Հրայր Թովմասանը՝ Լևոն Զուրաբյանին. Երբ փորձում եք այստեղ անուններ տալ, ի՞նչ եք ուզում ասել, որ՝ էնքան ուժե՞ղ ենք, կարող ենք այս անունները տա՞լ
«Այսօր տարօրինակ զուգադիպությամբ մենք երկու օրենք ընդունեցինք, որոնք վերաբերում էին հեռուստատեսության գովազդային շուկային: Այստեղ նշվեց, որ գրեթե բոլորը պատկանում են Միքայել Մինասյանի քաղաքական թիմին: Հանրային հեռուստատեսութանը լրիվ պետական դոտացիայի ենթարկելու գաղափարին մենք քվեարկեցինք ձեռնպահ, որովհետև շատ լավ հասկանում ենք, որ դրա պատվիրատուն նույնպես Միքայել Մինասյանն է, իսկ նպատակն այն է, որ գովազդային շուկայում պտտվող փողերի այդ մասն ուղղվի Միքայել Մինասյանի կողմից ստեղծված գովազդահեռուստատեսային կայսրության սնմանը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ փորձագետների գնահատմամբ գովազդային շուկան կարելի է գնահատել տարեկան 20-25 մլն դոլարի սահմաններում: ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե գովազդային շուկայում 2013 թվականին իրականացվեց մի բարեփոխում Media Internatioanal Service անունով, որը, ըստ նրա, պատկանում է Միքայել Մինասյանին: Նա թվարկեց այն հեռուստաընկերությունների անունները, որոնք պատկանում են այս ընկերությանը, ապա շեշտեց, որ գովազդատուները գործարքները կատարում են Մ. Մինասյանին պատկանող ընկերության միջոցով, ուստի մենաշնորհացման աստիճանը հաստատուն տեմպերով աճում է: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում կառավարությունը՝ անընդունելի այս մենաշնորհը վերացնելու նպատակով:
Ի պատասպան ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե ինքը Լ. Զուրաբյանի հարցը լսելիս տպավորություն ստացավ, որ այսօր ոչ թե չորեքշաբթի է, ժամը 16:30՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օր, այլ՝ երեքշաբթի՝ պատգամավորների հայտարարությունների օր:
«Քաղակական հայտարարություններ կարող էիք երեկ անել, որովհետև ես կդժվարանամ ասել ավելին, քան երեկ ասել եմ: Երբ քաղաքական հայտարարություն եք անելու, կարող եք մամուլի ասուլիս հրավիրել, անել, ես կարծում եմ, որ այլ հարցեր կան, որոնք կարելի է այստեղ բարձրացնել: Երբ փորձում եք այստեղ անուններ տալ, այդ անուններով ի՞նչ եք ուզում ասել, որ՝ էնքան ուժե՞ղ ենք, կարող ենք այս անունները տա՞լ: Ինչո՞ւ են գովազդը սահմանափակել՝ ասել եմ երեկ, շարունակում եմ ասել, որ ես իմ տասը տարեկան երեխայի հետ հեռուստատեսություն նայելիս չկարկամեմ, պատասխանեմ իր հարցերին, որ հեռուստատեսությունը ձերբազատված լինի կախվածություն ստեղծող գովազդից: Էդ անուններ տալը… էդ նույնը անունը կարող ենք փոխել, ձեր անունը դնել այդտեղ, ոչինչ չի փոխվի դրանից»,- նշեց նա:
Լևոն Զուրաբյանն էլ արձագանքեց, նշելով. «Ես հասկանում է, որ երբ կառավարությունը պատասխան չի ունենում, ուղարկում է պատասխան տալու Հրայր Թովմասյանին, որը չի կարողանում ընկալել հարցիէ ությունը, ու չի կարողանում պատասխանել որևէ մեկին: Ես հանրայինի մասին չեմ խոսել, խոսել եմ փաստարկների մասին»:
Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց, թե ինքը տպավորություն է ստանում, որ Լ. Զուրաբյանը խոսում է խոսելու համար: «Ինձ մոտ տպավորություն է, որ երբ ոչինչ չեք ունենում ասելու, մի հատ թուղթ եք վերցնում, ու այստեղ փորձում եք Նախագահի անունը տալ՝ դրանով ցույց տալով, որ ինչ-որ բան գիտեք, կամ ինչ-որ բան եք կարողանում ասել: Որպես քաղաքացի կարող եք դիմել ՏՄՊՊՀ-ին, թե ի՞նչ գերիշխող դիրք ունի, ի՞նչ է արել, ո՞նց է եղել, հիմա այդ հարցը որ տալիս եք Կառավարությանը՝ ո՞ր լիազորությունների շրջանակներում եք պատասխան ակնկալում: Մի թուղթ վերցնել ու խոսել հենց էնպես, խոսել` խոսելու համար, Նախագահի անունը տալ, Նախագահի անդամների ընտանիքի անունը տալ, ի՞նչ եք ուզում դրանով, ասել, քաղաքական ի՞նչ օրակարգ եք ձևավորում»,- նետեց նախարարը: Նա նաև ասաց, որ եթե Լ. Զուրաբյանը չի հասկանում Կառավարության լիազորության ու ՏՄՊՊՀ տարբերությունը, ինքը կարող է դասախոսություն կարդալ նրա համար: