագործությանը մասնակից անձը անմիջապես սպանություն չի կատարել, բայց դատապարտվել է  ցմահ ազատազրկման: Խոսքը հատկապես վերաբերվում է նախկին օրենսգրքով մահապատժի դատապարտված, այնուհետև «ներման արժանացած» դատապարտյալներին:

Գաղտնիք չէ, որ քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ հնարավոր դատական սխալների հիմքով անդրադարձ է կատարվում ցմահների գործերին: Այդպիսի հնարավորություն էր ստեղծվել 2011թ.-ին, երբ ԱԺ-ն ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի 15 տարի առավելագույն տևողությամբ պատժաչափը փոխարինվեց 20 տարվա:

Գրեթե բոլոր դատապարտյալները դիմեցին դատարաններ, իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով`մտածելով, որ ցմահ ազատազրկման տեսանկյունից այս օրենքը հետադարձ ուժի սկզբունքով մեղմացում է, սակայն դատարանները մերժեցին` պատճառաբանելով, որ օրենքի խստացում է տեղի ունեցել, այլ ոչ մեղմացում: 2011թ.-ից մինչև հիմա ցմահ ազատազրկման է դատապարտվել մեկ հոգի: Վերցրեք ցմահ ազատազրկում պատժատեսակի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածը. արդյոք կա մեկ այլ եռամյակ, երբ ցմահ ազատազրկման է դատապարտվել մեկ հոգի. ի՞նչ է նշանակում սա, որ սպանությունները քչացե՞լ են:

Իհարկե ոչ, պարզապես դատավորներն ունեն 15 տարուց ավելի խիստ պատիժ տալու հնարավորություն մինչև 20 տարի. կարող ենք համոզվել դրանում` նայելով նախադեպերին, որոնք եղել են օրենքի ընդունումից հետո: Կան գործեր մեկ հոգուց ավել սպանությամբ և ավելի դաժան, քան շատ ցմահների քրեական գործերն են, որոնց վճիռները ցմահ չեն եղել, այլ համապատասխանաբար ցմահ չեն եղել, այլ  համապատասխանաբար 15-20 տարվա միջակայքում են:

Շատ իրավաբաններ անգամ դատախազներ այս հարցի շուրջ համակարծիք են, որ Դուք ունեք իրավասություն գործերի վերաբացման և պատիժների վերանայման առումով: Կարծում ենք, որ իրականացվող բարեփոխումների շրջանակներում հասունացել է ժամանակն անդրադառնալու ցմահ ազատազրկվածների խնդիրներին և հնարավոր բացթողումներին, որոնք ի հայտ են եկել ցմահ պատժատեսակի կիրառմանը զուգահեռ:

Հուսով ենք`մեր դիմումն անպատասխան չի մնա և Ձեր լիազորությունների սահմաններում կաջակցեք մեզ և մեր դատապարտված հարազատներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս